Չի կարելի մասնահատել կամ հեռացնել վահանաձև գեղձը առանց հաստատված բջջաբանական ախտորոշման:
Վահանաձև գեղձում հիմնականում ձևավորվում են 3 տիպի ախտաբանական գոյացություններ՝ հանգուցավոր խպիպ, ֆոլլիկուլյար ադենոմա և վահանաձև գեղձի քաղցկեղ: Ուլտրաձայնային մեթոդով հայտնաբերված 6մմ-ից մեծ բոլոր կասկածելի հանգույցների դեպքում պետք է որոշվի արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը ( FT4, TSH, TG, TG-Ab, TP-Ab), կատարվի հանգույցի բարակասեղային բիոպսիա (FNA), հարկ եղած դեպքում՝ գեղձի ճառագայթամիջուկային հետազոտություն (սցինտիգրաֆիա): Թվարկված մեթոդների արդյունքներով տրվում է նախնական ախտորոշում:
Չի կարելի վիրահատել վահանաձև գեղձը հանգուցավոր խպիպի կապակցությամբ: Խպիպի բուժման հիմնական մեթոդը դեղորայքային է, որով զբաղվում են էնդոկրինոլոգները: Միայն բուժման անարդյունավետության և հանգույցի մեծ չափերի դեպքում օգնության է հասնում վիրաբուժությունը:
Ֆոլլիկուլյար ադենոմայի բուժումը միայն վիրաբուժական է: Նման գոյացությունները ժամանակի ընթացքում ենթարկվում են տրանսֆորմացիայի և չարորականում: Վիրահատության ծավալը կախված է հանգույցի չափերից և տեղակայումից:

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժումը մեծ մասամբ վիրաբուժական է: Բացառություն են ուժեղ տարածված և ուռուցքի անապլաստիկ կամ ոչ տարբերակված ձևերը: Վիրահատության ծավալը և հետվիրահատական բուժումը, ինչպիսին են ռադիոակտիվ յոդով թերապիան և ճառագայթային բուժումը, կախված են հանգույցի տեսակից, չափերից, տեղակայումից և ռեգիոնար ավշահանգույցներում առկա մետաստազներից:


Այսպիսով, բարորակ գոյացություններով զբաղվում են այն վիրաբույժները, որոնք ունեն տվյալ ոլորտում մասնագիտական փորձ: Ամեն դեպքում չարորակ ուռուցքի բուժմամբ պետք է զբաղվեն բացառապես ուռուցքաբանները:
 


Doctors.am
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016