Հիվանդությունների կանխարգելման հարցում մեծ դեր ունեն սկրինինգ հետազոտությունները: Ճառագայթային ախտորոշման ձևերի ու արդի տեխնոլոգիաների մասին «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ը զրուցեց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ, ճառագայթաբան Հովհաննես Վարդևանյանի հետ:

-Բժիշկ Վարդևանյան, ճառագայթային հետազոտություները հիվանդությունների ախտորոշման հարցում ինչպիսի՞ նշանակություն ունեն:

-Յուրաքանչյուր մարդ որոշակի պարբերականությամբ պետք է անցնի կանախարգելիչ հետազոտություններ, որպեսզի շեղումների դեպքում բժշկական գործողություններն իրականացվեն ժամանակին՝ հիվանդի աշխատողունակությունը վերականգնելու նպատակով: Յուրաքանչյուր օրգան համակարգ ունի հիվանդությունների կանխարգելման իր գործելակարգը: Մի շարք հիվանդություններ ընթանում են առանց որևէ կլինիկական նախանշանի, իսկ երբ գալիս է ախտորոշման պահն, անհրաժեշտ է առավելագույն ճշգրտություն:

-Ճառագայթայի հետազոտությունների ինչպիսի՞ տեսականեր գոյություն ունեն: Հայաստանում ավելի հաճախ ո՞ր հիվանդությունների ախտորոշման համար են դիմում:

-Ճառագայթային հետազոտությունները պետք է լինեն նպատակային ու փուլային: Ռենտգենաբանական հետազոտությունները կատարվում են ոսկրաբանության, թոքերի տարբեր հիվանդությունների ախտորոշման, ստամոքսաղիքային տրակտի ախտաբանական խնդիրների ժամանակ: Այլ օրգան համակարգերի դեպքում լայնորեն կիրառվում է ուլտրաձայնային հետազոտությունը: Սրանք այն հետազոտություններն են, որոնք մատչելի են և ունեն կարևոր նշանակություն հիվանդությունների ախտորոշման ժամանակ: Տղամարդիկ առավել հաճախ դիմում են շականկագեղձի ու թոքի, կանայք` կրծքագեղձի և արգանդի պարանոցի հիվանդությունների ախտորոշման համար: Խնդիրները նախակլինիկական փուլում հայտնաբերելու դեպքում`օրինակ, երբ փոփոխությունները հայտնաբերվում են, նախքան կինը շոշափում կամ զգում է անցանկալի փոփոխություններ կրծքում՝ հիվանդությունը հնարավոր է կանխարգելել:

- Տղամարդկանց և կանանց ինչպիսի՞հետազոտություններ են ցուցված` հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու համար:

-Ճառագայթային ախտորոշման այն հետազոտությունները, որոնք նախկինում կատարվում էին բարդ հիվանդությունների հայտնաբերման համար, այժմ իրականացվում են կանխարգելման նպատակով: Դա հիմանականում վերաբերում է ուռուցքային հիվանդություններին, որոնք, եթե կլինիկորեն արտահայտիչ են, նշանակում է՝ հիվանդությունն արդեն խորացած է, իսկ այդ փուլում բուժման արդյունավետությունը շատ ավելի ցածր է, քան առանց գանգատի հայտնաբերելու դեպքում: Կանանց խորհուրդ է տրվում մինչ 35 տարեկանը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար որոշակի պարբերականությամբ կատարել ուլտրաձայնային հետզոտություն, իսկ 35 տարեկանից 40-ն այն միջանկյալ շրջանն է, երբ սոնոգրաֆիայից անցնում են մամոգրաֆիայի: Շականակագեղձի քաղցկեղի կանխարգելման համար` 40 տարեկանից բարձր տղամարդիկ պետք է դիմեն ուրոլոգների: Հաստ աղիքի հիվանդությունների դեպքում` ամբողջ աշխարհում ներդրվել է վիրտուալ կոլոնոսկոպիան, երբ հնարավորություն ունենք հաստ աղիքը տեսնել ներսից` առանց էնդոսկոպի ներմուծման: Ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշման համար` կիրառվում է էնդոսկոպիկ հետազոտությունը: Զարգացած երկրներում ստանդարտիզացված գործելակարգ է` 20 տարի և ավելի ծխող ցանկացած տղամարդ գնում է թոքերի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության, ինչը ցույց է տալիս այն, ինչը ռենտգեն հետազոտության ժամանակ հաճախ հնարավոր չէ պարզել`թոքերում կան ուռուցքային կասկածելի տեղամասեր, թե ոչ:
Այս հետազոտություններն ունեն կյանքի համար փրկող նշանակություն, քանի որ հայտնաբերվում է այն ինչ հաճախ շոշափելի չէ, և ոչ էլ աչքով տեսանելի: Այդ պատճառով ճառագայթային ախտորոշման բոլոր մեթոդները կիրառվում են նպատակային ու կարևորվում է փուլայնությունը: Սկրինինգ հետազոտությունը պետք է լինի մատչելի ու հասանելի բոլորի համար: Այսպիսի գործելակարգի ընթացքում` մատչելիից ավելի բարդ հետազոտությությունների դիմելն ավելի գերդասելի է: Աշխարհում սա ընդունված կարգ է, որը ոչ միայն ֆինանսական առումով է նպատակահարմար, այլ նաև գրագետ է ու հեշտացնում է հետագա ախտորոշման գործընթացը: Օրինակ` լյարդի հեմանգիոմայի դեպքում, եթե կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրոֆիա, կարող է շփոթություն առաջանալ, և մասնագետն ախտորոշման մեջ համոզվելու համար ամեն դեպքում դիմի ուլտրաձայնային հետազոտության:

-Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան: Ինչպիսի՞առավելություններ ունի:

-Համակարգչային տոմոգրաֆիան ճառագայթային ախտորոշման նոր սերնդի սարքավորումներից է, որը ռենտգենաբանական հետազոտությունը հասցրել է առավել բարձր մակարդակի: Ռենտգեն ճառագայթը, որպես ճառագայթի աղբյուր, ու համակարգչային զգայուն դետոկտորները, որպես ընդունիչներ` հնարավորություն են տալիս շերտավոր պատկերների միջոցով ստանալ օրգան համակարգերի ցանկացած հատվածի ուսումնասիրությունը՝ սկսած գլխուղեղից մինչև վերջույթներ ու ներքին օրգաններ:Այն մինչև 80 տոկոսով նվազեցնում է ճառագայթային բեռնվածությունը` հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում անսահմանափակ քանակով անցնել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն: Ունենալով ցածր դոզավորմամբ սարքավորում` մենք նվազեցնում ենք ճառագայթային գերքանակությունից առաջացող բարդությունները:

-Ո՞ր հիվանդությունների ախտորոշումն է կատարվում համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Ի՞նչ դեր ունի այն բժշկության մեջ:

-Համակարգչային տոմոգրաֆիան անփոխարինելի ու հաստատողական նշանակություն ունի անհետաձգելի բժշկության մեջ: Ուռուցքային հիվանդությունների ախտորոշման, և մյուս հիվանդությունների դեպքում, երբ կասկածելի փոփոխություններ են հայտնաբերվում օրգան համակարգերում ու դժվար է ասել` դա բարորակ, թե չարորակ գոյացություն է:
Անհետաձգելի բուժօգնություն տրամադրող բուժհաստատություներն այս հետազոտությունը կատարում են՝ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակնորում: Սուր պոլիտրավմաների, ներքին արյունահոսությունների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարման ժամանակ, երբ հիվանդին բերում են ինսուլտի նախանշանով, կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պարզելու կա արյունազեղում, թե ոչ:

Հայ-Ամերիկյան ախտորոշիչ կենտրոնում առաջնային նպատակն ուռուցքային հիվանդությունների ախտորոշումն է: Երբ ուռուցքային խնդիր է հայտնաբերվում կամ առկա է դրա առաջացման հավանականություն, կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա: Գլխուղեղում առկա ուռուցքային պրոցեսների, թոքերի, որովայնի խոռոչի օրգանների՝ լյարդ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, կրծքագեղձի և փոքր կոնքի օրգանների ուռուցքային պրոցեսներն ախտորոշելու նպատակով` կատետրի միջոցով ներարկվում է կոնտրաստային նյութ` յոդ պարունակող միացություն, ինչը մեծ արագությամբ՝ շիթով ներարկելու արդյունքում, հստակ տեսնում ենք, թե ինչպես է այն տարածվում անոթներով, այնուհետևօրգանների ներսում: Ուռուցքային պրոցեսները շատ հստակ են տարբերակվում, որովհետև առողջ և ախտաբանական հյուսվածքները տարբեր ձևով են կուտակում նույն կոնտրաստային նյութը:

-Ինչպիսի՞ հակացուցումներ ունի համակարգչային տոմոգրաֆիան:

-Համակարգչային տոմոգրաֆիան ունի հարաբերական հակացուցումներ: Բժիշկն այդպիսի դեպքերում իրավասու է հրաժարվել հետազոտել հիվանդին, սակայն երբ խոսքը վերաբերում է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներին, մասնագետը պարտավոր է կատարել հետազոտություն: Անկախ հակացուցումից` համակարգչային տոմոգրաֆիա կատարվում է` նույնիսկ հղիության ժամանակ, երբ ճառագայթը կարող է վնասել պտղին, կամ, երբ կրեատինինն արյան մեջ մի փոքր բարձր է, բայց գործ ունենք պարանոցի զարկերակի դիսեկցիայի հետ ու դրա ոչ ճշգրիտ ախտորոշումը կարող է սպառնալ կյանքին: Կոնտրաստային նյութի` յոդի, նկատմամբ ալերգիան կամ երիկամային ֆունկցիայի խանգարումը նույնպես կարող են համարվել հարաբերական հակացուցում:

-Մանկաբուժության մեջ համակարգչային տոմոգրաֆիան` որպես ախտորոշիչ մեթոդ, ինչպիսի՞ նշանակություն ունի:

-Երեխաների ու մեծահասակների դեպքում ախտորոշման նույն մեթոդները հավասարապես չեն կիրառվում, քանի որ աճող օրգանիզմին ճառագայթելը ոչ մի կերպ չի արդարացվում: Դա կարող է որոշակի հետևանքներ թողնել, և ոչ ոք չի կարող ասել, թե ճառագայթը ինչպես կազդի տարբեր օրգան համակարգերի վրա: Այդ պատճառով պետք է փաստել, որ համակարգչային տոմոգրաֆիային մանակաբուժության մեջ տալիս ենք ամենավերջին տեղը, երբ հետազոտման բոլոր մեթոդները սպառել ենք, և չկա այլընտրանք:

-Ինչպիսի՞ տեխնիկական հագեցվածություն ունի Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը: Հայաստանում ճառագայթային ախտորոշումն ի՞նչ մակարդակի վրա է:

-Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը համալրված է ոսկրերի խտությունը որոշող ռենտգեն-դենսինոմետրիայի սարքավորմամբ: Այն հնարավորություն է տալիս վաղ փուլերում ախտորոշել օստեոպորոզը` որոշում է ոսկորների կոտրվելության ցուցանիշը: Երկրորդը` թվային ռենտգեն սարքավորումն է, որի օգությամբ կատարվում է ռենտգենաբանական հետազոտությունների ամբողջ սպեկտրը:
Աշխարհում այսօր համակարգչային տոմոգրաֆիայի շնորհիվ մի շարք ռենտգենաբանական հետազոտություններ մնացել են անցյալում: Հայաստանում այդ գործընթացը դեռևս չի ավարտվել: Որոշ կենտրոններ չունեն այդ հնարավորությունները, այդ պատճառով դիմում են այլ հետազոտությունների: Սարքերի անբավարար քանակության ու բուժող բժիշկների ոչ լիարժեք տեղեկացված լինելու պատճառով՝ մեր երկրում ճառագայթային ախտորոշումը դեռևս չի հասել միջազգային մակարդակի: Հաճախ բժիշկները գիտակցում են, որ սոնոգրաֆիայից հետո պետք է կատարել համակարգչային տոմոգրաֆիա, սակայն այն հանգամանաքը, որ հիվանդն է իր գրպանից վճարում, խոչընդոտներ է ստեղծում մնացած բոլոր բժշկական գործողությունների համար:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
27Նոյեմբերի, 2017