Արտթերապիան թերապիայի ժամանակակից և ամենապահանջված մեթոդներից է: Մասնագետների պնդմամբ՝ արտթերապիան շատ լուրջ դրական ազդեցություն կարող է ունենալ ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների վրա:

Առհասարակ, ի՞նչ է արտթերապիան, դրա տեսակներից յուաքանչյուրը ո՞ր խնդիրների լուծմանն է նպաստում, այս և այլ կարևոր հարցերի մասին խոսել ենք «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մանկական հոգեբան, թրեյնինգավար Անի Սարգսյանի հետ:

Արտթերապիան հոգեթերապիայի ուղղություններից է՝ հիմնված արվեստի ճյուղերի վրա։ Հիմնական նպատակն է հասնել ներդաշնակության արվեստի և մշակույթի միջոցով։ Արտթերապիան օգնում է դուրս բերել մարդու միջից անհարմարության զգացողությունը, հանգստացնում է նյարդերը, զարգացնում  հույզերը, դուրս է բերում մարդու մեջ եղած ռեսուրսները և շեղում է խնդիրներից։ Արտթերապիայի ամենահայտնի տեսակներից են նկարչաթերապիան, հեքիաթաթերապիան, ավազաթերապիան, երաժշտաթերապիան ու պարաթերապիան։ 

Երաժշտաթերապիան հնարավորություն է տալիս.

  • հուզական լիցքաթափման, հուզական վիճակի կառավարման,
  • մարդը կարողանում է գիտակցել սեփական ապրումները, թեթևացնել դրանք, ինչու չէ՝ նաև ստեղծագործել
  • ռիթմի զգացողության ձևավորում, որն օգնում է ոչ միայն լսողական ապարատի, այլ նաև խոսքի ռիթմի ձևավորմանը։ Սա կիրառվում է լսողական և խոսքի խանգարման խնդիր ունեցող երեխաների հետ աշխատանքի ընթացքում։
     

Հեքիաթաթերապիան, բացի թերապևիկ ուղղություն լինելուց, ունի նաև ախտորոշիչ և զարգացնող գործառույթ։ Այն օգնում է բացահայտել վախերը, հույզերը, անհանգստությունները։ Հեքիաթաթերապիայի ընթացքում երեխան ընթերցում է հեքիաթը, այնուհետև պատմում այն այնպես, ինչպես ինքն է ընկալել, նկարագրում հեքիաթի հերոսների հույզերն ու ապրումները։ Հաճախ կարող է թերապևտի նախաձեռնությամբ հեքիաթը վերածվել դերային խաղի՝ հնարավորություն տալով երեխային ձևավորել սեփական մտքերը և երկխոսության մեջ մտնել դիմացինի հետ, ինչպես նաև բանավիճել։ Վստահաբար կարելի է նշել, որ հեքիաթաթերապիան նպաստում է ստեղծագործ մտքի զարգացմանը։ 

Կան հոգեթերապևտիկ հեքիաթներ, որտեղ վերջաբանը կիսատ է թողնված, և երեխան պետք է շարունակի այն՝ պրոեկտելով սեփական մտքերը։ Արդյունքում հոգեթերապևտը ախտորոշիչ աշխատանք է իրականացնում՝ վերլուծելով երեխայի ներաշխարհը։  

Ավազաթերապիայի արդյունքում երեխաները կարողանում են ձերբազատվել հոգեբանական տրավմաներից, զարգացնել երևակայությունն ու աշխատացնել միտքը։ Արտթերապիայի այս տեսակն ունի հանգստացնող հատկություն։

Զարգացնում է մանր մոտորիկան, հետևաբար՝ նաև խոսքը։ Քանի որ սենսոմոտոր կենտրոնները, որոնք գտնվում են մատների ծայիրն, առնչվում են ավազի հետ, որը նպաստում է մոտորիկայի զարգացմանը և խոսքի ձևավորմանը: Այսինքն՝ եթե երեխան 2-2,5 տարեկան է, բայց խոսքի հետ կապված խնդիրներ կան, ավազաթերապիան հեշտությամբ կարող է նպաստել երեխայի խոսքի ձևավորմանը:  

Նկարչաթերապիան հնարավորություն է տալիս մարդուն խոսել նկարի միջոցով, նպաստում է նյարդային համակարգի լարվածության լիցքաթափմանը, օգնում  է դուրս մղել ագրեսիան: Նկարչաթերապիան հիմնականում օգտագործում ենք ԿԱՊԿՈՒ /Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող/ երեխաների հետ աշխատելու համար, քանի որ այն ունի զարգացնող, հոգեթերապևտիկ և շտկողական հատկություն:

Արտթերապիան կիրառվում է ոչ միայն հոգեբանության, այլ նաև հոգեբուժության, հատուկ մանկավարժության և հատուկ հոգեբանության մեջ: Արտթերապիան ունի բազմաֆուկնցիոնալություն, որի արդյունքում հնարավոր է ախտորոշիչ, վերականգնողական, ռելաքսացիոն, շտկողական, զարգացնող աշխատանքներ անել: Ամփոփելով՝ կարող ենք վստահաբար ասել, որ արտթերապիան ունի զարգացնող հատկություն բոլորի համար, այդ թվում՝ ԿԱՊԿՈՒ երեխաների համար:Եթե խոսքը գնում է արտթերապիայի արդյունավետության մասին, ապա պետք է այդ գործընթացով զբաղվի բարձրակարգ մասնագետը՝ արտթերապիստը: Կան մի շարք հմտություններ, որոնց պետք է տիրապետի մասնագետը: Դրանցից է երեխային տրվող հարցերի ճիշտ ձևակերպումը: Հաճախ հարցադրումները իրենց մեջ պարունակում են մասնագետի սուբյեկտիվ կարծիքը, որը կարծես թե ազդում է երեխայի պատասխանի վրա, ենթագիտակցաբար պարտադրում այլ կարծիք: Եթե երեխան փորձում է մեր մտքին հարմրավել, սեփական միտքն ու դիրքորոշումը հետ են գնում, և դժվարանում է պարզել նրա իրական կարծիքը: 

Խաղային տեխնիկաների օրինակներ

  • Երեխան վրձնով նկարում է իր ձեռքի վրա ու պատկերացնում՝ թե ինչ պատկեր կարող է լինել այն ու շարունակում է ուրվագծել՝ ստանալով վերջնական պատկեր: Օրինակ եթե երեխան պատկերն ասոցացնում է ոզնու կամ այլ՝ սուր փշեր ունեցող կենդանու հետ, դա խոսում է երեխայի ագրեսիվության մասին:
  • Խաղի մեկ այլ տեսակ է այլընտանքային նկարչությունը, երբ տոպրակի մեջ դնում ենք գնդերով ներկեր այնպես, որ դրանք չխառնվեն, և երեխան սկսում է տոպրակը տրորելով խառնել գույները ու ստանալ որոշակի պատկերներ: Այս դեպքում ակտիվ աշխատում է սենսոմոտորիկան և զարգանում երևակայությունը:
  • Կիրառվում է նաև մատներով նկարչության տեխնիկան, երբ վրձնի փոխարեն մատներն են ներկոտում ու նկարում: Օգտագործում ենք նաև պլաստիլինով աշխատելու տեխնիկան՝ պատրաստելով տարբեր կերպարներ: Սրանք միանշանակ արդյունավետ մեթոդներ են, որոնք կարող են և պետք է կիրառվեն նաև տնային պայմաններում:
  • Ավազաթերապիայի հետ կապված նշեմ, որ կարող ենք տուփ վերցնել, մեջը լցնել կապույտ ավազ, մեջը թաքցնել մի քանի փոքր իր: Երեխային խնդրում ենք գտնել իրերը ու շոշափելով հասկանա՝ ինչ իր է թաքնված: Սանպաստում է ճանաչողությանը և մոտորիկայի զարգացմանը: Նույն բանը կարելի է անել՝ ավազի փոխարեն օգտագործելով ձավարեղեն, օրինակ՝ ոսպ, լոբի, սիսեռ:  

Եթե դպրոցում կամ հատուկ կենտրոններում մասնագետի հետ աշխատելուց հետո երեխան տանը բացարձակ չի զբաղվում այս ամենով, մեր աշխատանքի արդյունքին հասնելու ժամանակահատվածը զգալիորեն երկարում է: