Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը համեմատում է՝ կեռատոկոնուս հիվանդության դեպքում հիվանդն աշխարհը տեսնում է կարծես ծուռ հայելու միջից: Այն ուղղելու տարբերակը բժիշկները գտել են: Այսօր աշախրհը կիրառում է կերարինգ կոչվող վիրահատությունը: Ելենա Մալայանը հպարտանում է՝ իր ավելի քան 50 հիվանդները, որոնք տարիներ առաջ լավ տեսնելու մասին նույնիսկ երազել չէին կարող, այսօր դեն են նետել ակնոցը: Կերարինգը ակնաբուժության մեջ հեղափոխական վիրահատություն է, քանի որ հիվանդն ամբողջ կյանքում այլեւս ակնոց դնելու կարիք չի ունենում:

- Այն շտկող մեթոդ է եւ արդեն 4 տարի է՝ կատարվում է Հայաստանում: Բացի այն, որ այս վիրահատությունը կանխում է կեռատոկոնուս հիվանդության զարգացումը, այն նաեւ օգնում է ազատվել ակնոցից: Սա շատ կարեւոր է, քանի որ կեռատոկոնուսի դեպքում հնարավոր չէ կատարել լազերային վիրահատություն: Այսինքն, մի կողմից օգնում է կանխել հիվավանդության զարգացումը, մյուս կողմից՝ լավացնում տեսողությունը, - ասում է բժիշկը:

Կեռատոկոնուսը գրեթե մշտապես ուղեկցվում է կարճատեսությամբ կամ աստիգմատիզմով: Սակայն այս հիվանդներին կատարել լազերային վիրահատություն, որպեսզի տեսողական այս խնդիրները շտկվեն՝ արգելվում է: Ստացվում է, որ նրանք դատապաևտված էին մշտապես ակնոց կրել: Սակայն կերարինգ կոչվող վիրահատությունը նրանց օգնում է աշխարհը տեսնել առանց ապակու:

- Կերարինգը՝ հատուկ օղակների տեղադրումը մեծ քայլ է կեռատոկոնուսի բուժման մեջ: Սակայն պետք է նշեմ, որ այն շատ անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է, քանի որ արվում է կեռատոկոնուսով ոչ բոլոր հիվանդներին: Կան եւ տարիքային սահմանափակումներ, եւ հիվանդության ծանրության աստիճաններ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ նույն մարդու երկու աչքերը թեեւ ունեն միեւնույն խնդիրը, սակայն կերարինգ արվում է մի աչքին, մյուսին՝ ցանկալի չէ, - պատմում է Ելենա Մալայանը:

Բժիշկը խոստովանում է՝ այս հիվանդության դեպքում այսօր սա աշխարհում կիրառելի ամենաարդյունավետ մեթոդն է:

Այն շատ կանխատեսելի վիրահատություն է, քանի որ բացառապես բոլոր դեպքերում մենք գիտենք, թե ինչպես է լինելու ելքը, քանի՞ տոկոսով է վերականգնվելու տեսողությունը, քանի՞ տոկոսով կնահանջի հիվանդությունը: Օղակը պատրաստված է կոշտ նյութից, որը տեղադրվում է եղջերաթաղանթի շերտի մեջ: Հենց այն հատվածում, որտեղ հիվանդությունն ավելի զարգացած է:

Կեռատոկոնուսի դեպքում աչքի առաջին թաղանթը՝ եղջերաթաղանթը կորություն է ստանում: Օղակը տեղադրվում է ամենակորացած հատվածում ու ստիպում, որ այն տափակի եւ միաժամանակ պաշտպանում է բարակող հյուսվածքը:

-Կերարինգի գլխավոր առավելությունն այն է, որ այն եկավ հանելու հիվանդի աչքերից ակնոցը: Իսկ մինչեւ հիմա մենք լուրջ զարգացում ենք ունեցել կեռատոկոնուսի բուժման առումով: Տարիներ առաջ, երբ մենք ախտորոշում էինք այս հիվանդությունը՝ պարզապես անզոր էինք : Կար միայն մեկ տարբերակ՝ հսկել հիվանդին, իսկ բարդացած դեպքերում կատարել եղջերաթաղանթի փոխպատվաստում, որը բարդ գործողություն է և Հայսատանում կատարվում է միայն մեր Կենտրոնում: Երբ դեռ ներդրված չէր կերարինգը, 9 տարի առաջ մենք սկսեցինք կիրառել մեկ այլ մեթոդ, որը օգնեց կանխել հիվանդությունը: Այն կոչվում է քրոսլինքինգ, - պատմում է բժիշկը:

Ելենա Մալայանը հպարտանում է՝ հենց այս միջամտությունների շնոհիվ է, որ վերջին տարիներին եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքերը պակասել են, քանի որ հիվանդությունն իր գագաթնակետին չի հասնում:

- Սա այսօր աշխարհին ընդունելի բուժման տարբերակներն են ու մեր կենտրոնում մենք այն իրականացնում ենք ժամանակակից բժշկությանն ընդունելի չափանիշներով։ Կեռատոկոնուսը դեռեւս այլ բուժում չունի ոչ մի երկրում։ Իսկ այս երկու միջամտությունները մեզ բուժական մեծ հնարավորություններ են տալիս, - ասում է Ելենա Մալայանը:

Վիրահատությունից րոպեներ անց հիվանդի համար սկսվում է այլ կյանք: Հաջորդ օրն արդեն նա կարող է անցնել իր սովորական կյանքի ռիթմին՝ ընդմիշտ մոռանալով աշխարհին թեք նայելու մասին: