2024թ. հոկտեմբերի 5-ին Երևանում կայացավ «Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողով»-ը, որի կարևորագույն իրադարձություններից էր ճանաչված ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսի դասախոսությունները ռևմատոլոգիայի նորագույն մեթոդների վերաբերյալ։ Պրոֆեսորը երևան էր ժամանել «Վարդանանց» բժշկական կենտրոնի հրավերով։
«Շատ հաճելի է Երևանում գտնվելը: Իմ թեման սպոնդիլոարթրիտն է: Դա մեջքի ցավն է, մի գանգատ, որ չափազանց տարածված է ընդհանուր բնակչության, և հատկապես երիտասարդների շրջանում, և մենք փորձում ենք իրազեկել ընտանեկան բժիշկներին, ռևմատոլոգներին, ռադիոլոգներին, թե ինչպես վաղ ախտորոշել այս հիվանդությունը և սկսել բուժումը»,-իր խոսքում նշեց Բարալիակոսը։
Պրոֆեսոր Բարալիակոսը գլխավորում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնը (Գերմանիա), EULAR-ի՝ Ռևմատիզմի դեմ պայքարի ռևմատոլոգիական լիգայի ընտրված նախագահն է։ Նա այժմ ընդգրկված է բոլոր հեղինակավոր ռևմատոլոգիական ամսագրերի խմբագրական կազմում։
Բարալիակոսը հանդես եկավ դասախոսությունների շարքով՝ նվիրված ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդներին։ Հայ մասնագետները բացառիկ հնարավորություն ստացան ծանոթանալու գիտական նոր բացահայտումներին և պրոֆեսորի կլինիկական փորձին։
«Կարևոր է հաշվի առնել, որ սպոնդիլոարթրիտը իրականում մեծահասակների հիվանդություն չէ ինչպես հաճախ կարծում են ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում: Մենք խոսում ենք երիտասարդ տղամարդկանց մասին, որոնք երբեմն անգամ ի վիճակի չեն աշխատանքի գնալ: Նրանք ունեն խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է վաղ ախտորոշում և վաղ բուժում: Եվ այս բոլոր քննարկումների առանցքային թեման այն է, թե ինչպես կրթել ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին, գուցե նույնիսկ օրթոպեդներին և, իհարկե ռևմատոլոգներին հիվանդության վաղ փուլերում ճիշտ ախտորոշման ուղղությամբ: Շատ հետաքրքիր հանդիպում է, ունենք մեծ քանակի մասնակիցներ, և ես հույս ունեմ, որ այս միջոցառումը ապագայում հիվանդությունը վաղ հայտնաբերելու գործում իր ներդրումը կունենա»,-հավելեց պրոֆեսորը։
Քսենոֆոն Բարալիակոսի այցի արդյունքում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը պլանավորում է երկարատև համագործակցություն, ներառյալ՝ փորձի մշտական փոխանակում և բարդ կլինիկական դեպքերի վերաբերյալ հեռահար խորհրդատվությունների իրականացում։
Սա հնարավորություն կտա կենտրոնին շարունակաբար կիրառել ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման միջազգային փորձը՝ հաշվի առնելով, որ «Վարդանանց»-ում արդեն իսկ հաջողությամբ ներդրված է ծառայությունների համակարգ, որտեղ յուրաքանչյուր փուլ՝ սկսած հետազոտությունից, ախտորոշումից մինչև բուժում, իրականացվում է մեկ վայրում՝ ապահովելով բուժման արդյունավետությունն ու բուժառուների հարմարավետությունը: