Doctors.am-ը ներկայացնում է «Ուիգմոր Քլինիքի» մանկաբույժ  Հրաչուհի Ղազարյանի տեսակետը՝ ջերմիջեցնող դեղամիջոցների սխալ կիրառման վերաբերյալ:


Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է՝  ուղղված հիվանդության կամ վարակի դեմ:
Ջերմիջեցնող դեղամիջոց կիրառելիս պետք է հիշել, որ երեխայի ջերմության իջեցումը չի բուժում հիմնական հիվանդությունը, պարզապես նվազեցնում է բարձր ջերմությամբ պայմանավորված անհարմարությունը:

Ջերմիջեցնող դեղամիջոց երեխային անհրաժեշտ է տալ միայն այն դեպքում, երբ նրա ինքնազգացողությունը վատ է: Որոշ երեխաներ բարձր ջերմության ժամանակ կարող են ունենալ ջերմային ցնցումներ, սակայն պետք է նշել, որ ջերմիջեցնողների օգտագործումը չի կանխում ցնցման առաջացումը: Ջերմիջեցնող դեղամիջոցները պարունակում են կամ ացետամինոֆեն (պարացետամոլ), կամ իբուպրոֆեն: Մինչև վեց ամսական երեխաների շրջանում ջերմիջեցման նպատակով թույլատրվում է օգտագործել  միայն Ացետամինոֆեն պարունակող դեղամիջոցներ: Ավելի մեծ երեխաներին, որպես ջերմիջեցնող,  կարելի է տալ նաև Իբուպրոֆեն պարունակող պատրաստուկներ:

Մինչև 16 տարեկանը չի կարելի ջերմության բարձրացման ժամանակ օգտագործել Ասպիրին, քանի որ կարող է հանգեցնել խիստ վտանգավոր խնդրի՝ լյարդի ախտահարման:
Ջերմիջեցնողներ կարելի է օգտագործել ինչպես օշարակի, մոմիկի,  այնպես էլ հաբի ձևով` կախված երեխայի տարիքից:

Ջերմիջեցնող դեղամիջոցների անտեղի, սխալ օգտագործման կամ չարաշահման դեպքում կարող են առաջանալ վտանգավոր կողմնակի դրսևորումներ, որոնք կանխելու համար  խիստ  պարտադիր է դեղի ճիշտ դեղաչափի պահպանումը` կախված երեխայի տարիքից և քաշից:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
6 հունիսի, 2016թ.