Պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է Moscow Breast Meeting-ին:

«Այս համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից ժամանած հեղինակավոր մասնագետներ, քննարկվել են կրծքագեղձի վիրահատության հետ կապված բոլոր նորությունները: Համաժողովից վերադարձել եմ մեծ էնտուզիազմով, նոր գիտելիքների պաշարով եւ պատրաստ եմ  գեղեցկացնել մեր կանանց՝ պարգեւելով նրանց նոր եւ գեղեցիկ կուրծք»,- Doctors.am-ի հետ զրույցում նշեց Ենոքյանը՝ հավելելով, որ կրծքագեղձի պլաստիկ վիրաբուժության մեջ առանձնահատուկ տեղ պետք է զբաղեցնի չարորակ ուռուցքների հեռացման արդյունքում բացակայող կրծքի վերականգնումը:

«Կոչ եմ անում ուռուցքաբաններին օգտվել մեր ծառայություններից, որպեսզի կինը չզրկվի կրծքից, այլ միանգամից ունենա վերականգնված կուրծք: Հնարավորության սահմանում կինն առանց կուրծք չպետք է մնա: Անգամ եթե հետագայում ճառագայթային բուժում պետք է ստանա, մենք տեղադրում ենք էսպանդերներ, որոնք կրծքի ձեւը պահպանում են, եւ հետագայում բուժման կուրսի ավարտից հետո կատարում ենք կրծքի վերականգնում»,- նշեց բժիշկը:

Հայկ Ենոքյանի հետ զրուցեցինք նաեւ դեմքի երիտասարդացման վիրահատությունների մասին:

Հայաստանում դեմքի երիտասարդացման վիրահատությունները պահանջարկ ունե՞ն:

Այո ՛, եւ այդ պահանջարկը գնալով աճում է: Շատերը դիմում են աչքերի կոպերի եւ հոնքի ձեւի փոփոխության համար:

Ներկայում կոսմետոլոգները կարողանում են լայն դիապազոնով ծառայություններ մատուցել, բայց լինում է այնպես, որ տարիքի հետ կոպերը փոփոխությունների են ենթարկվում, եւ որեւիցե կոսմետոլոգիական միջամտություն արդյունավետ չէ: Այս դեպքում մենք կատարում ենք բլեֆառոպլաստիկա: Սա շատ արդյունավետ վիրահատություն է: Կոպերի վիրահատության արդյունքում ստանում ենք երիտասարդացման խիստ զգալի էֆեկտ. մարդու դեմքը մոտ 15 տարով երիտասարդանում է: Խոսքը վերաբերում է  ե՛ւ վերին կոպերին ե՛ւ ստորին:

Ստորին կոպերի տակ, օրինակ, շատ հաճախ պարկեր են լինում, որոնք վկայում են հոգնածության, անքնության կամ միգուցե երիկամների հիվանդության մասին: Իրականում այդտեղ լինում է մաշկի ավելցուկ, ճարպային ճողվածքներ, որոնք պետք է շտկվեն:

Վերին կոպերի պարագայում որոշ դեպքերում լինում է չորրորդ աստիճանի իջեցում՝ պտոզ, որը խանգարում է  տեսողությանը, այսինքն՝ բացի զուտ գեղագիտական նկատառումներից, նաեւ ֆունկցիոնալ առումով է ցուցվում վիրահատություն:

Կատարում ենք նաեւ բրոուլիֆթ կամ հոնքերի բարձրացում, երբ տարիքի հետ ճակատային մկանները սկսում են թուլանալ եւ հոնքերը կախվում են: 

Դեմքի երիտասարդացման ի՞նչ այլ վիրահատություններ կամ ոչ վիրահատական մեթոդներ կան:

Տարիների ընթացքում, հետեւելով միջազգային թրենդներին, կատարելագործել ենք մեր վիրահատական տեխնիկան, եւ կարողանում ենք կատարել պրակտիկապես բոլոր հայտնի մեթոդներով դեմքի մաշկի ձգում՝ ֆեյսլիֆթինգ:

Կատարվում ենք նաեւ ոչ վիրահատական միջամտություններ, երբ ոչ միայն հեռացնում ենք մաշկի ավելցուկը, այլեւ տեղադրում ենք թելեր:

Ի դեպ, այս առումով ուզում եմ շեշտել, որ տվյալ միջամտությունը պետք է կատարի միայն բժիշկը: Շատ հաճախ կարող ենք տեսնել, որ կոսմետոլոգները փորձում են կիրառել, եւ արդյունքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ պացիենտները դիմում են մեզ նյարդի վնասումով, թելի թափածակումով կամ ասիմետրիաներով, բորբոքային պրոցեսներով: Ավելորդ չեմ համարում զգուշացնել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, որ լինեն զգոն եւ լուրջ մոտենան այս հարցին: Գովազդներով եւ չհսկվող բժշկական գործողություններով կարող են անվերադարձ վնաս պատճառել: Տվյալ պրոցեդուրայով պետք է զբաղվի միայն սերտիֆիկացված մասնագետը:

Դեմքի երիատասարդացման գործընթացում մեծ դեր է խաղում նաեւ պարանոցը: Կատարվում է երկրորդ կզակի շտկում, նաեւ իրականացնում ենք բիշայի մարմնիկների հեռացում, այսինքն՝ կլոր դեմքը մի փոքր նիհարեցնում ենք, ընդգծում այտոսկրերը:

Դեմքի երիտասարդացման նպատակով կատարում ենք նաեւ նանոգրաֆտինգ՝որովայնի առաջային պատից վերցված ճարպը հատուկ մշակում ենք եւ, ստանալով ցողունային բջիջներ, ներարկում ենք դեմքի շրջանում եւ դրանով ստանում երիտասարդացման բավական լուրջ էֆեկտ:

Քիչ չեն նաեւ դեմքի անհամաչափության դեպքերը, երբ աջ եւ ձախ կողմերի միջեւ կա ակնհայտ տարբերություն: Այս դեպքում եւս կատարում ենք միջամտություն՝ ասիմետրիան վերացնելու համար:

Ամեն դեպքում, յուրաքանչյուր պացիենտի անհատական մոտեցում է ցուցաբերվում: Ընտրվում է ամենառացիոնալ միջամտությունը՝ հաշվի առնելով պացիենտի տարիքը, մաշկի յուրահատկությունը եւ այլն:

Որքա՞ն է տեւում ռեաբիլիտացիոն շրջանը:

Կատարվող աշխատանքի ծավալից կախված՝ ունենք տարբեր ռեաբիլիտացիոն շրջաններ: Եթե մենք կիրառում ենք ֆիլլերներ, էֆեկտը երեւում է միանգամից, եւ հատուկ ռեաբիլիտացիայի շրջան չկա, իսկ կոպերի վիրահատության դեպքում ռեաբիլիտացիան տեւում է 1-2 շաբաթ, դեմքի ընդհանուր երիտասարդացումը՝ 2-3 շաբաթ: 

Որքա՞ն հաճախ է կարելի կատարել դեմքի երիտասարդացման վիրահատություններ:

Քանի որ բնությունը եւ գեները, միեւնույն է, անում են իրենց գործը, կրկնակի վիրահատություններ փաստացի կարող են կատարվել անսահմանափակ քանակությամբ, եթե սիրտ-անոթային կամ էնդոկրին համակարգը չի ստեղծում որեւիցե խոչընդոտ:

Տարիքից մի վախեցեք, տարիքը խելացի մարդուն դարձնում է իմաստուն, իսկ արտաքին տեսքը մենք կապահովենք, կլինեք գեղեցիկ, երիտասարդ եւ իմաստուն:

Դուք կատարում եք նաեւ քթի պլաստիկ վիրահատություն՝ ռինոպլաստիկա: Այս բնագավառում ունե՞ք նորություններ:

Արդեն մեկ տարի է՝ ռինոպլաստիկան կատարում ենք նոր մեթոդով (пьезохирургия): Սա նոր սարքավորում է, որը թույլ է տալիս ոսկրահատման  ժամանակ ոչ թե օգտագործել մուրճ, այլ ուլտրաձայն, որն ավելի ժամանակակից է, ավելի քիչ տրավմատիկ եւ անվնաս:



Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը