Յոթերորդ ամիսը երեխայի սննդակարգում առանձնահատուկ է նրանով, որ այս շրջանում սննդակարգում ընդգրկվում է նաև միսը (սկզբնական շրջանում հեշտ մարսվող թռչնամիս): Միսը հեշտ մարսվող սպիտակուցների, վիտամինների և երկաթի աղբյուր է: Յոթերորդ ամսվա ավարտին երեխայի ճաշացանկում պետք է 30-50 գրամ միս ընդգրկվի: Մսային կերակուրները հարկավոր է լավ մանրացնել, իսկ միսը սննդակարգ ներմուծելու առաջին օրերին այն հարկավոր է շատ քիչ քանակությամբ խառնել բանջարեղենային ապուրներին:
Այս շրջանում սննդակարգում ընդգրկվող կարևոր մթերքներից է ձվի դեղնուցը խաշված վիճակում: Այն պարունակում է վիտամիններ, երկաթ, ֆոսֆոր և այլ հանքանյութեր և օգտակար ճարպեր: Ձվի դեղնուցը կարելի է քերել ու մանկիկին տալ ապուրի կամ շիլայի հետ: Հիշեք, որ սկզբնական շրջանում փոքրիկին կարելի է տալ ձվի դեղնուցի մի քանի փշուր, և ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում միայն կարելի է աստիճանաբար ավելացնել դեղնուցի փշրանքների քանակը:
Յոթ ամսական երեխայի մոտավոր ճաշացանկը (եթե վեց ամսականից կամ ավելի վաղ սննդակարգում ընդգրկվել են հավելյալ կերակրատեսակները)
Առավոտյան` մայրական կաթ
Նախաճաշիկ- կաթնային ապուր` 180 գրամ, մրգային պյուրե` 80 գրամ:
Ճաշ` բանջարեղենային ապուր, ըստ սեզոնի- 180 գրամ, լորի ձվի դեղնուցի կեսը և հյութ` 30 մլ:
Հետճաշիկ` մայրական կաթ, հյութ` 30 մլ, կաթնաշոռ` 40 գրամ:
Ընթրիք` մայրական կաթ:
impoqrik.am