«Արհեստական կաթնախառնուրդն ամենաարագ ճանապարհն է, որը տանում է կրծքով կերակրման դադարեցման»,- վստահ է մանկաբույժ Մարի Դարակչյանը:

Doctors.am-ը զրուցել է մանկաբույժի հետ՝ պարզելու համար, թե ինչու է մայրական կաթն այդքան անհրաժեշտ, երբ եւ որ դեպքերում է կարելի արհեստական կաթնախառուրդ տալ երեխային եւ այլ հարցեր:

Որ դեպքերում է կաթնախառնուրդ ցուցվում

Արհեստական կաթնախառնուրդներ խորհուրդ չենք տալիս, քանի որ, ինչքան էլ արտադրողները փորձեն մոտեցնել դրանք կրծքի կաթին, միեւնույն է, այն չի կարող լինել մայրական կաթի լիարժեք փոխարինիչ, եւ, բնականաբար, դրա օգտագործումը պետք է լինի ցուցված: Եվ այստեղ կա ինչպես մոր, այնպես էլ երեխայի գործոնը:

Եթե երեխայի հետ կապված գործոնից ենք խոսում, դա անհաս, մարմնի ցածր զանգվածով ծնված երեխաներն են, որոնք հատուկ կաթնախառնուրդների կարիք ունեն, որոնց մեջ ավելի շատ կալորիաներ, սպիտակուցներ կան երեխայի նորմալ աճն ու զարգացումն ապահովելու համար: Մոր դեպքում էլ, եթե նա ինտենսիվ թերապիայի բաժնում երկարատեւ բուժում է ստացել, եւ այդ ընթացքում կանթարատդրությունը չի խթանվել:

Այսպիսով, կաթնախառնուրդ օգտագործելու ցուցումը պետք է լինի մոր մոտ կաթի բացակայությունը կամ երեխայի մոտ առողջական այպիսի խնդիրները, որոնք բացառում են կուրծք ուտելու ունակությունը: Չնայած, այս վերջինը միանշանակ չէ, քանի որ նույնիսկ այդ դեպքում կինը կարող է կթել կուրծքը եւ այլընտրանքային եղանակով տալ երեխային:

Պետք է հիշել, որ երբ մոր կուրծքը չի խթանվում երեխայի կողմից, ժամանակի ընթացքում կաթը պակասում է, եւ երեխան, բնականաբար, կարիք է ունենում կաթնախառնուրդների:
Ինչ վերաբերվում է կնոջ մոտ կաթի բացակայությանը, ապա դա լինում է բացառիկ դեպքերում, քանի որ Առողջության Համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ծննդաբերելու ունակ կանանց 95-98 տոկոսը ունակ է կրծքով կերակրելու:

Ներկայում մեզ մոտ շատ է նկատվում կաթնախառնուրդի օգտագործումը: Հիմնականում դա լինում է, երբ մայրիկը կամ տատիկը որոշում են, որ երեխան բավարար չափով կաթ չի ստանում եւ չի կշտանում: Սա համընկնում է այն փուլի հետ, երբ երեխայի մոտ սկսվում են աղեխիթերը, եւ երեխան օրվա ընթացքում լացի կրկնվող էպիզոդներ է ունենում, ինչը մեկնաբանվում է որպես քաղցի լաց: Նաեւ կրծքի կաթն անչափելի է, եւ շատ մայրիկներ չեն կողմնորոշվում՝ ինչպես հասկանալ, թե երեխան որքան է կերել, ուստի միակ ցուցանիշը, որով առաջնորդվում են, լինում է երեխայի լացը:

Ինչպես հասկանալ՝ արդյոք երեխան կշտացել է կրծքով կերակրման արդյունքում

Մինչեւ մեկ ամսականը այդ ցուցիչը երեխայի ամենօրյա կեղտի առկայությունն է (կամ ամեն ուտելուց հետո) եւ մեզով լի տակդիրները: Մայրիկը կարող է ուղղակի հաշվել՝ օրվա մեջ 5-6 մեզով լի տակդիրի առկայությունը հստակ ցուցանիշ է, որ երեխան բավարար կաթ է ստանում:

Եթե երեխան մեկ ամսականից մեծ է, եւ ֆիզիոլոգիայով պայմանավորված ավելի քիչ հաճախականությամբ է կեղտոտում, ինչը համարվում է նորմա եւ բնավ չի խոսում փորկապության մասին, ինչպես շատ մայրիկներ կարող են կարծել, այս դեպքում միայն մեզի քանակով ենք կողմնորշվում, որովհետեւ կուրծք ուտող երեխան կարող է մինչեւ յոթ օր չկեղտոտել: 
Հետեւապես, պետք է որդեգրել մի մոտեցում, որ Դուք ավելի շատ օրինաչափություն եք, քան բացառություն: Եվ եթե Դուք օրինաչափ կին եք, օրինաչափ հղիացել եք, ծննդաբերել, երեխան առողջ է, ապա մեծ է հավանականությունը, որ կկարողանաք միայն կրծքով կերակրել Ձեր երեխային: 

Հիշեք՝ եթե կաթնախառնուրդը մտավ ընտանիք, դա կարճ ճանապարհ է, որ կրծքով կերակրումն արագ փոխարինվի կաթնախառնուրդով կերակրմամբ:
Կուրծք ուտելու մեխանիզմը խիստ տարբերվում է ծծակով կերակրման մեխանիզմից, եւ եթե երեխան սովորում է ծծակին, հետագայում հրաժարվում է կրծքից, ավելի քիչ է մնում կրծքի վրա, ինչն էլ բերում է կրծքի կաթի արտադրման նվազման, որովհետեւ կուծքն արտադրում է  ճիշտ  այնքան կաթ, որքան դուրս է գալիս կրծքից: Որքան երկար երեխան ուտի, այնքան ավելի շատ կլցվի կուրծքը: 


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկլյանը