Շատ զույգեր են ցանկանում մանկան ճիչը լսել իրենց ընտանիքներում, սակայն երբեմն որոշ առողջական խնդիրներ թույլ չեն տալիս իրականացնել ծնող դառնալու երազանքը: Ժամանակակից աշխարհում գտել են նաեւ դրա լուծումը՝ Արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ/ ЭКО):

Ի՞նչ է ԱՄԲ-ն, ինչպե՞ս է իրականացվում. այս եւ այլ հարցերի պատասխանների ակնկալիքով՝ Doctors.am-ը զրուցել է  Fertility center-ի գինեկոլոգ Քնարիկ Ալեքսանդրյանի հետ:

1. Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը` ԱՄԲ-ն:

Արտամարմնային բեղմնավորումը անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ժամանակ ձվաբջջի բեղմնավորումը սպերմատոզոիդով կատարվում է լաբորատոր պայմաններում: Նախապես վերցվում են կնոջ եւ տղամարդու սեռական բջիջները (ձվաբջիջները եւ սպերմատոզոիդները), եւ կատարվում է բեղմնավորում: Ստացված սաղմիկները որոշ ժամանակ պահվում են հատուկ պայմաններում, որտեղ սաղմիկը աճեցվում եւ զարգացնում են միջինը 3-5 օր, այնուհետեւ տեղափոխվում են արգանդի խոռոչ:

ԱՄԲ/ЭКО- ն անպտղության բուժման ժամանակակից ամենաէֆեկտիվ մեթոդն է, որի շնորհիվ ստեղծվել եւ ապրում են ավելի քան 6.000.000 երեխաներ ամբողջ աշխարհում: Եվ չնայած այն միֆերին, որ ԱՄԲ/ЭКО-ով ծնված երեխաները տարբերվում են, նրանք բոլորը ապրում են մնացած երեխաների նման:

Մեր երկրում կան բազմաթիվ բժշկական հաստատություններ, որոնք զբաղվում են մարդու անպտղության բուժմամբ: Մեծ ուրախությամբ եւ պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների` ՀՀ-ում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ եկած երեխաների մեծ մասը ծնվել են մեր կլինիկայի շնորհիվ: Չնայած նրան, որ ԱՄԲ-ն շատ թանկ արժե, մենք կարողանում ենք մինիմալի հասցնել դեղորայքային ծախսերը եւ ընդհանուր ԱՄԲ-ի ծախսերը:

2. Ի՞նչ փուլերից է բաղկացած արտամարմնային բեղմնավորումը:

ԱՄԲ-ն բաղկացած է հետեւյալ փուլերից՝

  • Կնոջ եւ տղամարդու հետազոտություն
  • Ձվարանների խթանում (ստիմուլյացիա)
  • Ձվաբջիջների ստացում (ձվարանների պունկցիա)
  • Սպերմատոզոիդներիստացում (ցուցումերի դեպքում` միկրովիրաբուժական ճանապարհով (TESA))
  • Բեղմնավորում կլասիկ մեթոդով
  • ICSI մեթոդով (ցուցումների դեպքում)
  • Էմբրիոնների կուլտիվացում
  • Էմբրիոնների նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում (PGD) (ցուցումների դեպքում)
  • Էմբրիոնների տեղադրում արգանդի խոռոչ կամ սառեցում

3. Օվուլյացիայի խթանումը ԱՄԲ-ի ժամանակ:

ԱՄԲ-ի համար կատարվում է ձվարաններում օվուլյացիայի խթանում, որի նպատակն է միաժամանակ բազմաթիվ ֆոլիկուլների միաչափ աճի խթանումը: Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ստանալ շատ էմբրիոններ եւ ընտրություն կատարել տեղադրման համար: Բուն ստիմուլյացիան (խթանումը) սկսվում է դաշտանային ցիկլի 2-3-րդ օրվանից, երբ ձվարանները զգայուն են հորմոնների նկատմամբ: Նախապես կատարվում է ՈւՁՀ` հակացուցումների բացառման համար (ինչպիսիք են, օրինակ, ֆոլիկուլյար-ֆունկցիոնալ բնույթի կիստաները, որոնք ժամանակավոր հակացուցում են հանդիսանում) եւ դեղորայքի ճիշտ դոզավորման ընտրության օգնության համար:

4. Ի՞նչ դեղորայք է օգտագործվում օվուլյացիայի խթանման համար:

Ֆոլիկուլի աճը բնական ցիկլի ընթացքում պայմանավորված է գոնադոտրոպիններով, որոնք արտադրվում են հիպոֆիզում: Ստիմուլյացիայի ժամանակ օգտագործվող դեղորայքը բնական գոնադոտրոպինների անալոգներն են, որոնք շնորհիվ մեծ դեղաչափի կիրառման ավելի շատ ֆոլիկուլների աճին են նպաստում: Ստիմուլիացիայի արդյունքում աճում են բազմաթիվ ֆոլիկուլներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ կա 1 ձվաբջիջ: Ձվաբջիջները պունկցիայի միջոցով ստացվում են, որից հետո ենթարկվում են կամ բեղմնավորման, կամ սառեցման: Ստիմուլյացիայի ընթացքում յուրաքանչյուր այցի ժամանակ կատարվում է ՈւՁՀ մոնիտորինգ, հետեւում ենք ֆոլիկուլների եւ էնդոմետրիումի աճին եւ կատարում դեղորայքային նշանակումներ: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաեւ հորմոնալ մոնիտորինգ:

5. Ի՞նչ կողմնակի էֆեկտներ է առաջացնում ԱՄԲ-ը:

Ձվարանների պատասխանը հորմոնալ խթանող պրեպարատների նկատմամբ շատ լավ ուսումնասիրված է, շատ լավ կանխատեսելի է` շնորհիվ բիոմարկերների կիրառման: Սակայն խթանող պրեպարատների նկատմամբ օրգանիզմի ռեակցիան շատ անհատական է եւ նույնիսկ ճիշտ դոզավորման ընտրության ժամանակ 0,5-1,5% լինում է ՁՀՀ՝ Ձվարանների հիպերստիմուլյացիոն համախտանիշ:

ՁՀՀ-ի ժամանակ տեղի է ունենում ձվարանների չափերի մեծացում, դիսկոմֆորտ, ցավեր որովայնի ստորին հատվածում, որոնք ինքնուրույն անցնում են 2-3 շաբաթվա ընթացքում: Ծանր ՁՀՀ-ի դեպքում բուժման կարիք է լինում:

6. Ե՞րբ եւ ո՞ւմ է պետք կատարել արտամարմնային բեղմնավորում: ԱՄԲ-ի ցուցումները:

ԱՄԲ-ի ցուցումներ են հանդիսանում կանանց եւ տղամարդու անպտղության բազմաթիվ պատճառներ, որոնք չեն ենթարկվում բուժման եւ որոնց հաղթահարման հավանականությունը ԱՄԲ-ի միջոցով ավելի բարձր է, քան այլ մեթոդներով: Հակացուցումների բացառման դեպքում ցանկացած զույգ կամ ցանկացած կին, որն ուզում է մայրանալ, կարող է դիմել ԱՄԲ-ի օգնությանը անպտղության ցանկացած պատճառի դեպքում: ԱՄԲ-ի օգնության կարող են դիմել նաեւ այն կանայք, որոնք ունեցել են բազմաթիվ վիժումներ, չզարգացող հղիություններ, եւ այս դեպքում կատարվում է պտղի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում եւ միայն առողջ սաղմիկի տեղադրում արգանդի խոռոչ եւ առողջ բալիկի ծնունդ:

7. Ի՞նչ հետազոտություններ է  պետք անցնել ԱՄԲ-ից առաջ:

Կին`

1) Արյան խումբ եւ ռեզուս գործոն (կարող են ներկայացվել դուրս գրումներ բժշկական փաստաթղթերից)

2) Արյան կլինիկական հետազոտություն  (ուժի մեջ է 1 ամիս)

3) Մեզի ընդհանուր հետազոտություն (ուժի մեջ է 1 ամիս)

4) Մակարդելիություն + AFS (ուժի մեջ է 1 ամիս), հոմոցիստեն

5) Կարիոտիպ

6) Արյան բիոքիմիական հետազոտություն (ընդհանուր սպիտակուցներ, ընդհանուր րբիլիռուբին, միզանյութգլուկոզա, ԱլԱՏ, ԱսԱՏ) (ուժի մեջ է 1 ամիս)

7) ՖԽՀԼՀպրոլակտինԹՏՀ, 17-օքսիպրոգեստերոնհակամյուլերյան հորմոն (ցիկլի 2-5-րդօրը)

8) Տոքսոպլազմակարմրուկ,հերպես ,ցիտոմեգալովիրուս (IgG, IgM)

9) Քսուք  ֆլորայի և մաքրության աստիճանի համար  (ուժի մեջ է 1 ամիս)

10)  Արգանդի վզիկի ՊԱՊ հետազոտություն (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1 տարի)

11)  Խլամիդիամիկոպլազմաուրեոպլազմա, HSV1.2, ցիտոմեգալովիրուս (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջէ 1 տարի)

12) Արգանդի վզիկի արտադրության մանրէաբանական հետազոտություն (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1տարի)

13)  Էլեկտրոսրտագրություն (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1տարի)

14)  Թոքերի ֆլյուրոգրաֆիա (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1տարի)

15)  Կրծքագեղձերի եւ վահանաձեւ գեղձի ՈւՁՀ (փոփոխությունների բացակայության դեպքում ուժի մեջ է 1 տարի)

16)  Հոգեբաի կոնսուլտացիա

17) Թերապևտի ախտորոշում առողջական վիճակի եւ հղիության տանելիության հնարավորության մասին (ուժի մեջ է 1 տարի)

18) Արգանդի եւ արգանդի փողերի հետազոտություն 

Տղամարդ`

1) Սպերմոգրամա, MAR թեստ

2) Սերմնահեղուկի բակտերոլոգիական հետազոտություն

3) Կարիոտիպև AZF Y քրոմոսոմներ (AZF a,b,c) ծանր օլիգոոզոսպերմայի ժամանակ

Զույգի համար`

1) Ռեակցիա պասիվ հեմոգլյուտինացիային (ՌՊՀ),

2) ՄԻԱՎ

3) Հեպատիտ եւ C (ուժի մեջ է 3 ամիս)

4) Ավելի վաղ կատարված հետազոտությունների եւ բուժումների փաստաթղթերը

8. Բացասական արդյունքի դեպքում կարելի՞ է կրկնել բեղմնավորումը եւ ե՞րբ:

Իհարկե, պետք է կրկնել, սակայն կրկնման ցուցումը կախված է արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվաբջիջների հավաքից հետո ինչ արդյունք կունենանք, արդյոք տվյալ զույգի համար անհրաժեշտ է կրկնել, թե փոխել մոտեցումը (դոնորական ձվաբջիջ, դոնորական սերմ ) եւ, ամենակարեւորը, չհիասթափվեն  եւ շարժվեն առաջ, ուստի երկրորդ փորձից առաջ մեծ աջակցություն է տալիս հոգեբանը։Մենք յուրաքանչյուր  զույգի  առաջին անհաջող արտամարմնային բեղմնավորումից հետո քննարկում ենք մոտեցումը, դեղորայքը, եւ սխեման փոխելով՝ կարողանում ենք երկրորդ անգամից դրական արդյունք ունենալ։


Աղբյուրը՝ Doctors.am

Պատրաստեց Շուշան Շատիկյանը