Բուսակերության կողմնակիցներն արդեն շատ տարիներ է, ինչ ասում են. «այո,առողջությունը կարելի է կարգավորել բուսակերության միջոցով», թեև մինչև վերջերս պաշտոնական գիտությունը թերահավատորեն էր վերաբերվում նրանց պնդումներին: Սակայն վերջին տարիների ընթացքում գիտնական-բժիշկները հայտնաբերել են, որ անմիջական կապ կա սննդում մսի օգտագործման և այնպիսի վտանգավոր հիվանդությունների միջև, ինչպիսիք են քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները, և դա ստիպել է նրանց փոխել իրենց հայացքները բուսակերության նկատմամբ:

Դեռևս 60-ական թվականներին գիտնականները հայտնել են այն ենթադրությունը, թե սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի զարգացումը կապված է մսամթերքի օգտագործման հետ: 1961 թ-ի «Բժիշկների ամերիկյան ասոցիացիայի ամսագրում» ասված է. «Բուսական սննդին անցնելը 90-97%-ով կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը»: Այդ ժամանակվանից ի վեր արված հետազոտությունները անհերքելիորեն ապացուցել են, որ ալկոհոլիզմից ու ծխելուց հետո սննդի մեջ մսի օգտագործումը մահացության գլխավոր պատճառն է հանդիսանում Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և աշխարհի մյուս զարգացած երկրներում:

Մարդկային օրգանիզմն ի վիճակի չէ հաղթահարել կենդանական ճարպերի ավելցուկն ու խոլեստերինը: Աշխարհի 23 երկրներում աթերոսկլերոզի հետազոտությամբ զբաղվող 214 գիտնականների հարցումը ցույց է տվել, որ գործնականում նրանք բոլորը համաձայն են այն բանի հետ, որ կախվածություն կա սնվելաձևի, արյան մեջ խոլեստերինի մակարդակի և սրտանոթային հիվանդություների միջև: Եթե օրգանիզմն ավելի շատ խոլեստերին է ստանում, քան անհրաժեշտ է, (որպես կանոն, հենց դա էլ տեղի է ունենում սննդի մեջ միս օգտագործելու դեպքում), ապա դրա ավելցուկը ժամանակի ընթացքում շատ հիվանդությունների պատճառ է դառնում: Խոլեստերինը նստում է արյունատար անոթների պատերին` նվազեցնելով արյան հոսքը դեպի սիրտ, ինչը կարող է դառնալ արյան բարձր ճնշման, սրտի անբավարարության և կաթվածի պատճառ:

Մյուս կողմից` Միլանի համալսարանի և Մեգգիոր կլինիկայի գիտնականներն ապացուցել են, որ բուսական ծագման սպիտակուցը նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Անգլիական «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակած իր հոդվածում Դ.Կ.Ռ. Սիրտորին տեղեկացնում է, որ արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակություն ունեցող և սրտի հիվանդություններով տառապող մարդիկ «կարող են բարելավել իրենց առողջությունը` անցնելով բուսակերական սննդակարգի, որը միայն բուսական սպիտակուց է պարունակում»:

Ինչ վերաբերում է քաղցկեղային հիվանդություններին, ապա վերջին քսան տարիների հետազոտությունները ամենայն որոշակիությամբ մատնացույց են անում սննդի մեջ մսեղեն օգտագործելու և հաստ ու ուղիղ աղիքի, կաթնագեղձերի ու արգանդի քաղցկեղի միջև կախվածության գոյությունը: Այդ օրգանների քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր փոքր քանակությամբ են միս օգտագործում կամ բոլորովին չեն օգտագործում, բայց լայնորեն տարածված է մսով սնվողների մոտ:

Հենց նույն ամսագրի մեկ ուրիշ հոդված հայտնում է. «Այն շրջաններում, որոնց բնակիչները նախապատվությունը տալիս են մեծ քանակությամբ ճարպեր ու կենդանական սպիտակուցներ պարունակող սննդին, հաճախ են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդությունների դեպքերը, այն դեպքում, երբ այնտեղ, որտեղ առավելապես սնվում են փոքր քանակությամբ ճարպեր ու կենդանական ծագման նյութեր պարունակող բուսակերական սննդով, այդպիսի հիվանդությունների դեպքերը համեմատաբար հազվագյուտ են»:

Ռոլլո Ռասսելը իր «Քաղցկեղով հիվանդանալու պատճառների մասին» գրքում գրում է. «Ես հայտնաբերել եմ, որ այն 25 երկրներից, որոնց բնակիչները սնվում են առավելապես մսեղենով, 19-ում շատ բարձր է քաղցկեղով հիվանդացության տոկոսը, և միայն մի երկրում է համեմատաբար ցածր, միևնույն ժամանակ այն 35 երկրներից, որոնց բնակիչները սահմանափակ քանակությամբ են մսեղեն օգտագործում կամ բոլորովին չեն ուտում, չկա գոնե մեկը, որում քաղցկեղով հիվանդացության տոկոսը բարձր լինի»:

Որո՞նք են պատճառները, որ մսեղեն օգտագործող մարդիկ հակված են այդ հիվանդություններին: Պատճառներից մեկը, կենսաբանների ու դիետոլոգների կարծիքով, այն է, որ մարդու մարսողական ուղին հարմարված չէ միս մարսելուն: Գիշակեր կենդանիները համեմատաբար կարճ աղիներ ունեն (մարմնից երեք անգամ երկար), որը թույլ է տալիս ժամանակին դուրս հանել արագ քայքայվող ու թույներ արտադրող միսը: Խոտակեր կենդանիների աղիները մարմնից 6 անգամ են երկար, քանի որ բուսական սնունդը շատ ավելի դանդաղ է քայքայվում, քան միսը: Մարդը, ինչպես և խոտակերները, երկար աղիներ ունի, երբ նա միս է ուտում, նրա օրգանիզմում թունավոր նյութեր են գոյանում, որոնք դժվարացնում են երիկամների աշխատանքը և նպաստում հոդատապի, արտրիտների, ռևմատիզմի և նույնիսկ քաղցկեղի զարգացմանը:

Բացի դրանից, միսը մշակում են հատուկ քիմիկատներով: Կենդանուն խփելուց անմիջապես հետո նրա լեշն սկսում է քայքայվել, և մի քանի օրից այն զզվելի մոխրականաչ գույն է ստանում: Մսի կոմբինատներում գույնի այդպիսի փոփոխությունը կանխում են` մշակելով այն նիտրիտներով, նիտրատներով և այլ նյութերով, որոնք նպաստում են մսի վառ կարմիր գույնի պահպանմանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քիմիական նյութերից շատերն օժտված են քաղցկեղածին հատկություններով: Խնդիրն էլ ավելի է բարդանում նրանով, որ մորթի համար նախատեսված անասունի կերին նույնպես հսկայական քանակությամբ քիմիական նյութեր են ավելացնում: Հենրի և Սթիվեն Նալլերն իրենց «Թույները ձեր օրգանիզմում» գրքում որոշ փաստեր են բերում, որոնք պետք է ստիպեն ընթերցողին լրջորեն մտորել նախքան հերթական մսի կտոր գնելը: «Մսացու կենդանիներին գիրացնում են` նրանց կերին ավելացնելով տրանկվիլիզատորներ, հորմոններ, հակամանրէներ (անտիբիոտիկներ) և 2700 այլ պատրաստուկներ: Կենդանու քիմիական «մշակման» գործընթացն սկսվում է դեռևս նրա ծնվելուց առաջ և դեռ երկար ժամանակ շարունակվում է նրա մահից հետո»:

1983թ., հիմնվելով նման հետազոտությունների արդյունքների վրա` Գիտությունների Ամերիկյան Ակադեմիան հայտնել է, որ մարդիկ կարող են խուսափել շատ քաղցկեղային հիվանդություններից` նվազեցնելով սննդի մեջ ճարպոտ մսի օգտագործումը և օգտագործելով բանջարեղեն ու հացազգիներ:

«Բայց սպասեք, մի՞թե մարդու համար բնական չէ մսով սնվելը: Մի՞թե մեր օրգանիզմը կենդանական ծագման սպիտակուցի կարիք չունի»:

Այս երկու հարցերի պատասխանը մեկն է. ոչ: Թեև որոշ գիտնականներ ու մարդաբաններ պնդում են, որ մարդը վաղուց ի վեր հայտնի է որպես ամենակեր էակ, մեր կազմախոսական կառուցվածքը` ատամները, ծնոտները և մարսողության համակարգը, առավել հարմարված են բուսական սննդի օգտագործմանը: Ամերիկացի դիետոլոգների ասոցիացիան նշում է, որ մարդկանց «ճնշող մեծամասնությունը մարդկության ողջ պատմության ընթացքում սնվել է բուսական կամ առավելապես բուսական սննդով»:

Աշխարհի բնակչության մեծ մասը սննդի այդ համակարգին հետևում է մինչև հիմա: Նույնիսկ ամենազարգացած երկրներում մսեղենով սնվելու սովորությունը տարածվել է ոչ ավելի, քան հարյուր տարի առաջ: Դրա պատճառը հանդիսացել է վագոն-սառնարանների հայտնվելը, ինչպես նաև 20-րդ դարում տիրող սպառողական ոգին:

Բայցևայնպես, մարդու օրգանիզմը նույնիսկ քսաներորդ դարում չի հարմարվել միս մարսելուն: Նշանավոր շվեդացի գիտնական Կառլ Լիննեյը պնդում էր. «Մարդու և կենդանիների մարմնի արտաքին և ներքին կառուցվածքի համեմատական վերլուծությունն ապացուցում է, որ մարդկանց համար բնական սնունդ են հանդիսանում մրգերը և հյութալի բանջարեղենը»:

Ինչ վերաբերում է սպիտակուցներին, ապա բժիշկ Պաավո Այրոլան` դիետոլոգիայի և բնական կենսաբանության բնագավառում առաջատար մի մասնագետ, պնդում է. «Քսան տարի առաջ համարվում էր, որ սպիտակուցի օգտագործման ամենօրյա նորման կազմում է 150 գ, իսկ այսօր պաշտոնապես ընդունված նորման նվազել է մինչև 45 գ: Ինչու՞: Մի շարք երկրներում անցկացված հետազոտությունների շնորհիվ այժմ ստույգ հայտնի է, որ օրգանիզմը սպիտակուցի մեծ քանակության կարիք չունի, և որ նրա ամենօրյա նորման կազմում է 30-45 գ-ից ոչ ավելի: Սպիտակուցների ավելորդ գործածությունը ոչ միայն անօգուտ է, այլև մեծ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին, ավելին` այն կարող է այնպիսի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները: Օրական 45 գ սպիտակուց ստանալու համար բոլորովին էլ պարտադիր չէ միս ուտել: Հացազգիներից, լոբազգիներից, ընկուզեղենից, բանջարեղենից ու մրգերից բաղկացած լիարժեք բուսակերական սնունդը մարդուն լիովին ապահովում է սպիտակուցի անհրաժեշտ քանակությամբ»:
Սպիտակուցի բարձր պարունակությամբ առանձնանում են կաթնամթերքը, հացաբույսերը, լոբազգիները և ընկուզեղենը: Իսկ, օրինակ, պանիրը, գետնանուշը և ոսպը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ սպիտակուց են պարունակում, քան նրբերշիկը, խոզի միսը կամ բիֆշտեքսը:



Բայցևայնպես, դիետոլոգները մինչև հիմա համարում էին, որ լիարժեք սպիտակուցները (այսինքն` բոլոր 8 անփոխարինելի ամինաթթուները պարունակող սպիտակուցները, ամինաթթուներ, որ մարդկային օրգանիզմը չի արտադրում) կան միայն մսի, ձկան, ձվի ու կաթնամթերքի մեջ, և որ բոլոր բուսական սպիտակուցները ոչ լիարժեք են (դրանցում մեկ կամ մի քանի անփոխարինելի ամինաթթուների բացակայության պատճառով): Բայց Կարոլինայի ինստիտուտում (Շվեդիա) և Մաքս Պլանկի ինստիտուտում (Գերմանիա) անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ բանջարեղենի, մրգերի, սերմերի, ընկուզեղենի ու հացաբույսերի մեծամասնությունը լիարժեք սպիտակուցների աղբյուր են հանդիսանում, որոնք, բացի դրանից, նաև ավելի հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից, քան կենդանական ծագման սպիտակուցները, և, ի տարբերություն կենդանական սպիտակուցների, թունավոր խառնուրդներ չեն պարունակում: Սննդի մեջ բավարար քանակությամբ բնական մթերքների օգտագործումը լիովին բացառում է օրգանիզմում սպիտակուցի պակասի հնարավորությունը: Պետք չէ մոռանալ, որ բուսական աշխարհը վերջին հաշվով սպիտակուցի բոլոր տեսակների աղբյուրն է: Բուսակերները սպիտակուցը ստանում են անմիջականորեն այդ աղբյուրից, ոչ թե «երկրորդ ձեռքից», ինչպես խոտակեր կենդանիների մսով սնվողները:

Սպիտակուցի ավելցուկային գործածությունը նվազեցնում է մարդու աշխատունակությունը: Ելսի համալսարանի դոկտոր Իրվինգ Ֆիշերը մի շարք գիտափորձեր է կատարել, որոնցում ցույց է տվել, որ բուսակերները երկու անգամ ավելի մեծ դիմացկունություն ունեն, քան միս օգտագործողները: Իսկ երբ նա 20%-ով պակասեցրել է ոչ բուսակերների կողմից օգտագործվող սպիտակուցների քանակությունը, նրանց աշխատունակությունն աճել է 33%-ով: Մի շարք այլ համանման հետազոտություններում հաստատվել է, որ բուսակերական մթերքներն ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում, քան միսը: Իսկ Բրյուսելի համալսարանի դոկտոր Ջ. Յոտեքյոյի և Վ. Կիպանիի հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակերներն ընդունակ են երկու-երեք անգամ ավելի երկար աշխատել, քան մսով սնվողները, բացի դրանից նրանք երեք անգամ ավելի արագ են վերականգնում իրենց ուժերը:

Bigfamily.am


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: