Երեխայի սոցիալական խաթարումների (սոցիապաթոգենեզի) ակունքները նախ պետք է փնտրել մանկության շրջանում, որոնք արտահայտվում են մանկական կամակորության, մանկական նեգատիվիզմի, մանկական ագրեսիայի տեսքով։ Դրանք իրար հետ փոխկապակցված են և աստիճանաբար մեկը վերաճում է մյուսի։

 


Կամակորությունը արտահայտվում է նրանում, որ երեխան ընդդիմանում, դիմադրում է մեծահասակների պահանջներին, չի լսում նրանց խորհուրդները և իր նպատակին է հասնում լացով, ոտքերի դոփյունով։ Հաճախ կամակորությունները վեր են ածվում վարքի սովորական ձեերի, որի օգնությամբ երեխան կարողանում է հասնել իր պահանջմունքների բավարարմանը։

 


Մանկական նեգատիվիզմը (անտեսում) պաշտպանական ռեակցիա (հակազդում) է այն արտաքին՝ մեծահասակների ազդեցությունների նկատմամբ, որոնք հակասում են երեխայի պահանջմունքների բավարարմանը։

Նեգատիվիզմը արտահայտվում է երեխայի գռեհկության կոպտության, կամակորության, ինքնամփոփության, հոգեբանական օտարացման (հեռացման) մեջ։

 


Մանկական ագրեսիան (հարձակում) այն ճնշող, բռնի գիտակցական կամ անգիտակցական գործողություններն են, որոնց նպատակը ուրիշին կամ ինքն իրեն վնասելն է։ Դա անհաջողության, ցանկալիին չհասնելու նեգատիվ պաշտպանական ռեակցիա է, որը երեխային օգնում է «դիմանալու և իր համար դժվար, կոնֆլիկտային իրավիճակներում և «ամեն գնով» (անկարգ վարքով, խեղկատակությամբ և այլն) հաստատել իրենը։

Վարքի այս դրսևորումները բնորոշ են շատ երեխաների (մեկի մոտ՝ մի քիչ ավել, մյուսի մոտ՝ մի քիչ պակաս), որը բնավ էլ չի նշանակում, որ հետագայում անձի վարքը անոմալ զարգացում կունենա։

Եթե դրանք ժամանակին չեն հաղթահարվում, ապա դառնում են բնավորության գիծ, անձնային որակ, ապա դառնում են հոգեբանական նպաստավոր պայման անձի սոցիալական խաթարումների համար։