Կոսմետոլոգների միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ 1995 թ.-ից ամեն տարի սեպտեմբերի 9-ին աշխարհը նշում է կոսմետոլոգների մասնագիտական տոնը: Օրը տոնական է նաև գեղեցկության հետ առնչվող ամենատարբեր մասնագիտություններ ունեցող անձանց համար: Ամբողջ աշխարհում այս օրը կազմակերպվում են միջազգային համաժողովներ, ցուցահանդեսներ, քննարկումներ գեղեցկության և էսթետիկայի ոլորտներում առկա խնդիրների, զարգացումների և ժամանակակից միտումների վերաբերյալ:

Տասնամյակների ընթացքում գեղեցկության, իդեալականի մասին պատկերացումները կտրուկ փոխվել են, սակայն խնամված կինը դարեր շարունակ եղել է և կլինի ամենագեղեցիկը:

Առողջ մաշկի, դրա առանձնահատկությունների և խնամքի մասին Doctors.am– հետ զրուցեց «Սիթի Սպա»  էսթետիկ բժշկության կենտրոնի մաշկաբան Ռուզաննա Շմավոնյանը:

Արտաքին տեսքը, դրա փոփոխություններն ինչպե՞ս են անդրադառնում կնոջ հոգեբանության վրա: Ե՞րբ է կինն իրեն համարում գեղեցիկ:

Կինը ցանկացած դեպքում պետք է լինի խնամված: Կարծում եմ, որ միայն իր արտաքինով հետևողականորեն զբաղվող կինը կարող է իրեն գեղեցիկ համարել: Մաշկի, արտաքինի խնամքը յուրօրինակ ներդրում է: Իսկ խնամքը սկսվում է անմիջապես արթնանալուց, աչքերը բացելուց՝ լվացվում ենք, կատարում մաշկի մաքրում և այն պատրաստում ամենօրյա կոսմետիկայի օգտագործմանը:

Մաշկի խնամքի միջոցների ինքնուրույն ընտրությունը կարո՞ղ է վնասել առողջությանը:

Իհարկե, ցանկալի է խնամքի միջոցներ օգտագործել բժշկի ցուցումներով, քանի որ սա խիստ անհատական բնույթ ունի, կինը չի կարող ինքնուրույն  հասկանալ մաշկի տեսակը, ախտորոշել այն: Ժամանակակից կինը բավական մեծ գումար է ծախսում կոսմետիկայի և խնամքի միջոցների վրա, և ինչու՞ այդ գումարով չդիմել մաշկաբան-կոսմետոլոգի, ստանալ անհատական նշանակումներ և գրագիտորեն խնամել, պահպանել մաշկի առողջությունը: Հաճախ կանայք շփոթում են նաև խնամքի միջոցները և բժշկական կոսմետիկան: Հայտնի բրենդերը ներկայացնում են միայն դեկորատիվ կոսմետիկա և խնամքի միջոցներ, բժշկական կոսմետիկա տրամադրում է միայն մասնագետը:

Արդյո՞ք արտաքին գործոնները կարող են փոխել մաշկի տեսակը:

Այո, միանշանակ: Եթե նույնիսկ մաշկաբանը մաշկն ախտորոշել է մի քանի տարի առաջ, այդ ընթացքում արտաքին գործոնները՝ շրջակա միջավայրը, սթրեսը, արևի ճառագայթները կարող են լիովին փոխած լինել դրա տեսակը: Ըստ վերոնշյալ փոփոխությունների էլ պետք է փոխել քսուքները, կոսմետիկան, խնամքի միջոցները և այլն:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի մաշկը մեր տարածաշրջանում: Այն պահանջու՞մ է հատուկ խնամք:

Իհարկե կան որոշակի առանձնահատկություններ: Մեր երկրում կանայք անպայման պետք է օգտագործեն արևապաշտպան միջոցներ՝ կապ չունի շոգ և արևոտ եղանակ է, թե ոչ: Մեր երկիրը չի գտնվում ծովային գոտում, և չկա այն բնական խոնավությունը, որ մաշկին այդքան պետք է: Այս պատճառով հարկավոր է օգտագործել խոնավեցնող միջոցներ:

Մեր տարածաշրջանի սպեցիֆիկ խնդիրներից է նաև մաշկի պիգմենտացիան:

Ինչպե՞ս ընտրել կոսմետոլոգին:

Նախ, խորհուրդ եմ տալիս կոսմետոլոգ փնտրել բժշկական կենտրոններում, սպա սրահներում… Խորհուրդս է բոլոր կանանց, որպեսզի կոսմետոլոգ ընտրելիս հատկապես կարևորեն նրա բժիշկ-մաշկաբան լինելը: Այդ դեպքում պետք է ցուցաբերել լիարժեք վստահություն: Խորհուրդ եմ տալիս նաև մաշկաբանի հետ կիսվել անհանգստացնող բոլոր՝ թեկուզ փոքր թվացող խնդիրներով և ստանալ սպառիչ պատասխան: Իհարկե, նաև պետք է զբաղվել մաշկի խնամքով՝ ինչպես օրինակ խնամում ենք եղունգները, մազերը և այլն:

Ի՞նչ ասել է մաշկի խնամք: Ի՞նչ պարտադիր գործողություններ պետք է կատարել:

Ամենակարևոր երկու գործողություններն են մաշկի մաքրումը և պաշտպանությունը, երբեք չկիրառել դեկորատիվ կոսմետիկա ոչ մաքուր մաշկի պարագայում: Հարկավոր է նաև երբեմն իրականացնել մաշկի փիլինգներ, քանի որ արդեն շերտավորված, մահացած բջիջներով մաշկը չի կարող լինել գեղեցիկ և չի կարելի այն թաքցնել տոնային քսուքների շերտի տակ:

Կինը ո՞ր տարիքից պետք է այցելի կոսմետոլոգի մոտ և լրջորեն զբաղվի մաշկի պրոֆեսիոնալ խնամքով:

Մաշկի խնամքով միշտ պետք է զբաղվել: Սակայն արդեն 25 տարեկանից հետո կինը պետք է հետևողականորեն այցելի կոսմետոլոգի մոտ և զբաղվի մաշկի պրոֆեսիոնալ խնամքով: Հենց այդ տարիքից է սկսվում մաշկի ծերացման գործընթացը: Իսկ երիտասարդ մաշկը կարելի է թարմացնել ընդամենը մեկ խոնավեցումով և փիլինգով:

Ինչի՞ց խուսափել մաշկի ամենօրյա խնամքի ընթացքում:

Միանշանակ խուսափել ամենօրյա դիմահարդարման մեջ տոնային քսուքներ օգտագործելուց: Խոսքս վերաբերում է հատկապես երիտասարդ աղջիկներին: Հաճախ նույնիսկ կատակով ասում եմ ՝ բառը՝ տոնային կրեմ, հենց նշանակում է , որ սա տոնից տոն օգտագործվող միջոց է: Շատ դեպքերում կանայք փորձում են տոնային քսուքի տակ թաքցնել մաշկի անհարթությունները, սակայն սա առավել խորքային խնդիր է, և դրա լուծմամբ պետք է զբաղվի կոսմետոլոգը, մաշկաբանը: Բացահայտեմ մի պարզ գաղտնիք, որ հրաշալի այլընտրանք է. օգտագործում ենք արևապաշտպան (SPF) քսուք և վրայից բարակ շերտով դիմափոշի: Սա նույն տեսքն է ապահովում և ավելի նախընտրելի տարբերակ է:


Ի՞նչ կմաղթեք ընթերցողին գեղեցկության օրվա առիթով:

Մեր սիրելի կանանց մաղթում եմ լինել միշտ գեղեցիկ, խնամված: Լինելով մարդ, ով աշխատում է գեղեցկության և արտաքինի հետ՝ վստահեցնում եմ, որ սա կարևորագույն հարցերից է յուրաքանչյուր կնոջ կյանքում, և ես ականատեսն եմ, թե ինչպես է փոխվում կնոջ ինքնագնահատականը թեկուզ ամենափոքր պրոցեդուրայից հետո: Երիտասարդությունը գուցե ժամանակավոր է, սակայն խնամված կինը հմայիչ և երիտասարդ է միշտ:

 

Աղբյուրը՝ Doctors.am

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան