CMS Ժամանակակից Վիրաբուժության Կլինիկա

Թեմա՝ կենտրոնի գործունեությունը. Ժամանակակից վիրաբուժություն. էնդոսկոպիան՝ որպես վիրաբուժության նախընտրելի մեթոդ. մանրամասնում է CMS Ժամանակակից Վիրաբուժության Կլինիկայի տնօրեն, բ.գ.թ. Արմեն Հախվերդյանը

Ե՞րբ է ստեղծվել բժշկական կենտրոնը: Ի՞նչ ծառայություններ է այն ներկայացնում: Ի՞նչ բաժանմունքներից է բաղկացած Ժամանակակից Վիրաբուժության Կլինիկան:

՛՛CMS՛՛-ը հիմնականում վիրաբուժությամբ զբաղվող բժշկական կենտրոն է: Կլինիկան գործում է 2007 թվականից. առաջիններից մեկն է Հայաստանում՝ ստեղծված արևմտյան լավագույն կլինիկաների օրինակով: Կենտրոնն աշխատում է վիրաբուժական հետևյալ ուղղություններով՝  պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, անոթային վիրաբուժություն, ԼՈՌ վիրաբուժություն, ուրոլոգիա, պրոկտոլոգիա, գինեկոլոգիա, ակնաբուժություն:

Մանրամասնե՛ք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում ժամանակակից վիրաբուժություն: Որո՞նք են վիրաբուժության այսօրվա պահանջները, չափանիշները:

Այսօրվա վիրաբուժության առաջին հիմնական պահանջն է վիրաբուժական և դիագնոստիկ ժամանակակից մեթոդների կիրառումը ,պացիենտին մաքսիմալ քիչ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելով՝ հասնել կյանքի որակի պահպանմանը կամ բարձրացմանը: Եթե նախկինում բժշկության՝ մասնավորապես վիրաբուժության առջև դրված էր խնդիր՝ փրկել կամ երկարացնել մարդու կյանքը, ապա այժմ՝ նաև ուշադրություն դարձնել կյանքի որակին, հնարավորինս պահպանել այն: Միայն շնչել-արտաշնչելը դեռևս ապրել չէ: Մարդու կյանքը բացի ֆիզիկական գործոնից, ունի նաև սոցիալական գործոն, և երբ անձը կորցնում է հասարակության մեջ իր դերը, խզվում է հաղորդակցությունը, մարդը դադարում է լինել ՛՛բանական էակ՛՛ (homo sapiens):  Իսկ ինչ վերաբերում է հնարավորինս քիչ տրավմատիզացիային, ասեմ, որ ժամանակի ընթացքում բավական զարգացել են ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդները, և այժմ շատ կարևոր է, որ վիրահատությունը չունենա դիագնոստիկ բնույթ, այլ լինի միայն բուժական:

Ճիշտ ախտորոշումը կարելի է համարել ճիշտ ճանապարհային քարտեզ, և սա է հենց լիարժեք բուժման նախապայմանը: Օրինակ՝ լեղապարկի վիրահատության դեպքում, բաց վիրահատության ժամանակ արվում է  10-12 սմ կտրվածք, հիվանդը մնում է հիվանդանոցային հսկողության տակ 3-7 օր,  բարձր տոկոս դեպքերում հանգեցնում է հետվիրահատական ճողվածքի, և այսպես սկսվում է կողմնակի բարդությունների օղակը: Նման դեպքում դժվար է խոսել կյանքի որակի մասին, իսկ բուժման լապարասկոպիկ մեթոդը թույլ է տալիս առանց հետվիրահատական ցավերի, վերքերի իրականացնել վիրահատությունը մեկ օրում:  Նաև կարևորում եմ անեսթեզիայի համար օգտագործվող դեղորայքը, սարքավորումները, դրանց որակակական հատկանշները: Այս կերպ կարող եմ ներկայացնել ժամանակակից վիրաբուժության պահանջները և չափանիշները:

Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն. ի՞նչ պահանջարկ ունի այսօր բժշկական այս ուղղությունը մեր երկրում: Էսթետիկ ո՞ր խնդիրների շտկումներով է զբաղվում կլինիկան: Ո՞րն է բժշկական այս ուղղության  արդիականության պատճառը:

Խնդրի արդիականության պատճառն այն է, որ մարդիկ ուզում են ավելի գեղեցիկ լինել, իրենք իրենց և շրջապատին ավելի դուր գալ: Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս մարդուն ազատվել իր բարդույթներից: Կենտրոնը զբաղվում է պրակտիկորեն բոլոր էսթետիկ շտկումներով: Այս ուղղությունն այսօր ստաբիլ պահանջարկ ունի, իհարկե , հաշվի առնելով փաստը, որ հայերն ավելի շատ են սիրում արտաքինին հետևել: 80% դեպքերում դիմում են քթի պլաստիկայի համար: Կենտրոնը պատրաստվում է կիրառության մեջ մտցնել նաև գերձայնային դանակը, ինչը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ եղանակով կատարել ստամոքսի ծավալի փոքրացում: Կարծում եմ, որ սա լավ առաջարկ է գիրության խնդիր ունեցող մարդկանց համար: Ինչպես գիտենք, նույն նպատակով կիրառվող ՛՛օղակների՛՛ մեթոդն արդեն արդիական չէ, քանի որ դա հանգեցնում է հետագա բավական լուրջ խնդիրների: Վիրահատության էնդոսկոպիկ տարբերակը հնարավորություն է տալիս խուսափել կտրվածքներից, քանի որ մարդը դիմում է հենց էսթետիկ շտկման համար:

Ի՞նչ դիրք ունի հայաստանյան պլաստիկ վիրաբուժությունը աշխարհում: Արդյո՞ք մեզ մոտ իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան վիրահատություններ: Որո՞նք են նորարարական մոտեցումները և նոր ձեռքբերումները :

Պլաստիկ վիրաբուժությունը շատ մեծ տեխնիկական պահանջներ չի ներկայացնում և կարելի է ասել, որ այստեղ իրականացվող վիրահատությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Այս դեպքում առավել կարևոր են վիրաբույժի մասնագիտական հմտությունները: Դժվարանում եմ ասել, թե աշխարհում ինչ դիրք ունի հայաստանյան պլաստիկ վիրաբուժությունը:

 Ի՞նչ սարքավորումներով, տեխնոլոգիաներով է աշխատում CMS-ը: Ովքե՞ր են այստեղ աշխատող մասնագետները (որակավորում, վերապատրաստումներ):

Կլինիկայի սարքավորումները եվրոպական և ամերիկյան արտադրության են: Նոր լապարասկոպիկ սարքավորումը Full HD ֆորմատով է, որը եզակի է Հայաստանում: Ունենք մոտ երկու հազար անուն սարքավորում՝ էնդոսկոպիկ, գերժամանակակից, HD ֆորմատի սարքավորումներ, ներվիրահատական թվային ռենտգեն սարքավորում (C-arm), գերձայնային նշտար` հարմոնիկ դանակ, ակնաբուժական /և ոչ միայն/ մանրադիտակ և այլն… Նորագույն սարքավորումները հնարավորություն են  տալիս իրականացնելու ավելի արդիական և հյուսվածքները խնայող վիրահատություններ:

Մենք խստորեն ենք վերաբերվում բժշկության մեջ նորամուծություն հանդիսացող մեթոդներին, քանի որ այս դեպքում չկա հեռակա արդյունք և զգուշությունն առավել մեծ պետք է լինի: Մեզ մոտ աշխատում են տարբեր վիրաբուժական պրոֆիլների գծով  քառասունից ավելի բարձրակարգ մասնագետներ՝ գիտությունների թեկնածուներ, դոկտորներ… Համագործակցում ենք Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, շուտով նաև Հնդկաստանից մասնագետների հետ :

Կլինիկան հիվանդներին աջակցություն է ցույց տրվում  նաև բուժում ստանալ այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք դեռևս հասանելի չեն Հայաստանում: Օրինակ՝ ռոբոտիկ վիրաբուժությունը, որը վիրաբուժության ամենաարդիական տեխնոլոգիան է  ամբողջ աշխարհում:

Մինչև վիրահատության ցուցումը, կենտրոնն իրականացնու՞մ է արդյոք բոլոր անհրաժեշտ ստուգումները, հետազոտությունները:

Ժամանակակից վիրաբուժության կյլինիկայում դիագնոստիկան կատարվում է ՛՛Էքսպրես՛՛ եղանակով, բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվում են հենց վիրահատության օրը, երկու ժամվա ընթացքում: Սոնոգրաֆիկ և դյուպլեքս հետազոտությունները հասանելի են նաև վիրահատական սրահում՝ 24ժամ: Մեր կլինիկայում մեծ ուշադրություն է դարձվում ախտորոշմանը: Չէ՞ որ  դրանից է կախված մարդու առողջությունը, եթե ոչ՝ կյանքը:

Վիրաբուժությունն ուրոլոգիայում,  գինեկոլոգիայում… Ո՞րն է կենտրոնի մոտեցումը բժշկական այս ուղղություններին:

Մեր քաղաքականությունն է՝ արդիականացնել բուժական մեթոդները, ինչը հնարավորություն կտա հնարավորինս փոքրացնել արևմտաեվրոպական և մեր բժշկության միջև եղած անջրպետը: Ցավոք, մոտակա ժամանակներս այն վերացնել անհնար է… Փորձում ենք  լապարասկոպիկ և էնդոսկոպիկ մեթոդներով կատարել վիրահատությունների շարք, որոնք ցավոք կատարվում են միայն բաց եղանակով` այդ թվում նաև ուղղված անպտղության բուժմանը:  CMS-ում գործում է լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ և լազերային վիրաբուժության կլինիկան, որը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Ռուբեն Հովհաննիսյանը, ով Հայաստանի հայտնի ուրոլոգներից է՝ մասնագիտացած լապարոսկոպիկ ուրոլոգիայի ոլորտում: CMS-ն իր ապագան կապում է վիրաբուժության հենց այս ասպարեզի հետ:

 

Ի՞նչ գնային քաղականանություն է  գործում կլինիկայում. մանրամասնեք, խնդրեմ, նաև բժշկական ապահովագրության պայմանները:

Սխալ կլինի ասել, որ մեզ մոտ ամենացածր գներն են: Սակայն ներկայացված պայմաններին, սարքավորումներին համապատասխան փորձում ենք հնարավորինս հստակ և հասանելի դարձնել գնացուցակը: Անհատական  մոտեցում ցուցաբերելով՝ երբեմն անում ենք որոշակի զեղչեր: Նաև ունենք պայմանավորվածություն  հայաստանյան մի քանի բանկերի հետ, որի միջոցով հնարավոր է երկու-երեք օրվա ընթացքում ձևակերպել վարկ ՝ առանց գրավի: Սա հնարավորություն է տալիս կլինիկայում բուժօգնություն ստանալ հասարակության լայն զանգվածներին: Համագործակցում ենք Հայաստանում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների հետ: Որոշ ընկերությունների  հետ ունենք լայնածավալ համագործակցության պայմանագրեր՝ բուժման հատուկ պայմաններով:  Մեր հիվանդների մոտ 60%-ն ունի բժշկական ապահովագրություն:

Անոթային վիրաբուժություն. վարիկոզ, թրոմբոֆլեբիտ… Բացի էսթետիկ տհաճությունից, առողջական ի՞նչ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել սրանք: Ինչպե՞ս է խնդիրը շտկվում վիրահատական միջամտությամբ:

Եթե մարդն ունի անոթային պրոբլեմ՝ վարիկոզ, տրոմբոֆլեբիտ, դա անպայման բուժական ցուցում ունի, քանի որ սրանց բարդությունները կարոց են լինել մահացու: Վիրահատությունն , իհարկե լուծում է նաև էսթետիկ խնդիրներ, սակայն այն իրականացվում է  իհարկե բուժական,  նաև կյանքի ցուցումներով:

ԼՕՌ վիրաբուժություն.

Այս դեպքում ևս կիրառում ենք վիրաբուժության էնդոսկոպիկ միջոցը: Օրինակ՝ հայմորիտի այս եղանակով վիրահատությունը օգնում է խուսափել դեմքի այտուցներից, հավելյալ մահճակալային օրերից: Բաց վիրահատության դեպքում մեռյալ զոնան խանգարում է տեսնել օրինակ ակնակապիճի պատը: Էնդոսկոպիան թույլ է տալիս մանրամասն տեսնել ողջ ընթացքը HD որակով:

Ո՞րն է կլինիկայի աշխատանքի կարգախոսը: Ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում կենտրոնի աշխատակիցները:

Մենք անչափ կարևորում ենք անհատական  մոտեցման գաղափարը, մարդկանց  համար մաքսիմալ հարմարավետության ստեղծումը: Հիվանդը պետք է գոհ դուրս գա կենտրոնից: Ունենք գրառումների, կարծիքների համար նախատեսված գիրք և հիվանդները ցանկության դեպքում կիսվում են իրենց կարծիքով, տպավորություններով, և ուրախ եմ ասել, որ մինչև այսօր դժգոհ հեռացող հիվանդ չենք ունեցել: Սա, կարծում եմ, բժիշկների և կենտրոնի աշխատանքի լավագույն գնահատականն է: Կարևորում եմ նաև , որ կենտրոնում աշխատող մասնագետները ևս գոհ լինեն աշխատանքային պայմաններից:

 

Աղբյուրը՝ Doctors.am

Հարցազրույցը՝ Ամալյա Գրիգորյանի