Doctors.am-ի հյուրն է ռազմական բժիշկ, ընդհանուր վիրաբույժ, բուժծառայության կապիտան Կարեն Գրիգորի Գրիգորյանը:

Պատմեք խնդրում եմ, Ձեր գործունեության մասին: Վաղու՞ց է , ինչ ծառայում եք հայրենիքին՝ որպես ռազմական վիրաբույժ:

Զինվորական եմ 2000 թվականից, սակայն որպես վիրաբույժ ծառայում եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում շուրջ մեկ տարի: Արդեն հասցրել եմ ընտելանալ միջավայրին: Այսօր բավական ակտիվ գործունեություն են ծավալում բոլոր ռազմական վիրաբույժները: Ծանրաբեռնվածությունը բավական մեծ է: Միայն մեր հոսպիտալում իրենց ծառայություններն են մատուցում 4 ռազմական վիրաբույժներ:

Որքանո՞վ է այսօր հայ ռազմական բժշկությունը պատրաստ արտակարգ իրավիճակներին:

Արտակարգ իրավիճակներում բուժ օգնության ցուցաբերումը մեր հիմնական պարտականություններից մեկն է, ինչին մենք պատրաստվում ենք յուրաքանչյուր օր: Այսօր կարող եմ ասել, որ մեծ և վստահ քայլերով ռազմական բժշկություը, այդ թվում նաև վիրաբուժությունը, առաջ են ընթանում գրանցելով նոր հաջողություններ ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումերի պլանավորման և իրականացման գործում: Սրան զուգահեռ, առանց ավելորդ համեստության և մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հոսպիտալը զինծառայողներին զուգահեռ հասցնում է սպասարկել նաև մեզ դիմած յուրաքանչյուր քաղաքացու՝ Սիսիանից, Գորիսից, Կապանից և այլն՝ վայելելով նրանց վստահությունը: Ի դեպ, շնորհակալություն վստահության համար:

Ի՞նչ խնդիրներով են հաճախ դիմում ժամկետային զինծառայողները: Ի՞նչ խնդիրներ ունի այսօր զինվորը, կարիք ու՞նի արդյոք բժշկի կողմից նաև հոգեբանական աջակցության:

Զինվորների դիմելիությունը՝ պայմանավորված առողջական խնդիրներով, մեծ չէ, ինչին հասնում ենք, ինչպես արդեն նշեցի, կանխարգելիչ միջոցառումների ճիշտ պլանավորման և պատեհաժամ, որակյալ բուժօգնության ցուցաբերման միջոցով: Ցավոք սրտի, երբեմն պատահում են դեպքեր՝ զինծառայողը փորձում է հիվանդություն ձևացնել, ահա այստեղ է, որ առաջնային պլան է մղվում հոգեբանական օգնությունը: Այսօր մեր զինվորները, ինչպես և մենք, պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրը պատվով իրականացնել:

Ձեր պրակտիկայում, առիթ ունեցե՞լ եք աշխատել արտակարգ իրավիճակներում:

Այո, իհարկե: Նման դեպքեր հաճախ են պատահում՝ հաշվի առնելով , որ սա զինվորական ծառայություն է և առաջին բուժօգնություն ցուցաբերելու դեպքերը քիչ չեն: Հաճախ դեպքեր են լինում նաև, որ պահանջում են թիմային աշխատանք: Նման իրավիճակներին մենք պատրաստվում ենք զորավարժությունների, պարապմունքների ամենօրյա գործունեության ընթացքում՝ ձեռք բերելով նոր հմտություններ: Հոսպիտալում բժիշկների մե՞ծ թիմ է աշխատում: Այո, մեծ և բազմապրոֆիլ թիմ, և թիմի համալրումը կրում է շարունակական բնույթ:

Ինչպիսի՞ իրավիճակ է սահմաններում: Հաճա՞խ եք մեկնում այնտեղ բուժզննումների նպատակով:

Սահմաններում ամեն բան կազմակերպված է էլ ավելի մեծ զգոնությամբ: Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի հատուկ պատրաստվածությամբ զինծառայողներ, ովքեր տիրապետում են առաջին բուժօգնության կանոններին, իսկ առավել ռիսկային դիրքերում հերթապահում են բժիշկներ: Մեր բոլոր զինծառայողները զորամասերում անցնում են բժշկական դասընթացներ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես առաջին բուժօգնության կանոններին տիրապետելուն:

Ըստ Ձեզ, զորամասային բժիշկներն ինչպիսի՞ մասնագիտական որակներ ունեն: Արդյո՞ք նրանք ևս անցնում են վերապատրաստումներ, տիրապետում են ժամանակակից մոտեցումներին:

Զորամասային բժիշկները մեզ հետ մշտապես համագործակցության մեջ են, բավական հաճախ մենք մեկնում ենք զորամասեր՝ տեղում ցուցաբերելու անհրաժեշտ խորհրդատվությունը և բուժօգնությունը, միասին կազմակերպում և իրականացնում ենք անձնակազմի բուժ. զննություն: Կարող եմ ասել, որ նրանք ունեն բավական բարձր գիտելիքներ և լիարժեք պատրաստվածություն՝ հաղթահարելու իրենց առջև դրված խնդիրը:

Ընդհանուր ռազմական քաղաքականության մեջ ո՞րն է ռազմական բժշկության դերը:

Ռազմական բժշկությունը կարևորագույն դեր ունի՝ իհարկե ինչպես հիվանդների բուժման, այնպես էլ կանխարգելման հարցում: Կատարվում են ծավալուն աշխատանքներ, որպեսզի տարեց տարի նվազի հիվանդացությունը: Աշխատանքներ են իրականացվում նաև բուժման տևողությունը կրճատելու ուղղությամբ, իհարկե, ոչ որակի հաշվին: Մեր կարգավիճակում գտնվող պետության համար խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր զինվոր, ով ունի որոշակի աողջական խնդիրներ, շուտ առողջանա և շարք վերադառնա:

 

Որոշակի առողջական խնդիրներով զորակոչված զինվորների նկատմամբ կա՞ արդյոք հատուկ ուշադրություն, հսկողություն:

Նման զինծառայողները գտնվում են մշտական բժշկական հսկողության ներքո: Խնդիրը կարգավորվում է հատուկ հրամաններով: Նրանք մշտապես հսկողության տակ են գտնվում ինչպես բուժ անձնակազմի, այնպես էլ հրամանատարության կողմից, պարբերաբար ենթարկվում են բուժհետազոտությունների զորամասային և հոսպիտալային օղակներում: Նրանց համար նախատեսված են ծառայողական պարտականությունների որոշակի սահմանափակումներ՝ ելնելով ունեցած առողջական խնդիրներից:

Կարելի՞ է ասել, որ զինվորը բժշկական ավելի մեծ հսկողության տակ է գտնվում զորամասում, քան կարող էր լինել քաղաքացիական կյանքում:

Այո, վստահ այդպես է: Ցավոք, մեծ թվով զինապարտներ իրենց առողջական խնդիրների մասին տեղեկանում են զինվորական կոմիսարիատներում՝ պլանային բուժզննումներ անցնելիս:

Ի՞նչ կմաղթեք զինծառայողներին, ռազմական բժիշկներին:

Մեծ ցանկությունս է, որ բանակում տիրի առողջ մթնոլորտ, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյահոգեբանական առողջության տեսանկյունից, և այս հարցում իհարկե իրենց տեղն ունեն նաև ռազմական բժիշկները: Զինվորներից յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է տարվում՝ հայրենասիրական, հոգեբանական…

Բոլոր զինծառայողներին մաղթում եմ խաղաղություն, անամպ երկինք, թող որ մեր բոլոր ջանքերն ուղղված խաղաղության պահպանմանը ունենան պրոֆիլակտիկ բնույթ, մեր հրանոթներն ու արկերը որոտան միայն զորավարժանքների ժամանակ, իսկ անհրաժեշտության դեպքում, իհարկե, պատրաստ ենք պաշտպանել մեր սահմանների անառիկությունը, ինչը, ոչ վաղ անցյալում, կրկին ապացուցեցինք անորակ արկածախնդիրներին: 

 

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան

Աղբյուրը՝ Doctors.am