«Առողջապահություն» ամսագիրն իր մշտական «ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ» խորագրում ընթերցողին է ներկայացնում բուժման արդեն հնացած մեթոդները, որոնք սխալ է կիրառել մեր օրերում և ժամանակակից բժշկությունը խստորեն արգելում է:

Ձեզ ենք ներկայացնում գինեկոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտյոմ Ստեփանյանի պնդումը արգանդի վզիկի էրոզիայի «բուժման» վերաբերյալ:

ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ բուժել արգանդի վզիկի էրոզիա, քանի որ ժամանակակից գինեկոլոգիայում նման ախտորոշում պարզապես գոյություն չունի:

Այն, ինչ միշտ կոչվել է արգանդի վզիկի էրոզիա և որպես բուժում ակտիվորեն այրվել՝ առանց որևէ մտորումների, առանց հաշվի առնելու էպիթելի զարգացման տասնյակ տարբեր ատիպիկ պատկերները,  իրականում հանգեցնում էր առողջ բջիջների չարորակացման:

Նախկինում, և ցավոք մինչ օրս, այս բժշկական մոլորությունը  հարյուրավոր կանանց առողջություն է արժեցել:

Պարզվում է, որ ընդունված էր էրոզիա համարել արգանդի վզիկի վրա հայտնված , ատիպիկ տարբեր չափերի և տարածվածության կարմիր բծերը: Ի դեպ, դեռահաս աղջիկների մոտ արգանդի վզիկը պատված է հենց այդպիսի բծերով, քանի որ նրանց մոտ նույնպես էպիթելը գլանաձև է և վերածվում է հարթի միայն դաշտանային ցիկլի սկսվելուց հետո:

Այս երկու տեսակի էպիթելների տարբերությունն այն է, որ հարթ էպիթելը դաշտանային ցիկլի ընթացքում ենթարկվում է փոփոխությունների, իսկ գլանաձևը՝ ոչ:

Տարիքով պայմանավորված, գլանաձև էպիթելը տարածվում է դեպի արգանդի խոռոչ, սակայն ոչ անմիջապես և ոչ բոլորի մոտ միևնույն ձևով:

Երբեմն պատահում է, որ այս գործընթացն ուշանում է և «խիստ մտահոգ» գինեկոլոգը՝ հաշվի չառնելով անհատական և տարիքային առանձնահատկությունները՝ այրում է այն:

Ի դեպ, դեռ 100 տարի առաջ է գերմանացի գինեկոլոգ Հանց Հինզելմանը հնարել  արգանդի վզիկը մանրազնին ուսումնասիրող սարքը՝ կոլպոսկոպը: Ի տարբերություն գինեկոլոգիական հայելու միջոցով զննման, կոլպոսկոպը հնարավորություն է ընձեռում հասկանալ բծերի բնույթը: Եվ հենց այս հետազոտության ընթացքում տարբեր հստակությամբ հնարավոր է ախտորոշել որևէ հիվանդության առկայությունը, սակայն, միևնույն է՝ ոչ էրոզիա:

Ո՞ր հիվանդություններն են հաճախ «բուժվում» որպես էրոզիա

Էկտոպիա՝ տարիքային առանձնահատկություն, որի դեպքում հարթ և գլանաձև էպիթելները գտնվում են ոչ իրենց բնորոշ տեղում:

Էկտրոպիոն` ցերվիկալ ուղու արտաշրջումն է և սպիացումը՝ տրավմատիկ ծննդաբերությունից հետո: Սա ևս չի թույլատրվում այրել:

Քրոնիկ ցերվիցիտ՝ արգանդի վզիկի բորբոքումն է. այրելով սա քողարկվում  է հիվանդության հետագա ընթացքը և բարդանում հետազոտությունը, ինչպես նաև հրահրում ուռուցքային բջիջների առաջացումը:


Տարիքի հետ կապված, արգանդի վզիկի վրա կարող են առաջանալ տարատեսակ փոփոխություններ, սակայն ժամանակակից գինեկոլոգիայում և ապացուցողական բժշկության մեջ գոյություն չունի էրոզիա ախտորոշումը:

Այսպիսով, բոլոր այն կանանց, ում արգանդի վզիկն այդքան «դուր չի գալիս» գինեկոլոգներին, խորհուրդ եմ տալիս.

  • լիարժեք բուժել տարբեր բորբոքային պրոցեսները,
  • անցնել կոլպոսկոպիկ հետազոտություն,
  • խորհրդակցել վստահություն ներշնչող և փորձառու բժշկի հետ,
  • և, իհարկե, լինել առողջ:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
Կազմեց՝ Ամալյա Գրիգորյանը