Ապրիլի 2-ն աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր և այդ շրջանակներում որոշել ենք անդրադառնալ շատ նուրբ թեմայի՝ աուտիզմ ունեցող երեխայի ծնողի զգացողություններին, պայքարի պատմությանը: Զրուցել ենք Արմենուհի Հովսեփյանի հետ, ում տղան՝ 16-ամյա Էդվինն աուտիզմ ունի: Կարծում ենք նրա հետ զրույցը ոգեշնչանքի աղբյուր կդառնա շատ ծնողների համար, ովքեր բախվել են այս խնդրին: Էդվինն այժմ մեծ հաջողություններ ունի շատ ասպարեզներում, և այդ ամենը հաջողվել է նրա մոր՝ Արմենուհու  և սրտացավ մասնագետների շնորհիվ:  Էդվինի գլխավոր նախասիրությունը նկարելն է և ամեն տարի պարտադիր անհատական ցուցահանդես է ունենում:

Ե՞րբ և ինչպե՞ս առաջին անգամ նկատեցիք, որ երեխան նման խնդիր ունի, և ախտորոշումն իմանալուց հետո զգացմունքային ի՞նչ փուլեր ունեցաք, մինչև որ հաշտվեցիք իրողության հետ:

Էդվինը երկու տարեկան էր... Մինչև այդ խոսում էր, ինչ-որ բաներ էր ասում, հետո միանգամից լռեց: Շատ անհանգստացա: Այդ մասին պատմեցի Գերմանիայում գտնվող բժշկուհի ընկերուհուս: Մեկ շաբաթ շարունակ հետևում էի երեխայի վարքին. մի տեսակ փակվել էր, լուռ խաղում էր մեքենաներով, չկային մանկական ձայներն ու նախկին աշխուժությունը: Ընկերուհիս, ով ինձ հետ հավասար հետևում էր երեխայի վարքագծին, ասաց, որ երեխայի մոտ աուտիզմ է կասկածում: Նախկինում երբեք այդ բառը չէի լսել: Փնտրեցի տեղեկատվություն, կարդացի և շոկի մեջ հայտնվեցի: Մեկ ամիս շարունակ ուշքի չէի գալիս, անընդհատ լաց էի լինում: Կողքից շատ մարդիկ ասում էին, որ դրան բուժում չկա, և հոգեկան վիճակս օրեցօր ծանրանում էր: Ընկերուհիս ինձ սթափեցրեց` ասելով, որ եթե ուզում եմ երեխային օգնել, կյանքում մի հաջողության հասցնել, պետք է ուժեղ լինեմ: Անընդհատ լաց լինելով հարցին լուծում չէի գտնի: Ինձ հավաքեցի, զանգահարեցի բոլոր ծանոթ բժիշկներին: Նյարդաբանի խորհրդով դիմեցինք մասնագիտացված կենտրոն, որտեղ էլ հաստատվեց աուտիզմը: Սկսեցինք հաճախել այդ և այլ կենտրոններ, տարիներ շարունակ աշխատում էին մասնավոր լոգոպեդի հետ: 
Ես նույնպես երեխայի հետ շատ էի զբաղվում: Մասնավոր պարապմունքների ժամանակ հետևում էի, թե ինչ վարժություններ են անում, հիշում էի դրանք և հետո տանը երեխայի հետ պարապում:
Մասնագետները խորհուրդ տվեցին երեխային չկտրել հասակակիցների հետ շփումից և ուղարկել մանկապարտեզ: Երեք տարեկանից երեխան հաճախում էր նաև մանկապարտեզ, շատ լավ էր մնում այնտեղ, բայց կրկին չէր խոսում: 
Ապրումներս ավելի էին խորանում, երբ կողքից հարցնում էին` ինչու չի խոսում: 
Ուներ բացառիկ տեսողական հիշողություն: Տանը զբաղվում էինք գունավոր օղակներով, գնդակներով: Ինչ սովորեցնում էի, հիշում էր, նկարում, կրկնում գործողություններս: Բայց իմ ամենամեծ պայքարն ուղղված էր Էդվինի խոսելուն…

Իսկ ե՞րբ երեխան սկսեց խոսել, հիշո՞ւմ եք առաջին բառը:

Էդվինը 6 տարեկան էր, երբ առաջին անգամ ասեց «մամա», ծննդյանս նախօրեին: Աշխարհն ուղղակի պայծառացավ, ականջներիս չէի հավատում: Էդվինը սկսեց քիչ-քիչ խոսել, կրկնել բառերը: Շատ էինք պարապում բառերի, բառակապակցությունների վրա: Իհարկե, դպրոցն էլ մեծ նշանակություն ուներ: Դպրոցից բացի նաև մասնավոր դասերի էինք հաճախում լավագույն մասնագետների մոտ: 
Հիմա արդեն Էդվինը ավելի սահուն խոսում է, կարդում նաև ռուսերենով ու անգլերենով: Հենց նույն սկբունքով էլ քայլ առ քայլ սովորել ենք մաթեմատիկա, գումարել, հանել, բազմապատկման աղյուսակ: 

Իսկ ինչպիսի՞ն է եղել հասարակության արձագանքը:

Հասարակության արձագանքը նախկինում, իհարկե, թևաթափ էր անում: Մի անգամ Էդվինի հետ քայլելիս գործողություն էի անում ու բարձրաձայն ասում արածս, որ Էդվինը հասկանար գործողության անվանումը ու կրկներ ինձ հետ։ Ասում էի՝ տես մաման քարը ոտքով խփեց։ Այդ պահին մեր կողքով մի զույգ անցավ։ Ամուսինը կնոջն ասաց. «Խեղճ երեխա...Մայրը լրիվ գժվել է»: 
Չեք պատկերացնի` ինչ կատարվեց ինձ հետ։ Նման դեպքեր էլի են եղել։ Մի անգամ էլ երթուղայինի մեջ էինք։ Մի կին էր նստած։ Երեխան ձեռքով ինչ-որ բան էր ցույց տալիս։ Այդ կինը շատ չարացած ձայնով ասաց. «Ամեն մարդ իր գժին թող իր մոտ պահի»….
Բարեբախտաբար, այժմ մարդիկ շատ են փոխվել. ավելի բարեհամբույր են դարձել` առանց տարօրինակ հայացքների ու արտահայտությունների:

Իսկ ինչպե՞ս հասկացաք, որ Էդվինը սիրում է նկարել և ինչպիսի՞ հաջողություններ է ունեցել այդ ասպարեզում:

Մասնագիտական կենտրոնից հետո հաճախեցինք 2-րդ օժանդակ դպրոց, որտեղ էլ ուսուցիչներից մեկը Էդվինի մոտ նկարելու ունակություն բացահայտեց: Շատ ոգեշնչվեցի, որոշեցի խորացնել երեխայի նախասիրությունը և ուղարկեցի նկարչական դպրոց:
Առաջին ցուցահանդեսը կազմակերպեցինք, երբ Էդվինը 12 տարեկան էր: Ես ուզում էի, որ դա կոչ լինի բոլոր այն ծնողներին, ովքեր նույնպես անցնում են այս ամենի միջով: Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրինությունն ինձ շատ աջակցեց այդ հարցում: Դրանից հետո ամեն տարի հենց այս օրը կազմակերպում ենք Էդվինի նկարների ցուցահանդեսը:
Էդվինն ուզում է նկարիչ դառնալ: Իմ միակ ցանկությունն այն է, որ ինքնուրույն մարդ դառնա: 

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք աուտիզմով հիվանդ երեխաների ծնողներին, որոնք հանձնվել են:

Մի բան եմ ցանկանում պատմել, որը, կարծում եմ, ցանկացած ոգեշնչանքի խոսքերից ավելի խոսուն է:
Էդվինի դպրոցում աուտիկ երեխա կար, ում ծնողը լքել էր նրան և թողել մանկատանը: Երբ առաջին անգամ Թերլեմեզյանում կազմակերպեցինք Էդվինի առաջին ցուցահանդեսը, այդ ծնողը նույնպես եկել էր: Հետո իմացանք, որ երեխային հետ է տարել տուն...


Առաջին և ամենամեծ խորհուրդս չհուսահատվելն է: Մայրը անգնահատելի մեծ ներդրում ունի երեխայի զարգացման հարցում: Եթե միայն մասնագետը զբաղվի, առանց ծնողի աջակցության, արդյունքն այդքան էլ տեսանելի չի լինի:

  
 


Պատրաստեց Արմինե Սարգսյանը