Բժիշկ Վարդևանյան, արդեն շուրջ 5 տարի է, ինչ աշխատում եք Հայ-Ամերիկյան ԱԿ-ում: Սակայն ընդամենը ամիսներ է, ինչ գործում է ճառագայթաբանության առանձնացված բաժանմունքը: Ի՞նչ նոր հնարավորություններ է այն ընձեռում բժշկին և պացիենտին:

Այո, ուրախ եմ ըևթերցողին տեղեկացնել, որ 2015 թվականի դեկտեմբերից արդեն գործում է մեր նորաբաց բաժանմունքը:

Առանձնացված և նորագույն սարքավորումներով կահավորված բաժանմունք ունենալը մեզ թույլ տվեց, որ  ախտորոշիչ և բուժական բոլոր ծառայությունները մեկտեղված լինեն մեկ վայրում և այցելուն կարիք չունենա դիմել մի քանի կլինիկաներ: Այս կերպ հնարավոր է լինում նաև վերահսկել ախտորոշման և բուժման ողջ ընթացքը, և չհիմնվել այլ կլինիկաների տրամադրած արդյունքների վրա:

Մեր կլինիկայի համահիմնադիրները որդեգրել են բուժօգնության տրամադրման ամերիկյան բոլոր չափանիշները,  որոնց մշտապես հավատարիմ ենք. այս կերպ էլ միտք ձևավորվեց հիմնել կենտրոնի 9-րդ՝ ճառագայթային ախտորոշման բաժանմունքը:

Գաղտնիք չէ, որ ճիշտ բուժումը հիմնված է ճշգրիտ ախտորոշման վրա: Տեխնիկական ինչպիսի՞ հագեցվածություն ունի բաժանմունքը:

Այո, իհարկե: Գրագետ և ճիշտ ախտորոշման բացակայության պայմաններում անհնար է արդյունավետ բուժում նշանակել, սա բոլորիս է հայտնի:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր բաժանմունքն արդեն իսկ հագեցված է թվային ռենտգեն սարքավորմամբ, որը, ճառագայթային նվազագույն բեռնվածությամբ, թույլ է տալիս ստանալ կատարյալ արդյունք:  Համեմատելով նախկին՝ անալոգային հետազոտությունների հետ, առավելություններն, իհարկե, ակնհայտ են: Սա հնարավորություն է տալիս խոշորացնել, փոքրացնել պատկերը, փոխել անկյունը և արդյունավետ կերպով իրականացնել շատ ավելի բարդ հետազոտություններ:

Մյուս սարքավորումը մեր համակարգչային տոմոգրաֆն է (КТ): Սա վերջին սերնդի սարքավորում է, և մեծ հպարտությամբ պետք է խոսեմ դրա առավելությունների մասին:

Այս տոմոգրաֆն ունի ճառագայթային բեռնվածությունն 80%-ով նվազեցնելու հնարավորություն, որը չափազանց կարևոր նշանակություն ունի ժամանակակից բժշկության ոլորտում: Հակառակ դեպքում, պացիենտը ենթարկվում է մեծ չափաբաժնով ճառագայթման: Այս հարցն այսօր արդեն արդի է ինչպես համաշխարհային բժշկության, այնպես էլ մեր հանրապետության առողջապահության համար: Նույնիսկ, նախարարության հատուկ հանձնարարականի համաձայն, պացիենտը պետք է տեղյակ լինի, թե որքան ճառագայթման է ինքը ենթարկվում հետազոտության ընթացքում:

Ծառայությունների ի՞նչ շրջանակ եք ներկայացնում:

Մեզ մոտ կատարվում են գործնականում բոլոր ՀՏ հետազոտությունները՝ անգիոգրաֆիկ, ներքին օրգանների և այլն: Եվ, քանի որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ունի քաղցկեղի կանխարգելման ուղղվածությունը, մեր համակարգչային տոմոգրաֆն ունի բացառիկ ծրագիր, որը մեզ ընձեռում է թոքի առավել զգայուն հետազոտություն իրականացնելու հնարավորություն՝ առաջացնելով նվազագույն ճառագայթային բեռնվածություն. այն է  Low-Dose HR (High-Resolution) CT: Այս հետազոտության միջոցով, կարելի է թոքի պարենխիմայի մեջ հայտնաբերել ընդհուպ 2 մմ տրամագիծ ունեցող օջախներ: Հատկապես 40 տարեկանից բարձր տղամարդիկ, ովքեր ունեն ծխելու անամնեզ, պետք է անցնեն այս հետազոտությունը: Այս սարքավորմամբ, անձը, կարելի է ասել, որ ստանում է ընդամենը  ռենտգենյան ճառագայթման չափաբաժին, մինչդեռ բժիշկն ունենում է առավելագույն տեսանելիություն:

Հատկանշական է, որ Կանադայում, (այս երկիրն ունի աշխարհում առաջատարներից մեկը համարվող առողջապահական համակարգ) Low-Dose HR (High-Resolution) CT հետազոտությունը համարվում է թոքի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային հետազոտություն:

Դե իհարկե, ճառագայթային բեռնվածության բարձր չափաբաժինը սխալ կլիներ կիրառել կանխարգելիչ նպատակներով, մանավանդ, եթե մարդը դիմել է առանց գանգատերի, պարզապես հետազոտվելու համար:

Այո, իհարկե: Նման  հետազոտությունները պետք է լինեն անվնաս: Այլապես կստացվի, որ առկա հնարավոր խնդիրը փոխարինում ենք մեկ այլ խնդրով:

Կլինիկան ունի ընդգծված ուղղվածություն, որն է կրծքագեղձի քաղցկեղի և այլ հիվանդությունների վաղ կանխարգելումը և բուժումը: Ի՞նչ հաջողություններ ունեք այս մասով : Ինչպիսի՞ն է վիճակագրությունը:

Այո, այդպես է: Ցավոք, պետք է փաստեմ, որ այս ոլորտում դեռ շատ բացեր կան, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կանայք կենտրոն են դիմում քաղցկեղի արդեն 3-րդ, 4-րդ փուլում: Այս դեպքում բժիշկը դժվարանում է բուժական միջոցառումների հարցում լինել առավելագույնս հստակ:

Սակայն պետք է նշեմ մեկ ուրախալի փաստ. շատացել են դեպքերը, երբ հատկապես երիտասարդ կանայք դիմում են հետազոտության՝ պարզապես կանխարգելիչ նպատակներով:

Նույն կերպ, հեշտությամբ՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ, կարելի է կանխարգելել նաև արգանդի պարանոցի քաղցկեղը, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլում:

Խոսելով մեր հաջողություններից, կուզեի ներկայացնել մի դեպք. վերջերս, թվային մամոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերեցինք 4 մմ տրամագիծ ունեցող օջախ, որը, գործնականում անհնար կլիներ հայտնաբերել սոնոգրաֆիայի և սովորական մամոգրաֆիայի միջոցով: Ահա թե ինչ հնարավորություններ են մեզ ընձեռում նորագույն սարքավորումները:

Հիշե՛ք հարգելիներս, կանոնավոր հետազոտությունները հիվանդությունների, և հատկապես օնկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման և արդյունավետ բուժման երաշխիքն են:      

Ըստ Ձեզ, կանխարգելիչ բժշկությունն աճ գրանցու՞մ է մեր երկրում: Անհերքելի է, իհարկե, Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի ներդրումն այս գործում:

Շնորհակալ եմ գնահատականի համար: Ինքս, արդեն 5-րդ տարին է, ինչ աշխատում եմ այս կենտրոնում, և այս տարիներին տեսել եմ հսկայական փոփոխություն այս ոլորտում: Պատկերացրեք` 1996 թ.-ին Հայաստանում դեռ չէր էլ խոսվում կանխարգելիչ բժշկության մասին, և մեր կլինիկայի օրինակով, այսօր շատ այլ բուժհաստատություններ որդեգրում են այս քաղաքականությունը:

Մեր նպատակն է, որ գործընթացը ոչ թե հասնի քաղցկեղի, այլ քաղաքացին բուժհաստատություն դիմի դեռևս վաղ կամ նախաքաղցկեղային փուլերում:

Մեր կլինիկայում մթնոլորտն այնքան ջերմ և տրամադրող է ինչպես պացիենտի նկատմամբ, այնպես էլ բուժանձնակազմի միջև, և սա միայն ու միայն նպաստում է թիմային աշխատանքին և համալիր մոտեցմանը պացիենտի խնդրին:

Այսպիսով, կարևորագույն հորդորս է ընթերցողին լինել ավելի հետևողական սեփական առողջության նկատմամբ և բժշկի դիմել, երբ դեռ չկա խնդիր: Այս կերպ շատուշատ խնդիրներ կլուծվեն ձեզ համար ամենադյուրին եղանակով: Մենք սիրով պատրաստ ենք օգնել ձեզ և՛ մասնագիտական խորհուրդներով, և՛ դրական ու ջերմ մթնոլորտ ստեղծելով ձեր բուժումն իրականացնելու ճանապարհին:


Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am
04 մայիսի, 2016