Կրծքով կերակրելիս պետք է զգուշորեն ընտրել դեղամիջոցները

Կրծքով կերակրելու ընթացքում երբեմն մայրը ստիպված է լինում դեղ խմել: Այդ դեպքում հարկավոր է մտածել նաև երեխայի մասին. արդյոք դեղը նրան չի վնասի, քանի որ մոր խմած դեղերի որոշ մասը կաթի միջոցով անցնում է երեխային: Սովորաբար մոր խմած դեղերի չափաբաժնի 1 տոկոսը հայտնվում է կաթի մեջ: Դեղ խմելուց առաջ հարկավոր է մտահոգվել հետևյալ հարցերով`

- արդյոք դեղը չի վնասի փոքրիկին,
- արդյոք դեղը չի պակասեցնի կաթի արտադրությունը,
- արդյոք չկան համեմատաբար անվնաս, բայց նույնքան օգտակար այլ դեղամիջոցներ,
- արդյոք չի կարելի այնպիսի եղանակով օգտագործել այդ դեղը, որ պակասի նրա քանակությունը կրծքի կաթի մեջ:

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հաճախ կրծքով կերակրող մորն այս կամ այն դեղամիջոցը նշանակելիս բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել կրծքով կերակրելուց, իսկ դեղագործական ֆիրմաները ապահովագրում են իրենս` տուփերի մեջ դնելով նախազգուշական թերթիկներ նույն խորհրդով: Դա ավելի հեշտ է, քան ուսումնասիրելը, թե այդ դեղամիջոցի չափաբաժնի որ մասն է հայտնվում կրծքի կաթի մեջ և ինչպես է ազդում մանկան վրա: Արդյունքում երեխաներից շատերը ժամանակից շուտ և բավականին կոպիտ ձևով կտրվում են կրծքից, չնայած դրա անհրաժեշտությունը հաճախ չի լինում:

Կրծքով կերակրելու ընթացքում ինչպես դեղ խմել

Կրծքով կերակրելիս դեղ ժմելու անհրաժեշտության դեպքում կարելի է հետևել մի քանի կանոնների, որոնք զգալիորեն կնվազեցնեն դեղի` մոր կրծքի կաթի մեջ հայտնվող չափաբաժինը`

- Հարկավոր է ընտրել կրծքի կաթի մեջ համեմատաբար քիչ անցնող դեղորայք` բժշկին բացատրելով, որ կրծքով կերակրելը շատ կարևոր և առաջնային նշանակություն ունի մոր ու փոքրիկի համար: Բժիշկը այդ դեպքում կարող է ընտրել կրծքի կաթի մեջ քիչ թափանցող կամ տեղային օգտագործման այնպիսի դեղ, որը չի անցնում կաթի մեջ: Օրգանիզմից արագ հեռացվող այն դեղերը, որոնք պետք է օգտագործել օրական 3-4 անգամ, նախընտրելի են երկարատև ազդեցություն թողնող դեղերից, որոնք պետք է օգտագործել օրական 1-2 անգամ:

- Դեղը պետք է խմել` հաշվի առնելով մոր արյան մեջ (հետևաբար` նաև կրծքի մեջ) դեղի ամենամեծ խտության ժամանակը: Դեղերի մեծ մասի ամենամեծ խտությունը արյան մեջ լինում է դեղ խմելուց 1-3 ժամ հետո, իսկ օրգանիզմից դեղի լրիվ հեռացման համար հարկավոր է 6 ժամ:

Եթե դեղի անվտանգության վերաբերյալ կասկած կա, կարելի է`

ա) դեղ խմելուց առաջ մի քանի անգամ կերակրելու կաթ կթել կրծքից
բ) դեղ խմելուց անմիջապես առաջ կերակրել փոքրիկին
գ) դեղը խմել երեխայի ամենաերկարատև քնից առաջ

Շատ կիրառելի մի քանի դեղամիջոցներ

Մի քանի խորհուրդներ կօգնեն կրծքով կերակրող մայրերին խուսափել դեղ օգտագործելու անցանկալի հետևանքներից: Այսպես`

- Ցավազրկող, ջերմությունն իջեցնող դեղերից, կրծքով կերակրելու ժամանակ նախընտրելի է ացետամինոֆենը (պարացետամոլ), մոր խմած չափաբաժնի միայն 0.1-0.2 տոկոսն է անցնում կրծքի կաթի մեջ:

- Մրսածության և ալերգիայի դեմ առանց դեղատոմսի վաճառվող դեղերը կրծքով կերակրելու շրջանում անվնաս են, բայց պետք է պահպանել ապահովության որոշ կանոններ` օգտագործել մեկ և ոչ թե մի քանի բաղադրամաս պարունակող դեղամիջոց, նախընտրելի են կարճատև ազդեցությամբ դեղամիջոցները: Քնից առաջ կարելի է խմել հազի դեմ օգտագործվող թուրմ, որը կոդեին է պարունակում: Ավելի լավ է այդ դեղամիջոցները խմել երեխային քնից առաջ կերակրելուց հետո և 1-2 օրից ոչ երկար ժամանակով: Այդ ընթացքում պետք է հետևել փոքրիկի վարքագծին, քանի որ հնարավոր է գերզգայում կամ քնկոտ վիճակ: Քրի մեջ կաթեցվող դեղամիջոցները համեմատաբար անվնաս են:

- Հակաբիոտիկների անհրաժեշտության դեպքում մասնագետի խորհրդով միշտ կարելի է ընտրել այնպիսի հակաբիոտիկ, որն անվնաս է մանկան համար:

- Կրծքով կերակրող մայրը կարող է չհրաժարվելսուրճ, թեյ, շոկոլադ օգտագործելուց, բայց չի կարելի չարաշահել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինի կամ շոկոլադի 0.5-1 տոկոսն է հայտնվում կրծքի կաթի մեջ: Բայց առանձին դեպքերում կոֆեինը, շոկոլադի պարունակած տեոբրոմինը կարող են անհանգստացնել նորածիններին:

- Մասնագետներից շատերը գտնում են, որ պրոգեստերոնի քիչ քանակություն պարունակող դեղամիջոցներն անվնաս են կրծքով կերակրելու ընթացքում, մանավանդ որ հակաբեղմնավորիչների այդ խումբը կրծքով կերակրող մայրերի համար ավելի արդյունավետ է, քան պրոգեստերոն-էստրոգեն համադրությունը: Ուսումնասիրությունները պարզել են, որ միայն պրոգեստերոն պարունակող դեղամիջոցները չեն ազդում կրծքի կաթի քանակի, որակի, երեխայի աճի, զարգացման վրա և նույնիսկ կարող են ավելացնել կաթը:

- Շատ զգույշ պետք է լինել հակադեպրեսանտներ և տրանկվիլիզատորներ գործածելիս, քանի որ դրանց զգալի մասն անցնում է կրծքի կաթի մեջ և ազդում փոքրիկի վարքագծի վրա: Պետք է լավ կշռադատել, ճիշտ ընտրություն կատարել այդ դեղամիջոցներն օգտագործելու պահանջի և փոքրիկին կրծքով կերակրելու անհրաժեշտության միջև: Հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ ամենաանվտանգ դեղամիջոցն ընտրելու համար: Պետք է հիշել, որ երեխային կրծքից շուտ կտրելը կարող է ընկճվածության զգացման (դեպրեսիայի) ուժեղացման պատճառ դառնալ, քանի որ կանհետանան կրծքով կերակրելու ժամանակ արտադրվող հորմոնները, որոնք հանգստացնող ազդեցություն են ունենում մոր վրա:

- Նորագույն ուսումնասիրությունները հերքում են այն պնդումը, թե գինին բուժում է ընկճվածության զգացումը, իսկ ոգելից գարեջուրը նպաստում է կաթի գոյացմանը: Կերակրող մոր ալկոհոլ օգտագործելը վտանգավոր է երկու պատճառով` ալկոհոլն արագ և գրեթե նույն խտությամբ ինչ որ թափանցում է մոր արյան մեջ, անցնում է կրծքի կաթի մեջ, իսկ փոքրիկի օրգանիզմն ի վիճակի չէ չեզոքացնել ալկոհոլի թունավոր ազդեցությունը: Ալկոհոլը հակազդում է կաթի արտադրությանը, որքան մեծ է ալկոհոլի խտությունը, այնքան զգալի է այդ ազդեցությունը: Կենդանիների վրա կատարված փորձերն ապացուցել են, որ ալկոհոլը նվազեցնում է կաթի արտադրությունը և նրան տալիս տհաճ համ: Կրծքով կերակրելու ընթացքում ալկոհոլի գործածությունը խախտում է երեխայի շարժողական համակարգի ձևավորման ընթացքը, և այդ ազդեցությունն ուղիղ համեմատական է ալկոհոլի քանակությանը: Կերակրող մայրերը պետք է հրաժարվեն ալկոհոլից: Գարեջուրը վաղուց ի վեր համարվել է կաթի արտադրությունը խթանող, և հետազոտությունները պարզել են, որ նրա բաղադրության մեջ մտնող անհայտ նյութերն իսկապեսնպաստում են պրոլակտինի գոյացմանը, բայց ոչ ոգելից գարեջուրն էլ է ունենում նույն ազդեցությունը:

Կրծքով կերակրելու ընթացքում անվնաս դեղամիջոցները և դրանց բաղադրամասերը

Ներքևում թվարկվող դեղամիջոցների անվտանգությունը երաշխավորվում է կարճատև գործածման դեպքում: Եթե այդ դեղամիջոցները մեկ շաբաթից ավելի երկար ժամանակով գործածելու կարիք կա, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

- ացետոմինոֆեն
- անեստետիկներ տեղային անզգայացման համար (օրինակ` ատամնաբույժների կիրառած հակաբիոտիկներ` էրիտրոմիցին, պենիցիլին)
- հակահիստամինային դեղամիջոցներ
- ասթմայի դեմ դեղամիջոցներ և կրամոլին
- բարիում
- կորտիզոն
- դիգիտալիս
- միզամուղներ (ոչ բոլոր իուրետիկները)
- իպոբրուֆեն
- ինսուլին
- լուծողական դեղամիջոցներ
- պատվաստումներ
- վիտամիններ

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am