Ներկայացնում է Fertility Center մարդու պտղաբերության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանը:
Ժամանակակից բժշկությունը ո՞ր դեպքերում է ամուսնական զույգի մոտ ախտորոշում անպտղություն:
Շատ դեպքերում պայծառ ապագա ունեցող ամուսինները անհանգստանում են, ընտանիքում առաջանում են բարդություններ, որոնք պայմանավորված են երեխայի բացակայությամբ: Ճակատագիրը կարող է դասավորվել տարբեր կերպ. ընտանիքը կարող է կազմվել երիտասարդ տարիքում կամ ոչ այնքան: Այդ իսկ պատճառով ընտանիքի պլանավորումը անհրաժեշտ է սկսել նախքան ամուսնանալը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ նորմալ է առաջին 1-2 ցիկլի ընթացքում անմիջապես չհղիանալը, քանզի հղիանալու հավանականությունը 100% չէ, այլ ընդամենը 25% յուրաքանչյուր փորձի համար: Ուստի անհանգստանալու կարիք կա այն ժամանակ, երբ զույգը կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում առանց պաշտպանվելու տեսնում է հղիության բացակայություն շուրջ 1 տարի:
Մինչև 1 տարի անհրաժեշտ է փորձել հղիանալ ինքնուրույն մեթոդով (oրացույցային հաշվարկ`սեռական հարաբերություն ունենալ օվուլյացիոն օրերին): Օվուլյացիոն օրերը կարելի է որոշել տնային պայմաններում`օվուլյացիոն թեստի միջոցով:
Հղիությունը պետք է պլանավորել բժշկի հսկողությամբ, եթե
- ունեք հավելումների քրոնիկական բորբոքում,
- դաշտանային ֆունկցիայի խանգարում,
- ենթարկվել եք տարատեսակ վիրահատւթյունների,
- ունեցել եք հղիության արհեստական ընդհատում,
- ունեցել եք արտարգանդային հղիություն:
Ինչպե՞ս է իրականացվում զույգի հետ առաջնային խորհրդատվությունը:
Անպտղության բուժումը երկար ճանապարհ է, ուստի անհրաժեշտ է այն անցնել զույգով: Անհրաժեշտ է, որ ամուսինը և կինը միասին լինեն առաջին այցելության ժամանակ:
Անպտղության պատճառները բազմազան են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, ուստի անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ, որ լինեք վստահ բուժման ընթացքում հաջողությունների հասնելու մեջ :
Առաջին իսկ այցին կարելի է ստուգել տղամարդուն, քանզի դա շատ ավելի հեշտ է: Անհրաժեշտ է միայն 3-5-օրյա սեռական հարաբերության դադար, և սերմի քննությունը պատրաստ է լինում 40-րոպեի ընթացքում:
Իսկ կնոջ հետազոտությունները կարող են փոքր ինչ երկար տևել քանի որ փուլայնություն են պահանջում:
- 1-ին փուլ` հորմոնալ հետազոտություն. ՖԽՀ. ԼՀ, ԴՀԷԱՍ, Էստրադիոլ, ԹՏՀ, ԱՄՀ, 17-օհ պրոգեստերոն , Պրոլակտին, Տեստոստերոն:
- 2-րդ փուլ` դաշտանային ցիկլի 2-րդ օրվանից անցնել ֆոլիկուլոմետրիայի, ուշադրություն դարձնելով լորձաթաղանթի վիճակին և անտրալ ֆոլիկուլների քանակին:
- 3-րդ փուլ`Դաշտանային ցիկլի 7-9- րդ օրերը անցնել հիդրոսալպինգոգրաֆիա /արգանդափողերի անցանելիության ստուգում/:
- 4-րդ փուլ `մանրէաբանական քսուք հեշտոցից,ՊԱՊ –թեստ, ինֆեկցիոն հետազոտություն Պոլիմերազային Շղթայակցված ռեակցիայի մեթոդով, ինչպես նաև որոշակի վիրուսների հետազոտություններ/Ցիտոմեգալովիրուս. Հերպես վիրուս/…
- 5-րդ փուլ`անհրաժեշտության դեպքում բուժիչ-ախտորոշիչ հիստերոսկոպիա, լապարասկոպիա:
Անհրաժեշտ է չմոռանալ ձեզ հետ վերցնել նախկինում հանձնած բոլոր հետազոտությունները:
Աղբյուրը՝ Doctors.am