Կոնյուկտիվիտն (շաղկապենաբորբ) ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի՝ շաղկապենու բորբոքումն է, որն առաջացանում է աչքերի կարմրություն: Տարբերվում է կոնյուկտիվիտի երկու տեսակ.

  • սուր կոնյուկտիվիտ,
  • քրոնիկական կոնյուկտիվիտ:

Սուր կոնյուկտիվիտը սովորաբար ունենում է վարակային ծագում: Այն սկսվում է հանկարծակի և համարյա միշտ 2 աչքում միաժամանակ: Նկատվում են արցունքահոսություն, լուսավախություն, աչքերում` այրոցի, ծակոցի զգացում: Կոպերն ուռչում են, շաղկապենին այտուցվում է և խիստ կարմրում: Սկսվում է առատ թարախային արտադրություն, որը գիշերը հոսում է թարթիչների վրա, չորանում, և կոպերը կպչում են իրար: Հիվանդությունը հազվադեպ կարող է ուղեկցվել նաև հարբուխով և ընդհանուր խանգարումներով` գլխացավ, անքնություն, ջերմաստիճանի բարձրացում: Երբեմն ախտանշանները թույլ են արտահայտվում: Քրոնիկական կոնյուկտիվիտը սկսվում է աստիճանաբար, ուղեկցվում է կոպերում տհաճ զգացումով, այրոցով, ծակոցով: Հիվանդին թվում է, թե կոպերի տակ ավազահատիկ է ընկել: Երեկոյան նշված երևույթներն ավելի են ուժեղանում և խանգարում լույսի տակ աշխատելուն: Քրոնիկական կոնյուկտիվիտի դեպքում շաղկապենին քիչ է փոփոխվում, արտադրությունը քիչ է: Հիվանդության ընթացքը երկարատև է համառ, ապաքինումը հաճախ փոխարինվում է սրացմամբ: Շաղկապենու բորբոքման պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունն է օրինակ` հիվանդածին բակտերիաներ, վիրուսներ, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական գրգռիչներ:

Պետք է հիշել, որ բակտերիաների և վիրուսների հարուցած կոնյուկտիվիտը վարակիչ է:


Կոնյուկտիվիտի առաջացմանը նպաստում են

  • աղտոտված օդը,
  • փոշին, ծուխը, 
  • վատ լուսավորության պայմաններում կատարվող լարված տեսողական աշխատանքը,
  • քթի և կոկորդի հիվանդությունները,
  • ալկոհոլային խմիչքի չարաշահումը, 
  • ակնոցով չշտկված աչքի օպտիկական թերությունները (հատկապես հեռատեսությունը և աչքի տարաբեկությունը) և այլն:

Վարակիչ սուր կոնյուկտիվիտի ժամանակ վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաներով` անկողնային պարագաներ, սրբիչ, թաշկինակ և այլն: Հաճախ վարակը տարածվում է հիվանդ աչքից:


Բուժում

  • Սուր կոնյուկտիվիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի: Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանզի դա նպաստավոր պայմաններ կստեղծի մանրէների բազմացման համար, և անմիջապես կբորբոքվի նաև եղջերաթաղանթը: Աչքը կարելի է մաքրել եռացրած ու սառեցրած ջրով կամ թեյով թրջած բամբակով` աչքի արտաքին անկյունից դեպի քիթը: Սուր վարակիչ կոնյուկտիվիտի ժամանակ արդյունավետ են հակաբիոտիկները, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ:
  • Քրոնիկական կոնյուկտիվիտի բուժումը պետք է սկսել առաջացման պատճառների վերացմամբ: Աչքի տեսողական թերությունը շտկվում է ակնոցով: Տեսողական աշխարանքի ժամանակ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ աչքերն անհրաժեշտ է 5-10 րոպե հանգստացնել: Լավ արդյունք են տալիս բժշկի նշանակած տարբեր ցավազրկող դեղանյութերը` կաթիլների ձևով:

    Աղբյուրը՝ Doctors.am