Մինչև մոտավորապես 6 ամսական հասակը կրծքով սնվող երեխան այլ հեղուկների կամ այլ սննդի կարիք չունի: Կրծքի կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր նյութերը` ճիշտ հարաբերակցությամբ: Կրծքի կաթի բաղադրությունը փոխվում է այնպես, որ այն միշտ բավարարում է երեխայի փոփոխվող պահանջները:
Այլ սննդի ներմուծումը բերում է կուրծքն ավելի քիչ ծծելուն, իսկ շշի օգտագործումը կարող է նպաստել սխալ ծծման շարժումների մշակմանը: Քիչ և սխալ ծծելու դեպքում կաթնարտադրությունը բավարար քանակով չի խթանվում և նվազում է: Եթե չկան բժշկական ցուցումներ, փոքրիկին մի տվեք որևէ այլ սնունդ, բացի կրծքի կաթից: Մայրը պետք է հասկանա հետևյալը`

- Կաթնախեժը` վաղ կաթը, հենց այն է, ինչի կարիքն ունի երեխան կյանքի առաջին մի քանի օրերի ընթացքում, և պետք է առավելագույն չափով օգտագործվի: Անթույլատրելի է նրա ազդեցության թուլացումը` մանկանը միաժամանակ այլ հեղուկներ տալով: Կաթնախեժը հարուստ է սպիտակուցով, աճի գործոններով, քիչ է պարունակում ճարպեր, ածխաջրատներ և ջուր, քանի որ երեխայի էներգիայի և ջրի սեփական պաշարներըհետծննդյան մի քանի օրվա ընթացքում սովորաբար բավարար են:

- Առողջ երեխաների մեծամասնությունը կյանքի առաջին օրերին քաշը կորցնում է: Քաշի կորուստն ավելի քիչ է լինում, եթե երեխան կերակրվում է կրծքով ըստ պահանջի` սկսած վաղ հետծննդյան շրջանից:

- Հասուն կաթը աստիճանաբար փոխարինում է կաթնախեժին: Եթե կուրծքը խթանվում է բավարար չափով, ապա արդեն երկրորդ կամ երրորդ օրը սկսում է արտադրվել հասուն կաթ, իսկ եթե ոչ, ապա հասուն կաթը ի հայտ է գալիս առաջին շաբաթվա ընթացքում:

- Չնայած երկաթի պարունակությունը կրծքի կաթում քիչ է, բայց լավ է յուրացվում, և կրծքով կերակրվող երեխաների օրգանիզմում երկաթի պակասությունը ծայրահեղորեն հազվադեպ է հանդիպում: Վիտամին D-ի պարունակությունը կրծքի կաթում երբեմն կարող է անբավարար լինել, եթե մոր և երեխայի մաշկը չի ենթարկվում արևի լույսի ազդեցությանը:

- Սովորաբար բացառապես կրծքով սնվող երեխան ի լրումն կրծքի կաթի` ջրի կարիք չունի:

- Կրծքով սնվող երեխայի կղանքը փափուկ է, մանր սպիտակ գնդիկների խառնուրդով, նման մանանեխի հետ հարած կաթնաշոռի և կարող է տատանվել օրը 10-12 անգամից մինչև 5 օրը մեկ անգամի սահմաններում:

Ինչքան և ինչ հաճախականությամբ պետք է կերակրել երեխային

Կրծքով կերակրելիս պետք է ուշադիր հետևել երեխային, ոչ թե ժամացույցին: Առաջին շաբաթում երեխան ծծում է տարբեր հաճախականությամբ, լավ չի կարողանում ծծել: Երբեմն կերակրելը մեկ ժամից երկար է տևում, որովհետև փոքրիկը քնում է, քիչ հետո արթնանում և շարունակում ծծել: Պետք է հիշել, որ հաճախակի և երկար կերակրելը օժանդակում է կաթի արտադրությանը նպաստող հորմոնների գոյացմանը: Կրծքի պտուկը չի վնասվի, եթե մայրը հետևի իր և փոքրիկի դիրքին: Այս հարցում որոշակի կարգ ու կանոն չի կարող լինել, չէ որ մեծերն են գրուն օրենքները: << Ծույլ >> նորածնին կշտանալու համար ավելի մեծ ժամանակ է հարկավոր, իսկ եռանդուն փոքրիկը 5 րոպեում հագենում է: Իհարկե, ժամանակի ընթացքում մայրը և նորածինն ավելի լավ են հասկանում իրար, իսկ հագենալու համար փոքրիկին հարկավոր կլինի 10-15 րոպե, բայց նրանցից շատերը երկար են ծծում, իսկ ոմանք` կարճ:
Կյանքի առաջին ամիսներին երեխան կերակրվելու կարիք կունենա ամեն 2 ժամը մեկ, հետագայում ընդմիջումը հետզհետե կմեծանա: Պետք է թողնել, որ երեխան կուրծք ուտի իր ուզած պահին և իրեն հարկավոր տևողությամբ, որպեսզի ստանա անհրաժեշտ քանակով կաթ: Երբ կաթի արտադրությունը կարգավորվի, երեխայի ու մոր միջև կհաստատվի կյանքի փոխադարձ հարմար ռիթմ, հնարավոր կլինի գործադրել երեխային հանգստացնելու ուրիշ միջոցներ ևս: Մայրը չպետք է մտահոգվի ծծած կաթի ծավալով, որովհետև միևնույն ծավալով արտադրված կաթը օրվա տարբեր ժամերին կարող է խիստ տարբեր լինել իր պարունակած սննդային բաղադրամասերով:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am