Քնի խանգարումը կարող է իրապես վնաս հասցնել առողջությանը: Քնի խանգարում ունեցող մարդիկ ավելի են հակված ճարպակալման, մեծ է դեպրեսիայի, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, իմպոտենցիայի ռիսկը:

Միջինում մարդը կարիք ունի ութժամյա քնի: Մարդն օրվա ընթացքում պետք է հոգնի այնքան, որպեսզի 15 րոպեի ընթացքում կարողանա քուն մտնել: Եվ պետք է քնի այնքան, որ առավոտյան 15 րոպեի ընթացքում արթնանա:

Ութ ժամից ավել քնելը ցանկալի չէ: Անքնությամբ ամենից հաճախ տառապում են այն մարդիկ, որոնք կարող են քնել այնքան, որքան ցանկանում են:

Քնի ավելի քան 50 տեսակի խանգարումներ կան: Դրանք կարող են վատացնել քնի որակը եւ մարդու մոտ քնկոտություն առաջացնել:
Սակայն մարմնի ջարդվածության եւ ցերեկը քնելու անհագ ցանկության պատճառ կարող է լինել նաեւ սեզոնային դեպրեսիան՝ պայմանավորված արեւային լույսի պակասով:

Գրասենյակային աշխատողները ձմռանը գրեթե միշտ գիշեր են տեսնում: Առավոտյան, երբ արթնանում են, դեռ մութ է, երեկոյան տուն գնալիս դարձյալ մութ է, իսկ գրասենյակը կարող է ընդհանրապես պատուհան չունենալ: Արեւային լույսի բացակայությունը եւ փակ տարածքի վատ լուսավորությունը նպաստում են գլխուղեղում տարատեսակ հորմոնների, մասնավորապես՝ սերոտոնինի, արտադրության նվազման, ինչն էլ, իր հերթին, առաջացնում է դեպրեսիա՝ թուլություն, հոգնածություն, ջարդվածություն, քնկոտություն:

Բացի այդ, սննդակարգը նույնպես կարող է պատճառ լինել քնի խանգարման: Ձմռանը մենք սովորաբար բազմազան չենք սնվում, որքան ամռանը: В խմբի վիտամինների եւ D վիտամինի, կալցիումի, մագնեզիումի եւ ֆոսֆորի պակասը կարող է վատացնել քնի որակը գիշերը, եւ ցերեկվա  ժամերին քնկոտություն առաջացնել:

Ի՞նչ անել

Առաջին հերթին, թողնել ամեն ինչ եւ գնալ հանգստանալու այնպիսի երկիր, որտեղ ամառային եղանակ է: Իհարկե, այս տարբերակը մեծամասնության համար իրական չէ: Այդ դեպքում ցանկալի է օրվա ընթացքում գոնե 40 րոպեով դուրս գալ զբոսանքի, եթե դա էլ հնարավոր չէ, ապա կարելի է գրասենյակում սպիտակ լույս արձակող լամպեր տեղադրել: Հենց այս կապտա-սպիտակ սառը երանգն է ուղեղն ընկալում որպես արեւային լույս, որը ճնշում է քնի հորմոնը՝ մելատոնինը, եւ խթանում սերոտոնինի արտադրությունը:

Ամեն օր միեւնույն ժամին արթնանալը նույնպես նպաստում է առողջ քնի ձեւավորմանը: Մոտ տասն օր շարունակ փորձեք միշտ միեւնույն ժամին արթնանալ՝ անկախ նրանից՝ լա՞վ եք քնել, թե՞ ոչ: Երբ ամեն անգամ քնում եւ արթնանում եք տարբեր ժամի, խախտվում է քնի ռիթմը, արդյունքում՝ գիշերը տառապում եք անքնությամբ, իսկ ցերեկը՝ քնկոտությամբ:


Աղբյուրը՝ Aif/Health