Քանի որ դուրս հրելու ռեֆլեքսն այդ հասակում դեռ լրիվ չի անհետացել, դուրս ցցված լեզուն խանգարում է շրթունքները պինդ սեղմելուն, ու հեղուկի զգալի մասը լեզվի վրայից, բերանի անկյուններից դուրս է թափվում: Շատ երեխաներ մինչև 1 տարեկան հասակը չեն կարողանում բաժակը պինդ սեղմել շուրթերով, այդ պատճառով փոքրիկին կերակրելը դժվար է ու անհարմար: Երեխան ուսումնասիրում է բաժակը, խաղում, գցում գետին: Կերակրման ժամանակ անախորժություններից խուսափելու համար պետք է հիշել`
- եթե խմելիս երեխան շատ է թափում, պետք է նրան հատուկ բաժակ տալ` պինդ փակվող կափարիչով և ոչ երկար ծորակով,
- օգտագործել երկու բռնակով բաժակ, որ երեխան պինդ բռնի երկու ձեռքով,
- պետք է երեխայի վզին կապել լայն, փափուկ, լավ ներծծող գոգնոց,
- բաժակը կիսատ լցնել:
Երբ վարժեցնել բաժակին
Հնարավոր չէ հաստատ ասել, թե որ հասակում է պետք երեխային վարժեցնել բաժակից խմելուն: Նույնիսկ նորածնին կարելի է բաժակից խմել սովորեցնել: Եթե երեխային 5-6 ամսական հասակից են սովորեցնում բաժակից խմել, ուրեմն պետք է սկզբում նրա փոխարեն բռնել բաժակը: Բաժակի եզրը հպելով փոքրիկի շուրթերին` 1-2 կաթիլ կաթ պետք է կաթեցնել նրա բերանը, ու սպասել, որ կուլ տա: Պետք է ուշադիր հետևել փոքրիկին, եթե նա կշտացել է ու այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում, չպետք է համառել: 6-8 ամսական երեխաներն արդեն նստում են ինքնուրույն, ձեռքերին չեն հենվում, դա նրանց ինքնուրույնության << Ես ինքս >> շրջանն է ու կարելի է օգտագործել երեխայի այդ հմտությունը:
Շատ մայրեր նախընտրում են երեխային շշով չկերակրել, կրծքից անմիջապես անցնում են բաժակի, և դա ավելի ճիշտ է: Եթե 1 տարեկան երեխան չի ուզում բաժակից խմել, իսկ մայրն ուղում է կրծքից կտրել, անցումը պետք է հետաքրքիր կազմակերպել, որպեսզի նա հետաքրքրություն դրսևորի և հաղթահարի բաժակի նկատմամբ ունեցած անբարյացակամությունը: Պետք է նրան, որպես խաղալիք, պլաստմասսայից բաժակ տալ, ցույց տալ թե մեծերն ինչպես, ինչպիսի հաճույքով են խմում բաժակից: Երեխայի դիմաց բաժակ պետք է դնել, ու երբ մայրը վերցնի բաժակը, նա էլ նույնը կանի:
Ինչ խմել
6 ամսական հասակից, բացի լիարժեք հավելյալ սննդից, երեխան պետք է նաև լիարժեք ըմպելիքներ ստանա: Պետք է սկսել ջրախառն հյութերից: Խորհուրդ չի տրվում երեխաներին շատ մրգահյութ տալ: Հյութերի կալորիականությունը բարձր է, բայց պակաս սննդարար են քան մրգերը, քանի որ առավել սննդարարը մրգերի փափուկ մասն է: Փոքրիկը կարող է շատ հյութ խմել, բայց չհագենալ: Պետք է սկսել խնձորի, տանձի կամ խաղողի հյութերից: Ճիշտ է բանջարեղենի հյութերն ավելի օգտակար են, սակայն երեխաները դրանք չեն սիրում:
Առաջին կաթնամթերքները
9-12 ամսական երեխաներին, նախքան կովի կաթ տալը, եթե նրանք կաթնաթերքների նկատմամբ ալերգիա չունեն, կարելի է կերակրել ուրիշ կաթնամթերքներով: Օրինակ` << Նարինե >>, յոգուրտ, մածուն, պանիր, կաթնաշոռ: Յոգուրտի և մածունի մեջ կան նույն սննդարար նյութերը, ինչ կաթի մեջ, բայց կան նաև որոշակի օգտակար մանրէներ: Դրանք մերում են կաթը, օժանդակում լակտոզայի տրոհմանը ավելի պարզ շաքարների, որոնք ավելի հեշտ են յուրացվում օրգանիզմում: Այդ պատճառով էլ երեխայի աղիքային համակարգը չի խախտվում: Բացի դրանից, յոգուրտում, մանրէների ազդեցության տակ պակասում է ալերգենների քանակը: Շատ երեխաներ 9 ամսական հասակից սիրով են յոգուրտ խմում:
Գիրուկ երեխաներ
1 տարեկան հասակում արհեստական սննդով կերակրվող երեխաներից շատերն օրական խմում են 1 լիտր կաթնային խառնուրդ, իսկ նրանց սննդի մյուս կեսը պինդ կերակուրն է, և սովորաբար այդ երեխաները գիրանալու հակում ունեն: Կրծքի կաթով կերակրվող երեխաներից շատերը ցանկացած պահի պատրաստ են կուրծք ծծել և հրաժարվում են ուրիշ սննդից: Ահնահգստանալու ոչ մի պատճառ չկա, քանի որ 6 ամսական հասակից սկսած` կրծքի կաթը գրեթե չի վերածվում ճարպի: Հենց փոքրիկն սկսի քայլել, ավելորդ ճարպը կանհետանա: