«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդներ, որոնք սխալ է կիրառել մեր օրերում և ժամանակակից բժշկությունը խստորեն արգելում է:
Ձեզ ենք ներկայացնում  ընդհանուր վիրաբույժ բ.գ.թ. Հայկ Հարությունյանի պնդումը որովայնի ցավի պարագայում կիրառվող սխալ մեթոդների վերաբերյալ:



Որովայնի շրջանում առաջացող ցավի պատճառները բազմաթիվ են: Ցավը կարող է կապված լինել տարբեր առողջական խնդիրների հետ. ժամանակավոր անհանգստությունից մինչև թերապևտիկ բուժում կամ վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդություններ:

Հաճախ մարդիկ մինչ բժշկի այցելելը զբաղվում են ինքնաբուժությամբ, «հարևանաբուժությամբ», և հիվանդը երբեմն հիվանդանոցում է հայտնվում ոչ թե հիվանդության պատճառով, այլ հիվանդության բարդությունների հետևանքով:

Չի կարելի առանց պարզաբանելու որովայնում առաջացած ցավի պատճառը՝ խմել ցավազրկողներ, որովայնին տաք ջեռակ դնել, աղիների լվացում կատարել (հոգնա):

Ցավազրկումը հանգեցնում է խնդրի կլինիկական դրսևորումների քողարկման, օրգանիզմում առաջացող սիմպտոմների թուլացման, որոնց պատճառով հիվանդության ախտորոշումը ձգձգվում է կամ դժվարանում: Հատկապես վիրաբուժական միջամտության պահանջի ժամանակ անհրաժեշտ է պարզել ցավի առաջացման սկիզբը, տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը, առնչությունը սնունդ ընդունելուն, ցավի ճառագայթումը, որովայնամզի գրգռման ախտանիշների առկայությունը և այլն:

Որովայնի ցավող հատվածին տաք ջեռակ դնելը նպաստում է մարմնի տվյալ հատվածի անոթների լայնացմանը, հյուսվածքներում այտուցի զարգացմանը, դրանով իսկ խթանվում է որովայնի խոռոչում առկա բորբոքման խորացումն ու տարածումը:

Խոռոչավոր օրգանի թափածակման դեպքում աղիների լվացումը հանգեցնում է թափածակված անցքի մեծանացմանը, կղանքային և սննդային զանգվածների՝ որովայնի խոռոչ անցնելուն՝ նպաստելով որովայնամզի գրգռման տարածմանն ու ծանր բարդությունների առաջանացմանը:

Այսպիսով, երբ որովայնում առկա է ուժեղ ցավ, կամ երբ ցավը պարբերաբար կրկնվում է՝ ուղեկցվելով նշված ախտանիշներից նույնիսկ մեկի առկայությամբ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, կղանքից և գազերից ազատվելու դժվարություն, օրգանիզմի ջրազրկում, սրտխառնոց, փսխում, որովայնին դիպչելիս և միզարձակման ժամանակ ցավի ուժգնացում և այլն), անմիջապես պետք է դիմել բժշկի:


Doctors.am
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016