Կերատոկոնուսը հաճախ հանդիպող ակնաբուժական խնդիր է, որի դեպքում առանցքային կարևորություն ունեն վաղ ախտորոշումն ու բուժումը։ Այս մասին զրուցել ենք Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի ակնաբույժ Արաքս Դավթյանի հետ։ 

-Ի՞նչ է կերատոկոնուսը և որքա՞ն հաճախ է հանդիպում Հայաստանում։

-Կերատոկոնուսը հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը փոխում է իր ձևը, արտափքվում է՝ դառնալով կոնաձև, հանգեցնելով անկանոն աստիգմատիզմի զարգացմանը։ Սովորաբար հիվանդությունը սկսվում է 14-15 տարեկանից, արագ պրոգրես է ապրում մինչև 30-35 տարեկանը, որից հետո հիմնականում պրոգրեսը դանդաղում է կամ հիվանդության զարգացումը դադարում է։ Հայաստանում այս խնդիրը բավականին հաճախ է հանդիպում՝ ի տարբերություն Ամերիկայի: 

Կերատոկոնուսի առաջացման վրա ազդող գործոններից է աչքերը տրորելը։ Եթե նույնիսկ նայենք վիճակագրությանը, մենք ավելի շատ բուժառուներ ունենք Գեղարքունիքի մարզից, որտեղ բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, հաճախ է հանդիպում գարնանային կատարը, որի դեպքում առաջանում է քոր և պացիենտները հաճախ տրորում ու քորում են աչքերը։

Նշեմ, որ կերատոկոնուսի դեպքում հակացուցվում է տրորել աչքերը, քանի որ այն հիվանդության զարգացմանը նպաստող գործոն է։

-Ո՞ր ախտանշանները կարող են հուշել կերատոկոնուսի մասին։

-Մարդը կարող է նկատել, որ տեսողության հետ կապված խնդիր ունի, բայց հստակ հասկանալ դա կերատոկոնուս է, թե այլ հիվանդություն, հնարավոր է պարզել հետազոտության ժամանակ։ Ընդ որում, կերատոկոնուսի առաջին փուլում բուժառուն նույնիսկ կարող է առանձնապես գանգատներ չունենալ։

Հետազոտությունների օգնությամբ՝ մասնավորապես եղջերաթաղանթի տոպոգրաֆիայի մենք կարող ենք բավականին ճշգրիտ կերպով հասկանալ գործ ունենք կերատոկոնուսի հետ, թե ոչ։

-Բուժման ի՞նչ տարբերակներ կան կերատոկոնուսի դեպքում։

- Կերատոկոնուսի բուժումը պայմանականորեն կարող ենք բաժանել երկու մասի։ Բուժում, որը կանգնեցնում է պրոցեսը և բուժում, որը բարձրացնում է տեսողությունը։ Լավագույն ստանդարտը ամբողջ աշխարհում համարվում է քրոսլինքինգ (cross-linking) միջամտությունը, որը կանգնեցնում է հիվանդության զարգացումը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ միջամտությունը հնարավոր է իրականացնել մինչև կերատոկոնուսի որոշակի փուլերը։ 3-րդ և 4-րդ փուլերում, երբ եղջերաթաղանթը շատ է բարակում քրոսլինքինգը կարող է վնասակար ազդեցություն ունենալ, այս դեպքում իրականացվում է եղջերաթաղանթի փոխպատվաստում։

-Կա՞ տարիքային սահմանափակում քրոսլինքինգի իրականացման համար։

-Հստակ  տարիքային սահմանափակում չկա, սակայն պետք է հաշվի առնել, որ հիմնական պրոգրեսը մինչև 30-35 տարեկանն է, ուստի այս տարիքային միջակայքում հայտնաբերված կերատոկոնուսի դեպքում ցուցված է կատարել քրոսլինքինգ։ Քիչ դեպքերում, բայց եթե այս միջամտությունից հետո նկատվում է հիվանդության պրոգրես, ապա հնարավոր է իրականացնել կրկնակի քրոսլինքինգ։

 

-Նշեցիք, որ կերատոկոնուսի բուժման մյուս տարբերակը փոխպատվաստումն է։ Կմանրամասնե”ք, թե ինչ պրոցես է սա։

-Փոխպատվաստումը դոնորից վերցված հյուսվածքի փոխպատվաստումն է ռեցիպիենտին։ Կերատոկոնուսի պարագայում փոխպատվաստման օգնությանը դիմում ենք վերջին փուլում, երբ այլևս չունենք տարբերակներ հիվանդին օգնելու համար։

Հնարավոր է փոխպատվաստել ինչպես ամբողջական եղջերաթաղանթը իր բոլոր շերտերով, այնպես էլ նրա շերտերի մի մասը։ Իհարկե, ինչպես փոխպատվաստման, այնպես էլ քրոսլինքինգի իրականացումից հետո բուժառուները մշտապես գտնվում են մասնագետի հսկողության տակ։ 

-Իսկ ի՞նչ կարող ենք առաջարկել պացիենտներին տեսողության բարձրացման համար։

-Սկզբնական շրջանում բուժառուն կարող է կրել ակնոց կամ փափուկ կոնտակտային ոսպնյակներ, սակայն երբ ունենք  արտահայտված անկանոն աստիգմատիզմ՝ որպես կերատոկոնուսի հետևանք, բուժառուներին կարող ենք առաջարկել սկլերալ լինզաներ։ Դրանք հատուկ չափերի մեծ լինզաներ են, որոնք բավականին մեծ մակերես ունեն, եղջերաթաղանթից մի փոքր առաջ են տեղակայվում և բավականին բարելավում են տեսողությունը։ Դրանք 18 ամսվա համար նախատեսված լինզաներ են։ Սկլերալ լինզաները համարվում են «ոսկե ստանդարտ» կերատոկոնուսի դեպքում, որը ներկայումս կիրառվում է բժշկության մեջ։

- Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնում հնարավո՞ր է իրականացնել կերատոկոնուսի ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ բոլոր փուլերը։

-Այո, կենտրոնում կան ախտորոշման բոլոր հնարավորությունները, ինչպես նաև կարող ենք իրականացնել  քրոսլինքինգ միջամտությունը, սկլերալ լինզաների ընտրությունը և այլն։