Այսօր Հայաստանում իրենց մասնագիտական պարտականություններն են կատարում շուրջ 30.000 բուժաշխատողներ, և հենց նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ կազմակերպվում է մեր ազգաբնակչության առողջաապահությունը. ախտորոշվում և բուժվում են հիվանդություններ, արդյունքում՝ փրկվում բազմաթիվ կյանքեր:  Մեր հասարակության մեջ բժշկի դերը մշտապես կարևորվել և իր ուրույն տեղն է ունեցել՝  ինչպես սահմանապահ զինվորինը, ոստիկանինը, ուսուցչինը…

Հայտնի է սակայն, որ բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ, այսպիսով, բժշկական գործունեության ընթացքում երբեմն ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները լարվում են, և հարցը տեղափոխվում է իրավական հարթակ:

Բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների, հարցի օրենսդրական կարգավորման մասին Doctors.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:

- Պրն. Մուրադյան, ասացե՛ք խնդրեմ, արդյո՞ք մեր երկրում բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններն ունեն իրավական կարգավորում:  Օրենսդրական ի՞նչ լծակներ են գործում՝ երբեմն ծագած հակասությունները հարթելու համար:

- Այս տարի,  ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ,  մեր կարևորագույն որոշումներից էր շարունակական բժշկական զարգացման գործընթացն ապահովող փաստաթղթի մշակումն ու դրան օրենքի ուժ տալը:

Նույն փաստաթղթի մեջ տեղ գտան նաև «ուղեցույց» և «գերծելակարգ» եզրերը, որոնք հավաստում են, որ բժշկական գործունեությունը Հայաստանում լինելու է առավել կանոնակարգված:

Այսօր մեր երկրում դաշտն առաջնորդվում է էնտուզիազմի հիման վրա, ինչը, երբեմն, խանգարում է բժշկին՝ դատողությունները ճիշտ կազմակերպել: Սակայն այս հարցին օրենքի ուժ տալը հավաստում է, որ մեր պետությունն այսօր ապացուցողական բժշկության ջատագովն է. այն, օրենքի ուժով, բոլոր բուժհաստատություններին, բժիշկներին, բուժաշխատողներին պարտադրում է անցնել չափագրված որակի:

Լիահույս եմ, որ այս քայլը ևս նպաստելու է բուժօգնության որակի բարելավմանը և որակի չափորոշիչների հստակեցմանը: Վստահ եմ, որ օրենքի նախագիծն արդեն երկրորդ ընթերցումն անցնելուց հետո կհաստատվի:

- Ուղեցույցների և գործելակարգերի ներդրումն, ամեն դեպքում, երկկողմանի հարց է: Ի՞նչ եք կարծում, մեր հասարակությունն այսօր պատրա՞ստ է դրանց ներդրմանը, առողջապահական ոլորտում որոշակի կանոնակարգի հաստատմանը, երբ, օրինակ՝ կհստակեցվեն բժշկի անձնական հեռախոսահամարին զանգահարելու ժամերը, նրան որևէ խնդրով դիմելը աշխատանքային հարթակից դուրս և այլն…

- Մարդկային ջերմությունը և հոգատարությունն, իհարկե, անփոխարինելի են բժշկի մասնագիտական գործունեության մեջ և խիստ հատուկ մեր հայ բժշկին, սակայն պետք է խոստովանել, որ նա անվերջ չէր կարող այդ կերպ լրացնել օրենքի բացը: Նախկինում մենք փորձում էինք հուզական դաշտում ծածկել այն բացերը, որ առաջացել էին օրենսդրական և նորմատիվ դաշտերում:  Հոգատար, մարդկային վերաբերմունքը, գթասրտությունը բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների մեջ այսօր դարձել են ուղենիշ, սակայն բավական է ընդամենը մեկ չեզոք վերաբերմունք դեպի հիվանդը, և արդեն զարգանում է խիստ ընդվզում հիվանդի կողմից: Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ բժիշկն ինքը մարդ է և պետք է ունենա իր հանգստի ժամը, անձնական հեռախոսահամարը, անձնական կյանքը…

Ես ինքս կլինիցիստ եմ, և բազմիցս առընչվել եմ այն խնդրին, երբ օրինակ գիշերվա ուշ ժամին զանգահարող մարդը չի ըմբռնում՝ արդյո՞ք իր խնդիրները և հարցադրումներն ինձ համար ընկալելի են աշխատանքային հարթակից դուրս, այդքան ուշ ժամի:

Այս ամենը վկայությունն է փաստի, որ բժշկի հանդեպ պահանջատիրական խնդիրն ավելի բարձր է հուզական դաշտում, մինչդեռ, դա առավել արդարացված կլիներ չափագրված դաշտում:

Պետք է խոստովանեմ, որ մենք որոշ չափով ուշացել ենք այս հարցում: Գործելակարգերի, ուղեցույցների ներդրումը և չափագրման աշխատանքները դանդաղել են, ուշացել, և այսօր ՝ դարձել հասարակության կողմից ասիմերտիկ պահանջ: Ցավոք, այսօր այդ պահանջը երբեմն ոչ կոռեկտ է ձևակերպվում:

Մենք սկզբունքորեն կողմ ենք, որ լինեն միասնական գործելակարգեր՝ յուրաքանչյուր բուժհիմնարկին բնորոշ, սակայն մենք ոչ էլ կարող ենք պարտադրել բժշկին անտարբեր լինել հիվանդի այս կամ այն խնդրի նկատմամբ և առաջնորդվել միմիայն գործելակարգերով:

Երկար տարիներ այս գործընթացն իրականացվել է բժշկի խղճի և հեղինակության, տարիների ընթացքում ձեռք բերված փորձի, ազնվության հիման վրա: Այս բացի հետևանքով ոչ բոլոր դեպքերն են անաչառ ընկալվում:  Ոչ միշտ է, որ հիվանդի գոհունակությունը վկայում է բուժօգնության բավարար ծավալների մասին. երբեմն, երբ բժշկական գործողությունները պատշաճ կերպով իրականացված են, սակայն սրընթաց զարգացումները, տեխնոլոգիական խնդիրները, անատոմիական առանձնահատկությունները հանգեցնում են ոչ ցանկալի արդյունքի, անձի մոտ առաջանում է հոգեբանական արդարացված մի իրավիճակ, թե՝ ինչու՞ սա պատահեց հենց ինձ հետ:

Այսօր կա դեպի բժիշկը վստահության մթնոլորտի ձևավորման խնդիրը, և մենք ինտենսիվ կերպով փորձում ենք լրացնել այս բացը:

- Կարելի՞ է ենթադրել, որ գործելակարգերի ներդրումը կհանգեցնի նաև ՀՀ բոլոր բուժհաստատությունների վրա Առողջապահության նախարարության ուղիղ վերահսկմանը:

- 90-ական թվականների սկզբին, մենք ընտրել ենք առողջապահական ապակենտրոնացված մոդել, որի դեպքում առողջապահության նախարարությունը ուղիղ ազդեցություն չունի մասնավոր և համայնքային ենթակայության բժշկական կազմակերպությունների վրա, սակայն այժմ, անկախ սեփականության ձևից, մեր նպատակակետում է ապահովել ընդհանուր նվազագույն որակ, և այս առումով, իհարկե, ժամանակ է պետք՝ օրենքով համակարգումներ անելու և դրանով բուժօգնության որակի  վրա ներգործելու համար:

Բավարարվածության և գոհունակության մթնոլորտ չի կարող լինել, եթե բուժօգնության բնագավառում բացակայի օրենքի բաղադրիչը:

- Վերջերս, առանձին լրատվամիջոցներ, տարբեր հրապարակումներում փորձում են ներկայացնել, որ վերջին շրջանում մայրական մահացության ցուցանիշներն աճել են: Այդպե՞ս է արդյոք:

Մայրական մահացության ցուցանիշները միանշանակ նվազել են, սակայն Ձեր կողմից մատնանշված եզրակացությունը պետք է առաջին հերթին լինի հիմնավորված,  հատկապես, եթե վերաբերում է այնպիսի լուրջ ցուցանիշների,  ինչպիսին է մայրական մահացությունը: Եթե առանձին անհատներ ներկայացնում են, որ մայրական մահացությունը կտրուկ աճել է, ապա կցանկանայի ևս մեկ անգամ հորդորել ուսումնասիրել և վերլուծել հիմնական ցուցանիշները:Մայրական մահացությունը մեր երկրում նվազել է,  և եթե անգամ շատերը ցանկանում են տարբեր հնարավոր պատճառներով այլ կերպ ներկայացնել, ապա բացի հիասթափությունից, որևէ այլ  զգացում չեն առաջացնում իրենց հանդեպ: Նման մեկնաբանություններ անելու դրդապատճառները, շարժառիթները  կարող են տարբեր լինել: Մի դեպքում` ոլորտի կանոնակարգմանն ու չափագրմանն ուղղված տեսանելի, գործողություններին խոչընդոտելն է, մեկ այլ դեպքում` լայնածավալ առողջապահական բարեփոխումների, ֆինանսական հոսքերի կարգավորման  գործընթացների համար արհեստական խոչընդոտներ  ստեղծելն է, չեմ բացառում նաև, որ նրանց ղեկավարում է կորցրած հնարավորությունները վերադարձնելու մոլուցքը: Համոզված եմ, որ առողջապահական համակարգում առկա են շատ ավելի մեծ հնչեղություն ունեցող և ավելի խիստ քննադատության արժանի բացթողումներ, որոնց իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ տարածող հեղինակները պետք է քաջածանոթ լինեն, սակայն քննարկելը վերոհիշյալը իրենց ցանկալի չէ՝ հաշվի առնելով պատճառների և հնարավոր հետևանքների վերլուծությունը:

- Շնորհակալ ենք պրն. Մուրադյան՝ կարևոր, հետաքրքիր և ինֆորմատիվ զրույցի համար: Հուսանք, որ մեր հասարակության մեջ առողջապահության և բժշկի դերը կկարևորվեն ըստ արժանվույն, իսկ որոշակի հակասությունների դեպքում՝ խնդիրները կհարթվեն միմիայն օրենքով:

- Ես ևս շնորհակալ եմ: Կարևոր եմ համարում շեշտադրել նաև, որ մենք չենք ընդունում չակերտավոր կոլեգիալությունը, սկզբունքորեն լինելու ենք ազնվաբարո բժշկի կողքին: Անբարեխիղճ բժիշկը, իհարկե, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Իրավական պետությունում անմեղության կանխավարկածը գերեկա է և որևէ մեկը բացի դատարանից և  օրենքով նախատեսված դեպքերից չի կարող մեղավոր ճանաչել կամ պատասխանատվության ենթարկել:

Պետք է հիշել սակայն, որ այդ նույն առողջապահական համակարգի շնորհիվ է, որ 400.000 հոսպիտալացման դեպքեր և միլիոնավոր այցելություններ բնակչության առաջնային օղակում են: Այդ համակարգի շնորհիվ է, որ  տարեկան գրանցվում է 43.000 ծնունդ: Այդ համակարգի շնորհիվ է, որ վերջին երկու տարում՝ Վրաստանի հետ ամենամեծ սահմանային գիծն ունենալով հանդերձ, կարմրուկի շուրջ 8.000 դեպքի համեմատությամբ, մեր երկրում գրանցվեց ընդամենը 30 դեպք: Եվ այս օրինակները բազմաթիվ են, որոնք վկայում են բուժաշխատողների շուրջօրյա,  գիշերուզօր աշխատանքի մասին: Յուրաքանչյուր մահվան դեպք ողբերգություն է, սակայն լինում են առանձին դեպքեր, որոնք լայն արձագանք չեն գտնում հոռետեսության մթնոլորտում,  չեն ազդում վիճակագրության վրա, սակայն դրանք բժշկական սխրանք են,  որոնք հանրության շրջանում լայն արձագանք չեն գտնում:  Վստահ եմ, որ  հանրությունը ճշիտ է գնահատում և բժիշկն իր ուրույն և արժանի տեղն ունի հասարակության մեջ:

 Այս ամենը համակարգի շուրջօրյա աշխատանքի արդյունքն է: Իհարկե, տարիների ընթացքում ծառացել են բազմաթիվ խնդիրներ իրավական, որակի չափագրման դաշտերում, և բուժաշխատողը չէ, որ մեղավոր է այս հարցում: Դրանց անհրաժեշտությունն այսօր առավելագույնս կարևորում ենք: Կարծում ենք, որ գործելակարգերը, ուղեցույցները, աշխատանքային պարտականությունների սահմանումը կպաշտպանի ինչպես հիվանդներին, այնպես էլ այդ հիվանդներին առողջություն պարգևող բժիշկներին: Պետությունն այսօր շահագրգիռ է հնարավորինս սեղմ ժամանակահատվածում իրականացնել այս աշխատանքները, քանի որ դրանց արդյունքում կլինի թե՛ իրավական, թե՛ ֆինանսական գնահատականների ճշգրտում:

Կուզեի, որ բուժաշխատողները խորապես վստահ լինեին, որ իրենց պաշտպանը՝ հնարավոր բողոքների, և հիվանդների պաշտպանը՝ հնարավոր ոչ որակյալ բուժօգնության դեպքում, միմիայն գործելակարգերն ու ուղեցույցներն են, որոնք պետք է օրենքի ուժ ստանան:

Չափագրված որակն ու հոգատարությունը  առաջնային են,  բայց մեկն առանց մյուսի չի կարող ամբողջական լինել: Հաշվի առնելով, որ մենք արևելյալ ժողովուրդն ենք և մեզանում առավել գերակա է հոգատարությունը`  չափագրումն այս ոլորտում նոր է զարգանում, սակայն մենք լիահույս ենք, որ  այն  կլինի որակի ապահովման, հետագա հաջողությունների երաշխավորը:



Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
12 սեպտեմբեր, 2015 թ