Երիկամի քաղցկեղը ուռուցքաբանական հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է երիկամային հյուսվածքի չարորակ գոյացություն։ Ինչպես ցանկացած չարորակ նորագոյացություն, տվյալ հիվանդությունը ևս հանդիսանում է լուրջ առողջապահական խնդիր։ Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում տարեկան 2 տոկոսով ավելանում է երիկամի քաղցկեղով հիվանդների թիվը։

Այս մասին այսօր խոսել ենք Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Մհեր Ջավախյանի հետ։

Հիվանդությունը բավականին տարածված է և տղամարդկանց մոտ այն ախտորոշվում է 2 անգամ ավելի հաճախ, քան կանանց մոտ։ Ի՞նչն է նպաստում հիվանդության առաջացմանը։

Երիկամների քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ որոշ երիկամի բջիջներ ենթարկվում են փոփոխությունների (մուտացիաների) ԴՆԹ մակարդակում: Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել, իսկ փոփոխությունները ստիպում են բջիջներին արագ աճել և բաժանվել:Երիկամների քաղցկեղի հաստատված ռիսկի գործոնները մի քանիսն են՝ ծխելը, ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը և ժառանգական գործոնը։ Երիկամների քրոնիկ անբավարարությունը բուժելու համար երկարատև դիալիզ ստացող մարդկանց մոտ երիկամների քաղցկեղի զարգացման ռիսկերը ևս ավելի մեծ են: Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը և հավելյալ քաշի առկայությունը պայմանավորում են երիկամի քաղցկեղի դեպքերի գրեթե 1/3-ը։

Ծխելը ռիսկի գործոններից մեկն է։ Ի՞նչպես է այն նպաստում հիվանդության զարգացմանը։

Առհասարակ սիգարետ ծխելը հանդիսանում է համար 1 քաղցկեղածին գործոնը բժշկությանը հայտնի գրեթե բոլոր ուռուցքային հիվանդությունների համար։ Սիգարետի այրման արդյունքում առաջացող ծուխը պարունակում է մոտ 5000 քիմիական միացություններ, որոնցից ավելի քան 100-ը հանդիսանում են քաղցկեղածիններ։ Տվյալ նյութերը  ներծծվում են արյան մեջ և բերում օրգանիզմի բջիջների ուռուցքային վերափոխման։

Պրոֆիլակտիկ ի՞նչ միջոցներ կարելի է կիրառել հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար։

Կանխարգելման համար ընդամենը հարկավոր է վարել առողջ ապրելակերպ։ Առավել արդյունավետ միջոցներն են ծխելը ամբողջությամբ ղադարեցնելը, ծայրահեղ դեպքում անցումը առանց այրման աշխատող այլընտրանքների, ինչպիսիք են նիկոտինային սպեղանիները, սփրեյները, ծամովի ծխախոտը կամ ծխախոտի տաքացման համակարգերը։ Այս այլընտրանքները ևս պարունակում են ռիսկեր, սակայն ավելի քիչ։ Կարևոր է նաև զբաղվել սպորտով և վարել ակտիվ կենսակերպ, որի արդյունքում կնվազի քաշը։ Պետք է սնվել առողջ և սահմանափակել կենդանական ճարպի օգտագործմումը։Այս քայլերը կնպաստեն քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցմանը։