ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 9 իրավունքը

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի զերծ մնալու բժշկական օգնության և սպասարկման անբավարար աշխատանքի, անբավարար բժշկական փորձի և բժշկական սխալների հետևանքով վնասարար դեպքերից և իրավունք ունի ստանալու բժշկական ծառայություններ և բուժում, որոնք համապատասխանում են բարձր անվտանգության չափանիշներին»:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահմանադրություն

Այս իրավունքը բխում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածից, որի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»:

ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»

Նույն կերպ, թեև պացիենտի անվտանգության իրավունքի հետ կապված որևէ օրենսդրական դրույթ սահմանված չէ, դա ակնհայտ է, երբ որևէ մեկը քննարկում է վերը նշված որակի չափանիշի պահպանման իրավունքի ներքո: Դրանից բացի, 5-րդ հոդվածում նշված է, որ

«բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի`

• ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.

• արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից»:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված է բժշկական օգնության և սպասարկման ընթացքում հասցված վնասի համար փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը (տե՛ս հատուցմանը վերաբերող 4-րդ բաժինը): Նույն օրենքի 19-րդ հոդվածում նշված է նաև հիվանդների նկատմամբ հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացողների պարտականությունների և պատասխանատվության մասին:

ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսգրքեր

Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դա ներառում է ինչպես քրեական (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ, 113-րդ, 117-րդ, 120-րդ, 121-րդ, 122-րդ, 125-րդ, 130-րդ հոդվածներ), այնպես էլ քաղաքացիական պատասխանատվությունը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077-1087-րդ հոդվածներ):

ՀՀ օրենքը «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին»

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունքի ունի «…առողջության պահպանման, այդ թվում` ստանալ բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն», ինչպես նաև ունի «…անձնական անվտանգության ապահովման իրավունք»: Բացի այդ, 19-րդ հոդվածն ամրագրում է.

«Սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է: Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Թեև Հայաստանի Հանրապետությունը էթիակայի կանոնագիրք չի ընդունել, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը սահմանում են երաշխիքներ բժիշկների համար (տե՛ս վերը նշված թիվ 1 իրավունքը, մաս «դ»): ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագիրքը սահմանում է, որ բժիշկները միշտ պետք է հիշեն, որ իրենք պարտավոր են հարգել մարդկային կյանքը և բժշկական օգնություն ցուցաբերելիս գործեն պացիենտի լավագույն շահերին համապատասխան (տե՛ս գլուխ 8-ը):

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Քաղաքացի Գ-ն մաշկի հիվանդության հետ կապված խնդիրներով դիմել է մասնավոր բժշկական կենտրոն և բուժման պայմանագիր կնքել: Բուժման 10-րդ օրը` պարբերական ներերակային միջամտությունից հետո, մաշկի տակ արյան զեղումի հետևանքով պացիենտի ձեռքը վնասվել է: Գ-ն պահանջել է վերադարձնել վճարված գումարը և փոխհատուցել պատճառված վնասը: Ցանկացած բժշկական միջամտություն ներառում է բարդության զարգացման ռիսկի գործոն: Պացիենտին ցուցաբերվել է մասնագիտական բարձր որակի բժշկական օգնություն: Բուժումն ավարտվել է: Բացի այդ, պայմանագրի մեջ նշվել են բոլոր այն բարդությունները, որոնք կարող էին առաջանալ բուժման ընթացքում: Գ-ն պայմանագիրն ստորագրելուց առաջ ծանոթացել էր դրանց: Այս գործում իրավունքների խախտում տեղի չի ունեցել (հիպոթետիկ գործ):

2. Խախտման օրինակ(ներ)

Պատվաստման հետևանքով անչափահաս` 12-ամյա երեխայի ոտքը պետք է հեռացվեր: Նկատի ունենալով, որ հաշվի չէին առնվել պատվաստման հնարավոր ալերգիկ ռեակցիայի նման զարգացումը` բժշկական հաստատությունը ստիպված էր նյութական փոխհատուցում տրամադրել երեխային և նրա ընտանիքին ֆիզիկական վնաս պատճառելու համար (հիպոթետիկ գործ):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

• Տե՛ս «Որակի չափանիշի պահպանման իրավունքի» բաժնում նշված իրական դեպքը (8-րդ իրավունք):

• Մեկ տարի առաջ տուբերկուլյոզով վարակված (այդ թվում` նրանք, որոնք թմրամիջոց գործացող են), ինչպես նաև թմրամոլությունից ու ալկոհոլից կախվածության մեջ գտնվող դատապարտյալներն ու կալանավորները բուժում են ստացել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տարածքում գտնվող միևնույն շենքում: Այդ շենքն ի սկզբանե կառուցվել է հայաստանյան Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության աջակցությամբ` նախատեսված միայն տուբերկուլյոզով հիվանդների համար: Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն իրավիճակը բացատրել է հիվանդասենյակների անբավարարությամբ: ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ՀԿԹՀ ծրագրի 5-րդ փուլը ԿԽՄԿ-ի հետ համատեղ և Արդարադատության նախարարության աջակցությամբ քրեակատարողական հիմնարկի տարածքում ստեղծեց նարկոլոգիական նոր բաժին, որտեղ պետք է բուժվեն թմրամիջոցներից ու ալկոհոլից կախվածություն ունեցող դատապարտյալներն ու կալանավորները` դրանով իսկ լուծելով անվտանգության ապահովման հարցը (հայտնվել է ՄԱԶԾ ՀԿԹՀԾ 5-րդ փուլի թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման և վերականգնման հարցերով ազգային փորձագետի կողմից):

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Վնասների համար փոխհատուցում պահանջելիս անհրաժեշտ է գնահատել նյութական և ոչ նյութական կորուստները:

• Բժշկական իրավախախտման դեմ բողոքի հետ կապված էական նշանակություն ունի կրկնակի հավաստի փորձագիտական եզրակացությունը, քանի որ հակառակ կողմը իր գործողությունները պաշտպանելիս ձեռք կբերեն իրենցը:

է) Համապատասխան միջազգային և տարածաշրջանային իրավունքներ

Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա -Անվտանգության իրավունք

Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում -Առողջության իրավունք, Կյանքի իրավունք

Աղբյուրը` healthrights.am կայք