Ո՞ր մարմիններին և ի՞նչ կարգով պետք է դիմել պացիենտի իրավունքների այնպիսի խախտումների մասին իրազեկման դեպքում, որոնք պարունակում են հանցակազմի հատկանիշներ

Այդպիսի դեպքերում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, անհրաժեշտ է դիմել քրեական գործ հարուցելու պարտականություն կրող մարմիններին կամ պաշտոնատար անձանց:ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածիուժով քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը (կախված է նրանից, թե այդ մարմիններից որն է ստանում հանցագործության մասին հաղորդումը) իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են քրեական գործ հարուցել: 

Քրեական գործ հարուցելու առիթներն են`

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը իրենց լիազորություններն իրականացնելիս:

Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր: Քննչական գործողություն կատարելիս կամ դատական քննության ընթացքում հանցագործության մասին արված բանավոր հաղորդումը մտցվում է համապատասխանաբար` քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Այլ դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրության մեջ պետք է նշվեն դիմողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակարանի և ծառայողական հասցեն, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ինչպես նաև տեղեկություններ նրա կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթղթերի մասին: Եթե դիմողը չի ներկայացրել անձը հաստատող փաստաթղթեր, պետք է ձեռնարկվեն այլ միջոցառումներ` նրա անձի մասին տեղեկություններն ստուգելու համար: Եթե լրացել է դիմողի 16 տարին, նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, որը հաստատում է իր ստորագրությամբ:

Արձանագրությունը ստորագրում են դիմողը և հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը: Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ: 
Իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:

Ինչպիսի՞ն են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման օրենսդրական կարգը և ժամկետը

Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, և հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն:

Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Ինչպիսի՞ն են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների բողոքարկման կարգը և ժամկետները

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Այդ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:

Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:

Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից` այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

Հարուցված գործով ինչպե՞ս և ի՞նչ կարգավիճակ կարող է ձեռք բերել հանցագործությունից տուժած պացիենտը

Քրեական գործ հարուցելու մասին որոշում են կայացնում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը:

Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը և հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:

Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաև քաղաքացիական հայցվոր:

ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է տուժողի իրավահաջորդ սուբյեկտին: Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները: Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը` նրա խնդրանքով: Համապատասխան խնդրանքով դիմած մի քանի մերձավոր ազգականներից տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում է դատախազը կամ դատարանը:

Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահին դադարեցնելու իր լիազորությունները: Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքներն ու պարտականությունները` բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվելու կասկածյալի և մեղադրյալի հետ ու հետ վերցնելու տուժողի ներկայացրած բողոքը:

Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի տուժողը քրեական դատավարությունում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածիհամաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, որին քրեական օրենսգրքով չթույլատրվող արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, որին կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:

Տուժողը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`

1) ծանոթանալ առաջադրված մեղադրանքին. 

2) տալ ցուցմունքներ.

3) տալ բացատրություններ.

4) ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.

5) հայտնել բացարկներ.

6) հարուցել միջնորդություններ.

7) առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջելու իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

8) ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, և դիտողություններ ներկայացնելու արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով պետք է նշվեն, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա մասին իր դիտողությունները.

9) նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և գործից դուրս գրելու ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.

10) մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին.

11) իր խնդրանքով անվճար ստանալ քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը.

12) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.

13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ.

14) առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

15) օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցումը.

16) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.

17) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները.

18) ունենալ ներկայացուցիչ և դադարեցնելու ներկայացուցչի լիազորությունները:

Տուժողը պարտավոր է`

1) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տալ ցուցմունքներ.

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշները` համեմատական հետազոտման համար. 

4) իր նկատմամբ ենթադրաբար կատարված հանցագործության մասին քրեական գործով քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման. 

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը. 

6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.

7) դատարանի նիստում պահպանել կարգ ու կանոն:

Տուժողն ունի նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ: 

Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս կամ անգործունակ տուժողի իրավունքները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քաղաքացիական հայցվորը քրեական դատավարությունում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածիհամաձայն` քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս: Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշումն ընդունում են հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը: Քաղացիական հայցվորն օգտվում է տուժողի համար սահմանված իրավունքներից և պարտականություններից:

Քրեական գործերով ու՞մ է պատկանում վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ակտերի դեմ` նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով: Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին: Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը:

Առաջին ատյանի դատարանի ո՞ր դատական ակտերն են ենթակա բողոքարկման

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների` գործով վարույթը կասեցնելու որոշումները. 

4) առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները. 

5) առաջին ատյանի դատարանի` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49 գլխովնախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` այլ դատական ակտեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդված):

Ո՞րն է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը

Վերաքննիչ բողոքը ներկայացվում է վերաքննիչ դատարան, իսկ դրա պատճենը` դատական ակտ կայացրած դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382 հոդվածի և 383 հոդվածի երկրորդ մասի պահանջները կատարելու համար (բողոքի մասին տեղեկացնելով դատավարության կողմերին):

Որո՞նք են վերաքննիչ բողոք բերելու ժամկետները

Վերաքննիչ բողոք բերվում են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.

2) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում` դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում.

2.1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ և 426.4-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում.

3) առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:

Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածում և 383-րդ հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները:

Ինչպիսի՞ն են բողոքարկման հետևանքները

Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը: Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատական ակտը կայացրած դատարանը գործը` բողոքների վերաբերյալ ստացված պատասխանների հետ, ուղարկում է վերաքննիչ դատարան, որի մասին հայտնվում է կողմերին: 

Բողոք բերած անձը և այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստն սկսվելը: Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի համաձայնության հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը: Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել վերադաս դատախազը: 

Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Որոշումը կայացնելու պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, որը կարող են օրենքով սահմանված կարգով և սուբյեկտների կողմից բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան:

Աղբյուրը՝healthrights.am