Հատված՝ բժիշկ-հիվանդ զրույցից

- Բարև Ձեզ բժիշկ, ինձ մոտ ալերգիա է:

- Բարև Ձեզ, անհրաժեշտ է սնդակարգից հանել հետևյալ սննդամթերքները՝ լոլիկ, բալ, կարմիր պղպեղ, կարմիր խնձոր, նուռ, կետչուպ, ձմերուկ, բազուկ, կարմիր գինի, կարմիր լոբի, տոմատի մածուկ… Մի խոսքով, որպեսզի չծանրաբեռնենք ձեզ, հիշեք, որ ցանկացած կարմիր գույնի սննդամթերք արգելվում է, լավ կլինի խուսափել նաև կարմիր հագուստից, կարմիր պատերով սենյակներում գտնվելուց… Մի խոսքով՝ ԽՈՍԱՓԵՔ ԿԱՐՄԻՐԻՑ:

- Իսկ ի՞նչ կարելի է ուտել:

- Քիչ քանակությամբ դեղին խնձոր, նարինջ, եգիպտացորեն, դեղձ, բանան, դեղին պղպեղ և այլ դեղին կամ նարնջագույն սննդամթերք:

- Իսկ կա՞ սնունդ, որից վախենալ պետք չէ:

- իհարկե կա, կանաչ խնձոր, տանձ, կանաչեղեն, կաղամբ, կանաչ պղպեղ, վարունգ և կանաչ գույնի ցանկացած սննդամթերք…Այդ կանոնը կոչվում է «Լուսացույցի կանոն»՝ ցանկացած կարմիր արգելված է, դեղին՝ զգուշությամբ, կանաչ՝ազատ կարող եք օգտագործել:

Նմանատիպ «բովանդակալից» զրույցներ հաճախակի են տեղի ունենում տարբեր բժիշկների և պացիենտների միջև:

Լիդիա Այվազյան, դիետոլոգ-սննդաբան

Սխալմամբ ընդունված է կարծել, թե դիետան սննդի ընդունման սահմանափակումն է, այնինչ, եթե բառացի թարգմանենք՝ կնշանակի սննդակարգ, սնվելու ռեժիմ, սննդի օգտագործման մշակույթ և այլն:

Բազմաթիվ են դեպքերը, երբ նիհարելու նպատակներով մարդիկ խստագույնս սահմանափակում են իրենց սննդակարգը՝ ընդհուպ միաբաղադրիչ սննդի ամիսներ շարունակ օգտագործում և օրերով քաղց:

Սակայն քիչ չենք հանդիպում նաև, երբ ինչ-ինչ խնդիրների պատճառով, բժիշկները նույնպես անտեղի, չպատճառաբանված խիստ են սահմանափակում սննդակարգը:

Սննդակարգի շտկում պահանջվում է հետևյալ հիվանդությունների ժամանակ.

  • Շաքարային դիաբետ,
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
  • Ստամոքս-աղիքային տրակտի որոշ հիվանդությունների դեպքում,
  • Սակավարյունության որոշ տեսակներ,
  • Միզաքարային հիվանդություն,
  • Որոշ ալերգիաներ,
  • Ճարպակալում:

Նշված բոլոր դեպքերում սննդակարգը շտկում ենք հստակ ուղեցույցներով. այսինքն, որոշ դեպքերում նվազեցնում ենք, բացառում ենք կամ ավելացնում հստակ մթերքներ՝ հստակ սահմանված չափաբաժիններով:

Օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ սահմնափակվում է աղի սննդի, հագեցած ճարպերի (կենդանական ճարպ), շաքարի, խոլեստերին և կոֆեին պարունակող սննդի կիրառումը և ավելացնում մրգերի, բանջարեղենի, ծովային ձկան և բջջանյութով հարուստ սննդի օգտագործումը:

Այս ամենը սահմանափակվում կամ ավելացվում  է հստակ սահմանված քանակությամբ, այլ ոչ թե ընդհանուր առմամբ տվյալ խմբի մթերքը:

Սննդակարգի կորեկցիա՝ մաշկային հիվանդությունների ժամանակ. միֆեր (Հովհաննես Հովհաննիսյան, մաշկաբան)

Շատ հաճախ, տարբեր հիվանդություններ բուժելիս, շեշտ է դրվում հենց սննդակարգի վրա: Իհարկե նման մոտեցումը որոշ դեպքերում արդարացված է, երբեմն առանց սննդակարգի անհնար է հասնել որևէ արդյունքի: Բայց հաճախ նշանակվող անհնարին դիետաների «նպատակն» է չիրականանալը և բուժման անարդյունավետությունը բարդելը ոչ թե գիտելիքների պակասի, սխալ կողմնորոշման, այլ անհնարին դիտաների վրա:

Առավել հաճախ սննդակարգի մասին ենք խոսում քրոնիկական երկար ձգձգվող հիվանդությունների դեպքում, երբ բուժման և խնամքի կազմակերպումն առանց համապատասխան սննդակարգի պատկերացնելն անհնար է: Միևնույն ժամանակ, այդ սննդակագերի ընտրությունը հաճախ շատ պատահական է, չունի ապացուցողական հիմք և ավելի շատ պարունակում է ընդհանուր մոտեցումներ՝ կծու, թթու, գրգռիչ, քան ավելի կոնկրետ խորհուրդներ:

Սննդականգին մեծ ուշադրություն է դարձվում հատկապես մաշկաբանության մեջ: Այդ ուշադրությունը առկա է նաև բազմաթիվ հետազոտություններում, որոնք փորձում են գտնել այս կամ այն սննդամթերքի կամ սննդանյութի ազդեցությունը այս կամ այն հիվանդության վրա: Որոշ դեպքերում հիվանդության սրացման վրա սննդանյութի ազդեցությունը կամ մեխանիզմները, վերջնական բացահայտված չեն, սակայն կան ստատիստիկ վերլուծություններ և եզրակացություններ:

Օրինակ կորյակային հիվանդության բուժման ժամանակ հաճախ խորհուրդ են տրվում բազմաթիվ սահմանափակումներ՝ սննդակարգի, կոսմետիկ միջոցների, օճառների և այլն: Մի շարք հետազոտութուններ ցույց են տալիս, որ կաթի (ոչ կաթնամթերքի), շոկոլադի (ցանկացած տեսակի) և շաքարի մեծ պարունակությամբ սննդամթերքի կիրառումը նպաստում է հիվանդության սրացման, ցանավորման շատացման: Այս սահմանափակումները հիմնականում ներառված են բժիշկների խորհուրդներում, սակայն սրանց հետ միասին սահմանափակում ենք շատ ավելի մեծ քանակի, երբեմն անհրաժեշտ միջոցներ: Մեծ ծավալի պատճառով բուժառուն չի կարողանում պահպանել այդ կանոնները և, արդյունքում, բուժումը դառնում է անարդյունք, մինչդեռ խելամիտ, բայց  անգամ շատ խիստ սահմանափակումները, որոնք ունեն ապացուցողական հիմք, նպաստում են դեղորայքային բուժմանը և բերում են կանխատեսելի արդյունքի:

Սննդակարգի կորեկցիա՝ ալերգիաների ժամանակ. միֆեր (Սևան Իրիցյան, ալերգոլոգ)

Խոսելով սննդային ալերգիաներից, արժե հիշել դրանց հանդիպման հաճախականությունը և իրական քանակները` սննդային ալերգիայի կասկած ունեցողների միայն 22%-ի  մոտ է հնարավոր գտնել որևէ լաբորաոր ցուցանիշ ի նպաստ ալերգիայի (ինչը դեռ բավարար չէ ախտորոշման համար) և միայն գանգատվողների 2%-ի մոտ է դիտվում իրական սննդային ալերգիա: Հետևաբար, հենց առաջին այցի ժամանակ ալերգիկ պացիենտին սննման որևէ հարցում սահմանափակելու համար պետք է ունենալ ծանրակշիռ փաստարկ` օրինակ անաֆիլաքսիա կամ տարածուն այտուցներ: Եվ նույնիսկ նման դեպքում սահամանափակումը վերաբերելու է միայն այն սննդամթերքին, որից առաջացել են ծանր ռեակցիաները: Մնացած բոլոր դեպքերում ուղղակի նշանակել սահամանափակ սննդակարգ` նշանակում է զրկել պացիենտի օրգանիզմը կարևոր սննդանյութերից և ենթարկել սթրեսի: Իհարկե, լինում են վիճակներ, երբ ճարահատյալ նշանակվում է սահմանափակում տարբերակիչ ախտորոշման նպատակով, սակայն ներկայիս լաբորատոր-տեխնիկական ապահովվածությունը բժիշկների մեծամասնությանը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ու արագ  հասկանալ խնդիրը:

Նշվածից զատ ալերգոլոգիական պրակտիկայում հաճախ առիթ է լինում շփվելու կեղծ ալերգիաների կամ համանման վիճակների հետ, երբ զարգանում են նույն ախտանիշները, բայց ոչ իմունոլոգիական մեխանիզմներով: Օրինակ՝ սննդային անտանելիությունները, երբ օրգանիզմում ինչ-որ ֆերմենտի բացակայության կամ անգործության պատճառով խախտվում է բնականոն մարսողությունը և որոշ դեպքերում ունենում նույն հետևանքները ինչ ալերգիայի ժամանակ: Նման դեպքերում ևս կարիք է լինում սննդակարգի սահամանափակման, բայց խիստ որոշակի կոմպոնենտների առուով, որը կարելի է չեղարկել ֆերմենտոպաթիայի վերականգնումից հետո: Որպես վերջաբանավելի հեշտ կողմնորոշվելու համար. եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված եք նշանակել սահմանափակող սննդակարգ, ապա չեղարկեք այն, եթե մեկ շաբաթ հետո արդյունք չլինի:


Աղբյուրը՝ Doctors.am
4 նոյեմբերի, 2016