Ցավոք, հաճախ ենք ականատես լինում երեխաների հանդեպ բռնության տեսակներին՝ ֆիզիկական, խոսքային, ճնշող, սպառնացող։ Բռնությունը կարող է լինել ընտանիքում, դպրոցում, նաև հասարակական վայրերում։

Հայաստանում 1-14 տարեկան երեխաների 70 տոկոսը ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Դժբախտաբար այս ամենը խորը հետք է թողնում երեխաների հետագա ողջ կյանքի վրա (տվյալները ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հայտարարության)։

Բռնություն կա, եթե կա դիտավորություն, կրկնություն և ուժի գործադրում: Բռնարարը նա է, ով մտադրված է ցավ պատճառում: Որոշիչ գործոն է բռնության կրկնվող բնույթ ունենալը: Բռնությունը վարքագիծ է, այլ ոչ թե առանձին մի դեպք:                                                                                       

Բռնությունը կարող է տեղի ունենալ ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բռնությունը հաճախ տեղի է ունենում սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, էլ. փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակի միջոցով:

Բռնարարը հաճախ անզեն աչքով տեսանելի չէ մեզ համար։ Բռնարար ծնողը կարող է երեխային կտտանքների ենթարկել, ինչպես մենք վերջերս ականատես եղանք, սակայն տվյալ դեպքը բացահայտվեց համացանցի և մեծ աղմուկի շնորհիվ։ Եթե չլիներ նման տարածում, գուցե այն այդպես էլ ծածուկ մնար, քանի որ դպրոցներում ուսուցիչնեը հաճախ չեն նկատում երեխայի խնդիրը, տրամադրության փոփոխությունները, մեկուսանալը։ Յուրաքանչյուր դպրոցում մանկավարժի հետ միասին պետք է աշխատանք և անհատական մոտեցում ցուցաբերի նաև հոգեբանը։ Մանկավարժը գուցե չնկատի խորքային խնդիրը, մեկնաբանելով դա որպես թվացյալ տարիքային դրսևորում, բայց լինի ավելի լուրջ խնդիր։

Բռնությունը կարող է վնասակար և երկարատև հետևանքներ ունենալ երեխաների կյանքում: Բացի բռնության ֆիզիկական հետևանքները երեխաների մոտ կարող են առաջանալ հուզական և հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում նաև դեպրեսիաներ ու անհանգստություն։ Դպրոցում տիրող միջավայրը չափազանց կարևոր է բոլոր աշակերտների համար, և այն մեծ ազդեցություն է թողնում նրանց հետագա կյանքի վրա: 

Հարգելի՛ ծնողներ, եթե դպրոցում տեղի է ունենում բռնություն մանկավարժի կողմից, մի՛ լռեք, դիմե՛ք համապատասխան մարմիններին, դպրոցի տնօրինությանը, հիշեք, որ երեխայի հանդեպ ճնշող խոսքը անգամ բռնություն է։

Խոսե՛ք կատարված դեպքի մասին, այսպես կարող ենք կանխել բռնարար մասնագետի հաջորդ քայլերը։ Եթե կա նման խնդիր պետք է հոգեբանական աջակցություն և հսկողություն։

Երեխաները իրենց մտահոգությունները շատ հաճախ չեն արտահայտում։

Փնտրե՛ք հետևյալ նշանները.

  • Ագրեսիվ լինելը կամ զայրույթի պոռթկումներ ունենալը:
  • Ֆիզիկական նշաններ, օրինակ՝ անբացատրելի կապտուկներ, քերծվածքներ,  լավացող վերքեր:
  • Դպրոց գնալու կամ դպրոցական միջոցառումներին մասնակցելու վախ:
  • Անհանգիստ, նյարդայնացած կամ չափազանց լարված լինելը:
  • Դպրոցում կամ դպրոցից դուրս քիչ ընկերներ ունենալը:
  • Հանկարծակի ընկերներին կորցնելը կամ սոցիալական իրավիճակներից խուսափելը:
  • Հագուստի, էլեկտրոնային կամ այլ անձնական իրերի կորուստը կամ ոչնչացումը:
  • Հաճախակի գումար խնդրելը:
  • Ցածր առաջադիմությունը:
  • Վատ քնելը կամ մղձավանջները:
  • Գլխացավի, փորացավի կամ այլ ֆիզիկական ցավերի/հիվանդությունների գանգատները:
  • Պարբերաբար առցանց կամ հեռախոսով ժամանակ անցկացնելուց հետո նեղվածությունը (առանց ողջամիտ բացատրության):
  • Անսովոր գաղտնապահությունը, մանավանդ՝ համացանցում գործողությունների վերաբերյալ:

Խոսեք երեխաների հետ բռնության մասին, ընդ որում սա վերաբերվում է և՛ ծնողներին և՛ ուսուցիչներին։

Հարցրե՛ք դպրոցում իրենց անցկացրած ժամանակի մասին՝  հետաքրքրվելով ոչ միայն դասերով և կոնկրետ գործողություններով, այլև նրանց զգացմունքներով: Խոսե՛ք ձեր երեխաների հետ այն մասին, թե որն է իրենց կարծիքով դպրոցում, փողոցում, բակում և առցանց տիրույթում լավ ու վատ վարքը: Անկաշկանդ հաղորդակցություն ունենալը կարևոր է, որպեսզի Ձեր երեխաները իրենց հանգիստ զգան իրենց կյանքի մասին Ձեզ պատմելիս:

Եթե երեխաները իմանան, թե ինչ է բռնությունը, կկարողանան ավելի հեշտությամբ նկատել այն՝ անկախ նրանից դա պատահել է իրենց հետ, թե մեկ ուրիշի:


Ալվինա Դավթյան