Ամերիկացի գիտնականները մշակել են նորարարական մոտեցում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման համար՝ օգտագործելով նանոմասնիկներ ուռուցքային բջիջների ջերմային ոչնչացման համար, ինչը նպաստում է իմուն համակարգի ակտիվացմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են WIRW's Nanomedicine and Nanobiotechnology ամսագրում:

Նանոմասնիկների շատ փոքր չափը թույլ է տալիս նրանց աննկատ ներթափանցել չարորակ բջջի մեջ՝ իր հետ տանելով այնպիսի բուժիչ գործոններ, ինչպիսիք են հակամարմինները, դեղորայքային պրեպարատները, վիրուսային պատվաստուկները կամ մետաղական մասնիկները: Այժմ քաղցկեղի բուժման համար մշակված և ուսումնասիրված են նանոմասնիկների բազմաթիվ տարատեսակներ. հիմնականում այս հետազոտությունները տարվում են նանոմասնիկների մեջ հակաուռուցքային որևէ պրեպարատի «փաթեթավորման» ուղղությամբ, ինչի արդյունքում դրանք հասցվում են դեպի չարորակ բջիջներ: 

Ներկայումս Նորիս Կոտտոնի ուռուցքաբանական կենտրոնում Սթիվ Ֆաերինգի լաբորատորիան մշակել է նոր մոտեցում, ըստ որի ուռուցքի դեմ պայքարում օգտագործվում են նանոմասնիկները որպես իմունային համակարգի խթանիչ: Երկաթ, արծաթ կամ ոսկի պարունակող նանոմասնիկները համալրված են հակամարմիններով, որոնք հատուկ ձևով կապվում են ուռուցքային բջիջների մակերեսային սպիտակուցների հետ և կլանվում դրանց կողմից: Այնուհետև դրանք ակտիվացվում են էլետրամագնիսական էներգիայի, ինֆրակարմիր ճառագայթների կամ ռադիոալիքների միջոցով: Դրանց փոխազդեցության արդյունքում առաջանում է ջերմային էներգիա, որը և ոչնչացնում է չարորակ բջիջները:
 

Ընդ որում, ուռուցքի վրա ընտրողաբար ազդող ջերմությունը  կարող է «հուշել» իմունային համակագին, թե որ ծագման բջիջներն է անհրաժեշտ հեռացնել: Այս ձևով, նվազագույնի է հասցվում առողջ հյուսվածքների ոչնչացումը և առավելագույնս մեծանում ախտահարված բջիջների հեռացման հավանականությունը:

Ֆաերինգը նշում է, որ անհրաժեշտ է կատարել ավելի շատ հետազոտություններ և հաշվի առնել տարատեսակ տեխնիկական բնորոշիչներ՝ քաղցկեղային բջիջների և հակաուռուցքային իմունիտետի խթանման համար նանոմասնիկների ջերմային ազդեցության օգտագործման ամենաարդյունավետ միջոցը գտնելու համար:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru