Փոքր երեխաների ականջի ցավերից շատերը արտաքին կամ միջին ականջի բորբոքման կամ ականջը քթըմպանի հետ կապող լսողական փողի խցանման հետևանք են։ Եթե շտապ բուժում չձեռնարկվի, ապա ականջի հիվանդությունները վտանգավոր են. հնարավոր է, որ կուտակված թարախի պատճառով պատռվի թմբկաթաղանթը, կամ վարակը տարածվի դեպի քունքոսկր՝ առաջացնելով մաստոիդիտ։
Արտաքին ականջի բորբոքում
Արտաքին ականջի բորբոքում կարող է առաջանալ, եթե ականջը քերծվելու հետևանքով վարակ մտնի այնտեղ։
Ախտանիշները՝
- Ցավն ավելի է ուժեղաճում, երբ երեխան դիպչում է ականջին կամ պառկում է նրա վրա,
- կարմրություն կա լսանցքի շրջանում,
- ականջից արտադրություն կա,
- ականջի մեջ քոր է աոաջանում։
Բժշկական օգնություն
Շտապ բժշկի դիմեք, եթե ձեզ թվում է, թե երեխայի արտաքին ականջը բորբոքված է։
Ականջածծումբ
Երբեմն ականջների մեջ ականջածծումբ է կուտակվում, և ականջը «փակվում էե։ Եթե երեխայի ականջի մեջ ականջախցան է առաջացել, բամբակով զգուշությամբ մաքրեք արտադրությունը, բայց ոչ մի դեպքում մի փորձեք որևէ բանով ականջը մաքրել։ Եթե այդ էլ չօգնի, դիմեք բժշկի։
Ի՞նչ կարելի է անել
Ցավը թեթևացնելու համար երեխային իր տարիքին համապատասխան քանակությամբ պարացետամոլի օշարակ տվեք։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը հավանաբար կնշանակի հակաբիոտիկ պարունակող կաթիլներ կամ հակաբորբոքային կաթիլներ։ Ականջի մեջ կաթիլներ կաթեցնելիս օգտագործեք կաթոցիկը։ Պառկեցրեք երեխային կողքի վրա այնպես, որ հիվանդ ականջը լինի վերևում։ Կաթեցնելուց հետո այդ դիրքում դեռ մեկ րոպե էլ թող պառկած մնա։
Միջին ականջի բորբոքում
Այս հիվանդության դեպքում բորբոքվում է թմբկաթաղանթի հետևում գտնվող խոռոչը։ Սովորաբար վարակը այնտեղ է ընկնում կոկորդից։ Երեխաների եվստախյան փողը, որը միացնում է քթըմպանը միջին ականջի հետ, կարճ է լինում ու նեղ. այդ պատճառով վարակը նրա միջով շատ արագ է տարածվում։ Որպես կանոն, բորբոքումը միակողմանի է լինում։
Ախտանիշները՝
- Ականջի ուժեղ ցավ, որի պատճառով երեխան չի քնում,
- դեռ խոսել չիմացող ծծկեր երեխան լաց է լինում և տրորում ականջը,
- լաց, ախորժակի կորուստ և ընդհանուր տկարություն, սովորաբար մրսածությունից հետո,
- ջերմության բարձրացում։
Ի՞նչ կարելի է անել
1. Աշխատեք մեղմացնել ականջի ցավը։ Ջեռակի մեջ տաք (բայց ոչ եռման) ջուր լցրեք, փաթաթեք սրբիչով, և թող երեխան պառկի՝ ականջը դնելով նրա վրա։
2. Եթե ականջի ցավը շատ ուժեղ լինի, երեխային պարացետամոլի օշարակ տվեք։
3. Եթե նկատեք ականջից հոսող արտադրություն, մի՛ փորձեք հեռացնել այն կամ ինքնուրույն մաքրել լսանցքը, ուղղակի ցավոտ ականջը հենեք բարձին դրած թաշկինակի վրա այնպես, որ արտադրությունը դանդաղորեն դուրս հոսի, և չորացրեք թրջոցով։
Բժշկական օգնություն
Շտապ բժշկի դիմեք, եթե երեխայի ականջր ցավում է, կամ արտադրություն եք նկատում։
Ինչպե՞ս կանխել ականջի բորբոքումը
Ցուրտ եղանակին հետևեք, որ փոքրիկը չմրսեցնի իր ականջները։ Մրսեցնելու դեպքում օգտագործեք մենթոլ պարունակող կաթիլներ։ Այս միջոցր մաքրում է քթանցքերը՝ փոքրացնելով վարակի տարածվելը դեպի ականջը։
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը կքննի երեխային և համապատասխան բուժում կնշանակի։ Եթե թարախը հավաքվել է թմբկաթաղանթի հետևում, ապա նա դեղ կնշանակի, որը կօգնի թարախի արտահոսքին, իսկ եթե չօգնի, ապա հնարավոր է, որ վիրաբուժական միջամտության կարիք զգացվի։
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am