Շատերի կարծիքով, բուսակերության օգտին ամենակարևոր փաստարկը բարոյագիտական նկատառումներն են: Նրանք, ովքեր բուսակեր են դառնում բարոյագիտական նկատառումներից ելնելով, հիմնվում են այն համոզմունքի վրա, որ մյուս արարածները նույնպես զգացմունքներ ու հույզեր ունեն, ինչպես մարդը: Այդպիսի համոզմունքը ստիպում է մարդուն ավելի շրջահայաց լինել իրենց գործողություններում և աշխատել տառապանք չպատճառել մյուս կենդանի արարածներին:

«Հյուսիս-ամերիկյան բուսակերական ընկերության» ամսագրում հրապարակված «Բուսակերության բարոյագիտությունը» ակնարկը պսակազերծում է այսպես կոչված «կենդանիներին մարդասիրաբար սպանելու» ըմբռնումը. «Մեր օրերում շատ մարդիկ իրենց հանգստացնում են այն մտքով, որ կենդանիներին այժմ սպանում են «մարդասիրական» եղանակներով, և խուլ են մնում սննդի մեջ միս օգտագործելու անբարոյականությունն ապացուցող ցանկացած փաստարկի հանդեպ: Ցավոք, այդ պատկերացումները ոչ մի ընդհանուր բան չունեն կյանքի, ինչպես նաև մահվան ճշմարտության հետ:

Մսացու կենդանիները, որոնք իրենց ողջ կյանքն անց են կացնում գերության մեջ, դատապարտված են խղճուկ, տանջալի գոյության: Նրանք լույս աշխարհ են գալիս արհեստական բեղմնավորման հետևանքով, ենթարկվում են դաժան կրտման և հորմոններով խթանման, նրանց բտում են անբնական սննդով և ի վերջո սարսափելի պայմանններում տանում են այնտեղ, որտեղ նրանց մահ է սպասում: Նեղ փարախներ, էլեկտրական խթաններ… և այս ամենը առաջվա պես կենդանիների բազմացման ու մորթման «նորագույն» եղանակների անբաժանելի մասն է կազմում: Աչք փակել այս ամենի վրա և բողոքել լոկ կյանքի վերջին վայրկյաններին կենդանիների նկատմամբ անմարդկային դաժանության դեմ նշանակում է խիստ աղոտ պատկերացումներ ունենալ «մարդասիրական» բառի իմաստի մասին»:

Կենդանիներին սպանելու մասին ճշմարտությունը, մեղմ ասած, այնքան էլ գրավիչ չէ. արդյունաբերական սպանդանոցները դժոխքի տեսարաններ են հիշեցնում: Ականջ ծակող ձայնով ճչացող կենդանիներին լռեցնում են մուրճի հարվածներով, էլեկտրական հոսանքով կամ օդաճնշական ատրճանակներով: Այնուհետև նրանց ոտքերից կախում են փոխակրիչից, որը նրանց տանում է այդ մահվան ֆաբրիկայի արտադրամասերով: Դեռևս կենդանի ժամանակ նրանց կոկորդը կտրում են և կաշին քերթում, այնպես որ նրանք մեռնում են արյան կորստից: Դժվար է հասկանալ, թե ինչու կոնվենցիաներն ու համաձայնագրերը, որ կանխապայմաններ են դնում ընտանի կենդանիների ու նույնիսկ լաբորատորական առնետների հետ վարվելու վերաբերյալ, չեն տարածվում գյուղատնտեսական կենդանիների վրա, որոնց խեղում ու անխղճորեն սպանում են սպանդանոցներում:

Շատ մարդիկ առանց տատանվելու կհրաժարվեին մսեղենից, եթե առիթ ունենային գտնվելու սպանդանոցում կամ ստիպված լինեին անձամբ սպանել այն կենդանիներին, որոնց միսն իրենք ուտում են: Դրա համար էլ շատ օգտակար կլիներ սպանդանոցներ այցելելը պարտադիր դարձնել բոլոր նրանց համար, ովքեր սնվում են մսով:

Հին ժամանակների նշանավոր մաթեմատիկոս Պյութագորասն ասել է. «Եղբայրներ իմ, մի պղծեք ձեր մարմինը մեղսալի սննդով: Մենք ունենք ցորեն, ունենք խնձոր, որի ծանրությունից կռանում են խնձորենու ճյուղերը, վազերի վրա հյութակալած խաղող: Ունենք հոտավետ խոտեր ու բանջարեղեն, որոնք կարելի է պատրաստել կրակի վրա, մեզ չեն զրկել կաթից ու մեղրից, որից ուրցի հոտ է գալիս: Հողն առատորեն պարգևում է մեզ իր գանձերը` տրամադրելով մաքուր սնունդ, և հրավիրում մեզ ճաշկերույթի, որը պղտորված չէ արյունահեղությամբ. միայն գազաններն են իրենց քաղցը հագեցնում մսով, այն էլ նրանցից ոչ բոլորը, չէ՞ որ ձիերը, կովերն ու ոչխարները խոտով են կերակրվում»:

«Մարմին/միս ուտելը» վերնագրված աշխատության մեջ հռոմեացի պատմաբան Պլուտարքոսը գրում է. «Արժե՞ արդյոք հարցնել, թե ինչու է Պյութագորասը հրաժարվել մսից: Անձամբ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե մտքի ինչպիսի վիճակում է եղել այն մարդը, որն առաջին անգամ շուրթերը հպել է արնաշաղախ մարմնին ու լեշ ճաշակել, ինչպիսի հանգամանքներ են ստիպել նրան իր սեղանները լցնել քայքայված մարմիններից պատրաստված ճաշատեսակներով և ուտելիք անվանել այն, ինչը բոլորովին վերջերս դեռ բառաչում ու մկկում էր, շարժվում ու շնչում էր... Չգիտես ինչու, մենք չենք ուտում առյուծներին ու գայլերին, որոնք վտանգ են ներկայացնում մեր կյանքին, բայց փոխարենը սպանում ենք անվնաս, հնազանդ էակների, որոնք մեզ ոչ մի վնաս չեն կարող պատճառել, քանզի ոչ ճանկեր ունեն, ոչ էլ ժանիքներ: Մի կտոր մսի համար մենք զրկում ենք նրանց արևից, լույսից ու կյանքից, որի իրավունքը նրանք ունեն ճիշտ այնպես, ինչպես և մենք»:

Այնուհետև Պլուտարքոսը մարտահրավեր է նետում բոլոր նրանց, ովքեր սնվում են մսով. «Եթե դուք այդքան համոզված եք, որ կենդանիները նախատեսված են մեր սննդի համար, ապա նախ ինքներդ սպանեք այն արարածին, որի միսն ուզում եք ուտել: Բայց սպանեք նրան սեփական ձեռքերով կամ ատամներով` առանց դանակի, մահակի կամ կացնի օգնությանը դիմելու»:

Անգլիացի բանաստեղծ Շելլին նույնպես համոզված բուսակեր էր: Իր «Ի պաշտպանություն բնական սննդի» էսսեում նա գրել է. «Թող մսակերության կողմնակիցն իր համոզմունքները գործով ապացուցի: Թող նա, հետևելով Պլուտարքոսի խորհրդին, իր ատամներով հոշոտի կենդանի գառանը և ատամները խրելով նրա ներքին օրգանների մեջ` ծարավը հագեցնի հոսող արյամբ... այդ դեպքում և միայն այդ դեպքում նա հետևողական կլինի»: Ջորջ Բեռնարդ Շոուն մերկացրել է մարդկանց երկերեսանիությունը. «Երբ մարդն ուզում է վագրին սպանել, դա սպորտ է համարվում, իսկ երբ վագրն է ուզում մարդուն սպանել, դա դաժանություն է համարվում»:

Լև Տոլստոյը գրել է, որ կենդանիներին սպանելով հանուն կերակուրի` «մարդն իր մեջ ճնշում է բարձրագույն հոգևոր զգացմունքները` կարեկցանքն ու խղճահարությունը իր նման այլ կենդանի արարածների նկատմամբ, և իրեն հաղթահարելով` դաժանացնում է իր սիրտը»: Նա նաև նախազգուշացրել է. «Ինչպե՞ս կարելի է հուսալ, որ երկրի վրա խաղաղություն ու բարգավաճում կտիրի, եթե մեր մարմինները կենդանի գերեզմաններ են, որոնցում սպանված կենդանիներ են թաղված»:

Կորցնելով հարգանքը կենդանիների կյանքի հանդեպ` մարդիկ դադարում են գնահատել նաև մարդկային կյանքը: 2600 տարի առաջ Պյութագորասն ասել է. «Նրանք, ովքեր սպանում են կենդանիներին` նրանց միսն ուտելու համար, կարող են առանց երկար մտածելու սպանել նաև իրենց նմաններին»: Մենք սարսափում ենք թշնամու զենքերից, ռումբերից ու հրթիռներից, բայց հանգիստ աչք ենք փակում այն մահացու ցավի ու սարսափի վրա, որ զգում են ամեն տարի մեր կերակրման համար սպանվող մեկուկես միլիարդ կովերը, ոչխարներն ու խոզերը և 225 միլիարդ թռչունները (24): Ամեն տարի որսացվող ձկների քանակը տրիլիոնների է հասնում, էլ չենք խոսում այն տասնյակ միլիոնավոր կենդանիների մասին, որ տանջամահ են արվում «կտտանքների ճամբարներում»` բժշկական և գիտական լաբորատորիաներում, և այն կենդանիների մասին, որոնց սպանում են հանուն մորթու, կաշվի կամ պարզապես զվարճության համար որսի ժամանակ: Ու՞մ լեզուն կպտտվի ժխտել, որ նման վայրագությունները սրտեր են դաժանացնում:

Լեոնարդո դա Վինչին գրել է. «Հիրավի, մարդը գազանների արքան է, քանզի իր դաժանությամբ նա զգալիորեն գերազանցում է նրանց: Մենք ապրում ենք ուրիշների կյանքի գնով: Մեր մարմինները քայլող գերեզմանոցներ են»: Այնուհետև. «Կգա ժամանակ, երբ մարդիկ կենդանի սպանողին կնայեն ճիշտ այնպես, ինչպես մարդ սպանողին»:

Մահաթմա Գանդին համարում էր, որ բարոյագիտական սկզբունքներն ավելի ծանրակշիռ հիմքեր են հանդիսանում բուսակեր դառնալու համար, քան սեփական առողջության մասին հոգալը: «Ես համոզված եմ,- գրել է նա,- որ եթե մենք ձգտում ենք հոգևոր կատարելագործման, ապա պետք է դադարենք սպանել մեր կրտսեր եղբայրներին հանուն մեր ֆիզիկական պահանջմունքների բավարարման»: Նրան է պատկանում նաև հետևյալ ասույթը. «Երկրի մեծության մասին կարելի դատել այն բանից, թե նրանում ինչպես են վերաբերվում կենդանիներին»:

Bigfamily.am


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: