Վերջերս հարցազրույց ունեցանք «Եվրոպա Դոննա» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նվարդ Քոչարյանի հետ, ում հետ խոսել ենք քաղցկեղի, վերջինիս խնդիրների և ազդակների ռիսկի նվազեցման մասին։ 

Արդեն երկար ժամանակ է գործունեություն եք ծավալում Հայաստանում, ինչ եք կարծում ո՞րն է քաղցկեղի վերաբերյալ թիվ մեկ խնդիրը մեր երկրում։

Այո, գործունեությունը սկսել ենք 2015թ-ից՝  ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և անշուշտ Արցախում, կատարել ենք ամենատարբեր սկրինինգային հետազոտություններ, հանդիպումներ, միջոցառումներ։ Երևանում և մարզերում խնդիրներն էականորեն տարբերվում են։ Թիվ մեկ խնդիրը որպես այդպիսին տեղեկացվածության և վաղ հայտնաբերման խնդիրն է, իսկ մարզերում այս ամենից բացի մասնագետների առկայության խնդիր կա:

Փետրվարի 4-ը քաղցկեղի մասին իրազեկման համաշխարհային օրն էր, ինչ-որ ձևաչափով միացե՞լ եք այդ կարևոր օրվան նվիրված շարժմանը և մոտ ապագայում պլանավորված ի՞նչ պլաններ ունեք ։

Փետրվարի 4-ին ամեն տարի ունենում ենք մամուլի ասուլիս և այդպիսով սկսում աշխատանքային տարին։ Հանդես ենք գալիս կոչերով, վաղ հայտնաբերմանն ուղղված խնդրանքով։ Տարվա ընթացքում միջոցառումներ շատ ենք անց կացնում։ Առաջիկայում՝ մարտի 7-ին մեծ բարեգործական համերգ ունենք Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ժամանակ խոսելու ենք քաղցկեղի կանխարգելման մասին, իսկ հասույթն ամբողջությամբ տրամադրելու ենք երկու խիստ անապահով պացիենտների։ Մարտի 14-ին կբացենք քաղցկեղից բուժվածների պուրակ, շատ խորհրդանշական և բարի միջոցառում է նախատեսվում։ Նախատեսում ենք բժշկական մեծ կոնֆերանս ունենալ ապրիլի 26-28-ին, պացիենտական ֆորում, սկրինինգային բազմաթիվ այցեր մարզերում, ֆլեշմոբ, հեծանվաերթ-մարաթոն, հանդիպումներ տարբեր կառույցներում։ Բավականին հագեցած, ծավալային առումով մեծ միջոցառումներ ունենք, որոնց ընթացքում նախատեսում ենք խոսել քաղցկեղի վաղ հայտնաբերման, քաղցկեղային ազդակների նվազեցման մասին, տրամադրելու ենք  ձեռնարկներ, տեղեկատվական թերթիկներ:

Վերջերս Փարիզում մասնակցում էիք «Քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցման» կոնֆերանսին։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ կոնֆերանսը։

Ճիշտ եք նկատել, Փարիզում էի և ունկնդրեցի հայտնի օնկոլոգների, սննդաբանների և առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչների դասախոսությունները քաղցկեղի կանխարգելման և ազդակների ռիսկի նվազեցման մասին։ Կարող եմ ասել, այդ այցը մեր երկրի, Եվրոպայի և Ասիական մի շարք երկրների խնդիրների միջև զուգահեռներ անցկացնելու և համեմատելու լավ առիթ էր ։ Թվային տվյալներ չասեմ, բայց Հայաստանում կա և՛ լավ, և՛ վատ առաջընթաց: Որպես քաղցկեղի դեմ պայքարող պացիենտական կազմակերպության ղեկավար՝ կարևոր էր ծանոթանալ հայտնի բժիշկների ուսումնասիրությունների հետ։ Կոնֆերանսին, բացի եվրոպական երկրների առաջատար մասնագետներից, ներկա էին նաև մասնագետներ Ավստրալիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից: Հենց Ռուսաստանի մասնակիցն էլ իմ կողմից հրավիրվեց ապրիլի 26-27-ին Երևանում մեր կազմակերպության քաղցկեղին նվիրված կոնֆերանսին։ Մեր բժիշկները հնարավորություն կունենան լսել այդչափ կարևոր և կիրառական դասախոսությունը։ Քաղցկեղածին ազդակների ռիսկը հնարավոր է նվազեցնել գլոբալ քայլերի, ինչպես, օրինակ, օդի աղտոտվածության պակասեցման, այնպես էլ անհատապես՝ վնասակար սովորությունների ռիսկը նվազեցնելու միջոցով։ Կոնֆերանսի ժամանակ հանգամանորեն քննարկվում էին այս և նմանատիպ այլ թեմաներ։  

Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցման կոնցեպտը։ Արդյո՞ք հնարավոր է այդ մոտեցմամբ կանխել քաղցկեղի առաջացումը։

Կոնցեպտը շատ արդիական է հատկապես մեր օրերում, քանի որ այն կախված է մեր ապրելակերպից, որը շատ դժվարությամբ ենք կարողանում փոխել։ Քաղցկեղի առաջացման գործոնները բազմաթիվ են և դեռևս լիարժեքորեն ուսումնասիրված չեն, սակայն եթե հաշվի առնենք հայտնի գործոնները, ապա ամենակարևորներն են սխալ սնունդը, ալկոհոլը,ծխախոտը, նստակյաց կյանքը։ Նորություն չէ, որ արագ սնունդը ստամոքսի և կոլոռեկտալ՝ աղիների քաղցկեղի առաջացման մեծ նախապայման է, կամ որ ծխախոտի ծուխը պարունակում է բազմաթիվ քաղցկեղածին նյութեր։ Այս կոնցեպտի հիմնական գաղափարը վնասակար սովորություններից հրաժարվելն է, իսկ եթե դա չի ստացվում, ապա դրանք պետք է փոխարինել առավել քիչ ռիսկային սովորություններով: Այսպիսով, կարող ենք ասել, որ հնարավոր է կանխել քաղցկեղը՝ մի շարք առողջության համար վտանգավոր սովորություններից հրաժարվելով  կամ նրանք փոխարինելով։  


Աղբյուրը՝ Doctors.am