Մարտի 14-ին Երևանում կայացավ Doctors.am-ի նախաձեռնած «Սրտի առողջություն․ միջդիսցիպլինար մոտեցումներ» խորագրով առաջին մասնագիտական կոնֆերանսը, որը մեկ հարթակում համախմբեց առողջապահության ոլորտի տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներին։

Կոնֆերանսի կարգախոսն էր՝ «Սրտի առողջությունը սկսվում է թիմային բժշկությունից», ինչը ամբողջությամբ արտացոլում էր միջոցառման հիմնական գաղափարը՝ բժշկության մեջ լավագույն արդյունքները հնարավոր են միայն համագործակցության և համատեղ մտածողության միջոցով։

Կոնֆերանսի խոսնակ, «Առաջին համալսարանական հիվանդանոց»-ի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Հմայակ Սիսակյանը իր ելույթում ընդգծեց, որ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածված խնդիրներից մեկը։

«Այսօրվա կոնֆերանսի նպատակը ևս մեկ անգամ շեշտադրել այն մոտեցումները, որոնք պետք է որդեգրեն բժիշկները և պացիենտները՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Դա վերաբերում է ինչպես ապրելակերպի փոփոխությանը, այնպես էլ դեղորայքային բուժմանը։ Միջդիսցիպլինար մոտեցումը շատ կարևոր դեր ունի, քանի որ սրտանոթային հիվանդությունները հաճախ ուղեկցվում են այլ օրգան-համակարգերի փոփոխություններով»,- նշեց նա։

Կոնֆերանսի գլխավոր հովանավորն էր «Բլադ Սելս» լաբորատորիաների ցանցը։ Լաբորատորիաների վարիչ Արաքսյա Գրիգորյանը խոսեց լաբորատոր բժշկության կարևոր դերի մասին՝ ընդգծելով դրա կապը տարբեր մասնագիտությունների բժիշկների աշխատանքի հետ․  «Լաբորատորիան այն եզակի մասնագիտական ուղղություններից է, որը ամենօրյա գրաֆիկով առնչվում է բժշկության գրեթե բոլոր նեղ մասնագիտական ոլորտների հետ։ Այդ պատճառով շատ կարևոր եմ համարում լաբորատորիայի և նեղ մասնագետների միջև կապի ամրապնդումը, ինչպես նաև լաբորատոր գործի կարևորության մասին իրազեկումը»։

Միջդիսցիպլինար համագործակցության անհրաժեշտության մասին խոսեցին նաև ոլորտի այլ մասնագետներ։ Կոնֆերանսի խոսնակ, սրտաբան-առիթմոլոգ և հանրային առողջության մասնագետ Տաթևիկ Հովակիմյանի խոսքով՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ձևավորել իրական մասնագիտական երկխոսություն․ «Երկխոսություն սկսելը կարևորագույն քայլ է, որից ծնվում են լուծումներ։ Շատ հաճախ յուրաքանչյուր մասնագետ ունի իր ոլորտում ձևավորված մոտեցումները, սակայն մենք միշտ չէ, որ խոսում ենք նույն լեզվով։ Խնդիրները միասին քննարկելը և ընդհանրացված լուծումներ գտնելը շատ կարևոր է»։

Կոնֆերանսի խոսնակ, նյարդաբան Նունե Եղիազարյանը կարևորեց պացիենտակենտրոն մոտեցումը՝ ընդգծելով, որ բժշկության կենտրոնում պետք է լինի հենց հիվանդը։

«Շատ կարևոր է, որ բժիշկները հավաքվեն մեկ սեղանի շուրջ հիվանդի համար և փորձեն հասկանալ միմյանց խնդիրները, որովհետև յուրաքանչյուր բժիշկ իր աշխատասենյակում նստած հաճախ չի տեսնում ամբողջական պատկերը»,- ասաց նա։

Էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանը իր ելույթում շեշտեց, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկերի նվազեցման գործում յուրաքանչյուր մասնագետ ունի իր կարևոր դերը․«Անհրաժեշտ է հստակ հասկանալ մասնագիտական սահմանները, բայց միևնույն ժամանակ պահպանել համագործակցությունը։ Օրինակ, ավելորդ քաշով պացիենտի դեպքում կարևոր է, որ սրտաբանը նրան ուղղորդի նաև համապատասխան այլ մասնագետների մոտ՝ ապահովելով համալիր և արդյունավետ մոտեցում»։

Կոնֆերանսի խոսնակ, բժիշկ-սննդաբան, ReBalance Clinic-ի հիմնադիր Լիդիա Այվազյանն իր հերթին նշեց, որ բժշկական կոնֆերանսները հաճախ կազմակերպվում են մեկ մասնագիտության շրջանակում, մինչդեռ իրականում անհրաժեշտ է տարբեր ոլորտների մասնագետների համատեղ քննարկումը։

«Մենք կարիք ունենք տարբեր մասնագետներով հավաքվելու և նույն խնդրին նայելու տարբեր տեսանկյուններից։ Այս կոնֆերանսը հենց այդպիսի հարթակ է ստեղծում»,- ընդգծեց նա։

Կոնֆերանսում անդրադարձ կատարվեց նաև բժշկական էթիկայի կարևորությանը։ Հանրային կառավարման մասնագետ Մերի Կատվալյանի խոսքով՝ էթիկան անբաժանելի է առողջապահությունից։

«Մարդու արժանապատվությունը բժշկության հիմքն է։ Էթիկական վարքագիծը ապահովում է բժշկության որակը»,- ասաց նա։

Կազմակերպիչների խոսքով՝ նման ձևաչափի հանդիպումները ոչ միայն նպաստում են գիտելիքի փոխանցմանը, այլև ձևավորում են համագործակցության նոր հնարավորություններ՝ ամրապնդելով բժշկական համայնքում համատեղ մտածողության մշակույթը։

Կոնֆերանսի կազմակերպմանը աջակցել են նաև հովանավոր կազմակերպությունները՝ «Դիավանտ», «Պանացեա», «ReBalance Clinic» և «Արդի ակադեմիա»: