Կոնտակտային ոսպնյակներն (լինզաներ) այսօր մեծ պահանջարկ ունեն և վստահ ենք, որ դրանց հետ կապված ցանկացած ճշգրտված տեղեկատվություն շատ կարևոր է: Ինչպե՞ս ընտրել որակյալ կոնտակտային ոսպնյակներ, որո՞նք են դրանց օգտագործման  կանոնները: Այս և այլ շատ կարևոր հարցերի մասին խոսել ենք ակնաբույժ  Ջուլյա  Ղարաբաղցյանի հետ:

ՀՀ շուկայում կոնտակտային ոսպնյակների մեծ բազմազանություն կա, շատերը վաճառվում են նաև ոչ մասնագիտացված խանութներում: Ի՞նչ վտանգներ է պարունակում անորակ կոնտակտային ոսպնյակների կրումը և, առհասարակ, ի՞նչ չափորոշիչներ կան, որոնցով կարելի է հասկանալ, որ կոնտակտային ոսպնյակը որակյալ է:

Առհասարակ, խորհուրդ կտամ կոնտակտային ոսպնյակները ձեռք բերել միայն մասնագիտացված խանութներից: Որակյալ օպտիկական արտադրանքները կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Դրանք անվտանգ են տեսողական օրգանի համար, կատարում են իրենց օպտիկական և դեկորատիվ գործառույթները, ինչպես նաև չեն առաջացնում անհանգստություն (ճիշտ ընտրության դեպքում): 

Կոնտակտային ոսպնյակների օգտագործման ի՞նչ պարտադիր կանոններ կնշեք (խոսքը վերաբերում է և՛ օպտիկական, և՛ գունավոր ոսպնյակներին):

Շատ կարևոր հարց է, քանի որ յուրաքանչյուր անձ, ով պատրաստվում է կրել կոնտակտային ոսպնյակներ, նախ պետք է հասկանա` արդյոք կարողանալու է պահպանել դրանց կրման կանոնները, թե ոչ: Անկախ նրանից՝ կոնտակտային ոսպնյակը օպտիկական է, թե գունավոր, դրանց կրման կանոնները նույն են: Պարտադիր պետք է օճառով լվանալ և պատշաճ չորացնել ձեռքերը՝ կոնտակտային ոսպնյակը դնելուց և հանելուց առաջ: Եթե կոնտակտային ոսպնյակը մեկօրյա է, ապա կարող եք դեն նետել այն օրվա վերջում, բայց եթե այն երկարաժամկետ օգտագործման համար է, ապա պետք է այն խնամել: Կոնտակտային ոսպնյակները պետք է պահել հատուկ նախատեսված տարայի մեջ՝ լցված կոնտակտային ոսպնյակների համար նախատեսված հեղուկով: Ամեն օգտագործումից հետո կոնտակտային ոսպնյակները պետք է ախտահանել համապատասխան ախտահանող հեղուկով: Բացի այդ, պետք է ախտահանել նաև ոսպնյակների համար նախատեսված տարան: Կոնտակտային ոսպնյակներից յուրաքանչյուրը պետք է օգտագործել միշտ նույն՝ աջ կամ ձախ աչքի համար:

Կոնտակտային ոսպնյակ կրելու ժամանակ  ի՞նչ  «չի ՛ կարելի»-ներ կնշեք:

Իրականում, կոնտակտային ոսպնյակների կրման ամենկարևոր մասը հենց «չի կարելի»-ներն են: Սկսենք նրանից, որ չի՛ կարելի ջրով լվանալ ո՛չ կոնտակտային ոսպնյակները, ո՛չ էլ դրանց համար նախատեսված տարան: Կոնտակտային ոսպնյակները չի՛ կարելի կրել նախատեսված ժամկետից ավել, այսինքն, եթե կոնտակտային ոսպնյակները մեկամսյա են, ապա պետք է կրել դրանք մեկ ամիս, այնուհետև ձեռք բերել նորը: Չի՛ կարելի քնել կոնտակտային ոսպնյակները աչքերին, ինչքան էլ որ հոգնած լինեք: Միշտ պետք է հիշել, որ դրանք նույնիսկ մեկ օր գիշերը չհանելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ինչպես նաև, չի՛ կարելի կոնտակտային ոսպնյակներով լողանալ, լողալ ջրավազանում, հաճախել շոգեբաղնիք և, որ շատ կարևոր է, չի՛ կարելի  կրել կոնտակտային ոսպնյակները մրսածության, հարբուխի, աչքերի կարմրածության, քորի և աչքերից արտադրության առկայության դեպքում:

Ինչպե՞ս եք վերաբերվում շնչող կոնտակտային ոսպնյակներին, որոնք կարելի է կրել նաև գիշերը:

Ճկուն և երկարատև կրման ռեժիմով կոնտակտային ոսպնյակները ստեղծվել են ժամանակակից կոնտակտային օպտիկայի արտադրողների կողմից, որոնք փորձել են ստանալ իրենց գնորդների համար ավելի հարմարավետ արտադրանք: Չնայած նրան, որ թափանցելիության ամենաբարձր ցուցանիշնով այս սիլիկոն-հիդրոգելային կոնտակտային ոսպնյակները նախատեսված են երկարատև կրման համար, այնուամենայնիվ, կարող են բարդություններ առաջացնել: Կոնտակտային ոսպնյակը օգտագործման ընթացքում լվացվում է արցունքային հեղուկով և իր մակերևույթին պարունակում է ջուր, լիպիդներ, ճարպեր, ածխաջրեր և աղեր, ինչպես նաև կուտակում փոշի, դիմահարդարման միջոցների մնացորդներ և այլ աղտոտիչներ: Երբ կոնտակտային ոսպնյակները դառնում են աղտոտված, նրանց ձևը փոխվում է, առաջանում են անհարթություններ, որոնք բերում են եղջերաթաղանթի միկրոտրավմաների: Բացի այդ, լիպիդային և սպիտակուցային նստվածքները փոխում են կոնտակտային ոսպնյակների կառուցվածքը՝ դառնալով օտար և վերածվելով անտիգենների, և առաջացնում են ալերգիա: Նման հետևանքներից խուսափելու համար ես խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում գիշերը հանել կոնտակտային ոսպնյակները:

Գունավոր կոնտակտային ոսպնյակ կրելուց առաջ նույնպե՞ս պետք է պարտադիր այցելել ակնաբույժի՝ խորհրդատվություն իրականացնելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ գունավոր կոնտակտային ոսպնյակները կրում են առաջին հերթին դեկորատիվ բնույթ, ձեռք բերելուց առաջ ցանկալի է խորհրդակցել ակնաբույժի հետ: Այս դեպքում մասնագետը կորոշի ձեր եղջերաթաղանթի անհատական պարամետրերը, ըստ որի դուք կկարողանաք ընտրել ձեզ համապատասխան կոնտակտային ոսպնյակները:




Պատրաստեց Արմինե Սարգսյանը