Doctors.am-ի հյուրասրահում է Օն կլինիք-Անի բժշկական կենտրոնի ուրոլոգ-անդրոլոգ Սերգեյ Վլադիմիրի Կատանը:

Ինչպե՞ս որոշեցիք ընտրել անդրոլոգի մասնագիտությունը:

Անդրոլոգիայի ոլորտում արդեն վաղուց է, ինչ աշխատում եմ: Մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ եմ, սակայն անդրոլոգիան ինձ առավելապես հետաքրքրում է նրանով, որ բժշկության մեջ նոր ոլորտ է աշխարհում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, ամենուր: Հայաստանում բժշկական այս ուղղությունը կայացած և զարգացած համարել չեմ կարող:

Ո՞րն է անդրոլոգիայի հիմնական առաքելությունը: Ինչո՞վ եք զբաղվում, ընդհանուր առմամբ:

Անդրոլոգիան լուծում է ոչ միայն տղամարդու, ինչպես տարածված է կարծել, այլ նաև ընտանեկան զույգի խնդիրները: Մենք սերտորեն համագործակցում ենք գինեկոլոգների, էնդոկրինոլոգների հետ:

Ընդհանուր առմամբ, անդրոլոգիան գիտություն է մարդու հորմոնալ առողջության, սեռական գործառույթի մասին: Անդրոլոգիայում առկա է նաև վիրաբուժության գործոնը, սակայն ինձ իմ պրոֆեսորներն այդպես են սովորեցրել , և այժմ ինքս էլ այն կարծիքին եմ, որ լավագույն վիրահատությունը չարված վիրահատությունն է: Վիրահատությունն, ըստ իս, ունի հստակ, խիստ ցուցումներ: Օրինակ ադենոման. կարող է նկատվել գեղձի հյուսվածքների գերաճ, սակայն ինչու՞ վիրահատել, եթե տղամարդը չունի որևէ բողոք միզարձակման հետ կապված:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս բուժել, ի՞նչ մեթոդներ եք առաջարկում Դուք:

Կան դեղորայքային, կոնսերվատիվ բազմաթիվ մեթոդներ: Սակայն մինչև բուժելը հարկավոր է մանրամասն հետազոտություն անցկացնել, ախտորոշել: Ի դեպ, ախտորոշումը ճիշտ բուժման 70%-ն է:

Արդեն 20 օր է՝ Հայաստանում եք: Նկատու՞մ եք որոշակի առանձնահատկություններ:

Այո, իհարկե: Ես արդեն հասցրել եմ ուշադրություն դարձնել որոշ առանձնահատկությունների վրա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ասեմ, որ ձեզ մոտ մարդկանց մենթալիտետը սերտորեն կապված է իրենց առողջական վիճակի հետ:

Ձեզ մոտ՝Հայաստանում , շատ մեծ տարածում ունեն մետաբոլիկ խանգարումները՝ տղամարդկանց մոտ` ճարպակալում:

Մեծ փորերը, տրամադրության անկումը հաճախ հանդիպող երևույթներ են հայ տղամարդկանց մոտ: Կանայք ձեզ մոտ ավելի խնամված են և առավել մեծ ուշադրություն են դարձնում առողջությանը:

Որովայնի հատվածի ճարպակալումն ամենավտանգավորն է: Սա անդրոգենային դեֆիցիտի նախանշան է: Տղամարդու որովայնի շրջագիծը չպետք է գերազանցի 94, իսկ կնոջը՝ 80 սմ-ն: Իմ սեղանին մշտապես չափիչ ժապավեն կա, և ստուգումը միշտ սկսում եմ այցելուի որովայնը չափելուց:

Մետաբոլիկ սինդրոմի մյուս ախտանիշն, իհարկե, շաքարային դիաբետն է, սեռական ֆունկցիայի, միզարձակման խանգարումները և այլն:

Մեզ մոտ, տարածված է շատ խնդիրներ համարել «տարիքային», դրանք համարել նորմալ և ուշադրություն չդարձնել: Այս շարքին են պատկանում հատկապես սեռական բնույթի խնդիրները: Ի՞նչ կասեք այս մասին:

Ի՞նչ է ծերությունը: Այն զուտ բիոքիմիական գործընթաց է, երբ մարդու օրգանիզմում նվազում են սեռական հորմոնները: Կանանց մոտ ընդունված է առանձնացնել կլիմաքսը, երբ նվազում է էնդոգեն հորմոնների քանակը, տղամարդկանց մոտ այս երևույթը նույնպես առկա է, ավելին՝ ավելի բարդ է ընթանում: Պոտենցիայի խնդիրները հիմնականում անոթային բնույթ են կրում: Ի դեպ, էրեկտիլ դիսֆունկցիան, այս դեպքում, կարող է ինֆարկտի, ինսուլտի նախանշան լինել, իսկ ուշադրություն չդարձնելը՝ վտանգավոր: Հայ տղամարդկանց մոտ մեծ է աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի (նաև ժառանգական) առաջացման վտանգը:

Որո՞նք են Ձեր մասնագիտական սկզբունքները: Ինչպե՞ս եք հասնում բուժման հաջող ավարտին:

Առաջին հերթին կարևորում եմ բժշկի և պացիենտի միջև անկաշկանդ կապի ապահովումը, որպեսզի այցելուն կարողանա հանգիստ ներկայացնել իր խնդիրները, իր առօրյան: Կարևոր է, որ պացիենտը լիարժեք վստահի բժշկին, քանի որ երբ սկսի ինչ-որ բան թաքցնել, ստել՝ բուժման ընթացքը կարող է ավելի բարդ լինել:

Կարծում եմ, որ հատկապես բժշկական այս ոլորտում կարևոր է պացիենտին համալիր մոտեցման ցուցաբերումը, մի քանի մասնագետների համատեղ աշխատանքը: Մի խումբ մասնագետների ներգրավումը պացիենտի ախտորոշման և բուժման ընթացքը կդարձնի առավել արդյունավետ:

Կարծում եմ, պետք է առաջնորդվել սկզբունքով, որ պետք չէ բուժել հիվանդությունը, պետք է բուժել հիվանդին: Օրինակ պրոստատիտի դեպքում, սխալ է կարծել, որ ախտահարված է միայն օրգանը. մշտապես ցածր է մարդու տրամադրությունը, կյանքի որակը՝ ընկած: Այսինքն ճիշտ է բուժել ոչ միայն պրոստատիտը, այլ նաև դրա հետևանքները: Տղամարդու մոտ, ով ունի սեռական ֆունկցիայի խանգարումներ, տուժում է հոգեբանությունը. նա մշտապես ունենում է վատ տրամադրություն, չունի ապրելու ցանկություն…

Աշխատել եք նաև Ռուսաստանում: Ինչպե՞ս է անդրոլոգիան զարգացած այնտեղ:

Այո: Աշխատել եմ Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Պերմում, Օրենբուրգում, Մոսկվայում, նաև Իսրայելում:

Մոսկվայի բժշկական համալսարանում այսօր գործում է անդրոլոգիայի ամբիոնը, որն ակտիվ գործունեություն է ծավալում: Այնտեղի պրոֆեսորներն աշխատում են տարբեր երկրներում: Ասեմ, որ աշխարհում այսօր շատ բժիշկներ են հետաքրքրված անդրոլոգիայով:

Սա դինամիկ զարգացող բժշկական ուղղություն է: Հատկապես ԱՄՆ-ում կիրառվում են բուժման նորագույն այնպիսի մեթոդներ, որոնք դեռևս հասանելի չեն նույնիսկ Ռուսաստանում, առավել ևս՝ Հայաստանում:

Որո՞նք են աշխարհում ամենաարդիական և մեծ տարածում ունեցող խնդիրները, որ անհանգստացնում են նաև Ձեզ՝ որպես մասնագետի:

Աշխարհում ամենատարածված խնդիրներից կառանձնացնեմ ցավոտ մի քանի փաստ՝ արագ սնունդ, անառողջ կենսակերպ, քիչ շարժվելը… Հայաստանում ևս այդպես է. ոչ ոք շարժվել չի ուզում. դուրս եկավ մեկ «քարե արկղից», նստեց «մետաղե արկղ» և ուղևորվեց դեպի մյուս հաստատություն:

Տղամարդիկ, հիմնականում, չափից շատ են ուտում, չկանոնակարգված, սննդակարգում գերակշռում է կենդանական սնունդը: Ես իհարկե դեմ չեմ, միսն անհրաժեշտ է մարդու կենսագործունեության համար, սակայն դա հարկավոր է ընդունել հասկանալի չափաբաժիններով և համատեղելով բուսական սննդի հետ:

Ոսկե ստանդարտով, մարդը պետք է սնվի օրական 5-6 անգամ: Այստեղ, նկատել եմ, որ մարդիկ սնվում են 1-2 անգամ, այն էլ՝ առավոտյան և գիշերը:

Հիմնականում, մետաբոլիկ համախտանիշն է ընկած սեռական ֆուկցիայի խանգարումների, լյարդի աշխատանքի, վահանաձև գեղձի խնդիրների, ադենոմայի, պրոստատիտի հիմքում :

Բժշկության հիմնական մեխը կանխարգելումն է: Պետք է ոչ թե բուժել, այլ կանխարգելել հնարավոր հիվանդության առաջացումը:

Տարիների ընթացքում փոխվել է մարդկանց կենսակերպը, պահանջները: Ինչպե՞ս է փոխվել բժշկության առաքելությունը:

19-րդ դարում, տղամարդու կյանքի միջին տևողությունը կազմում էր 35 տարի. պատերազմներ, համաճարակներ, որ սպանում էին մարդկանց: Հակաբիոտկների հայտնաբերման շնորհիվ վարակները վերացան, և կյանքի տևողությունն աճեց մինչև 70 տարի: Իսկ երբ կինը և տղամարդն ավելի երկար են ապրում միասին՝ ակտուալ են դառնում սեռական բնույթի խնդիրները: Եվ ժամանակակից բժշկության առաքելությունն է նաև բարելավել մարդկանց կյանքի որակը: Ու՞մ է պետք երկար կյանքը, եթե մարդն ամբողջ օրը ստիպված է հաբեր ընդունել և վատառողջ լինել:

Հաճախ եմ լսել, որ ասում են, «մեկ անգամ ենք ապրում, կարելի է խմել, ծխել, սնվել ինչպես ուզում ենք», սակայն պետք է գիտակցել, որ նման կյանքը 50 տարեկանից հետո կդառնա տխուր և ձանձրալի, գլուխ կբարձրացնի շաքարային դիաբետը և այլ խնդիրներ:

Այդ պատճառով ստեղծվում են և զարգանում բժշկության այնպիսի ուղղություններ, ինչպիսին, օրինակ, անդրոլոգիան է:

Ո՞րն է Ձեր խորհուրդն ընթերցողին: Ինչպե՞ս լինել առողջ և պահպանել այդ առողջությունը:

Երբ ինձ մոտ գալիս է պացիենտը և ասում՝ «բժիշկ, օգնիր ինձ», ես սովորաբար պատասխանում եմ՝ «իսկ Դուք պատրա՞ստ եք ինձ օգնել»: Բուժման հաջողությունը, մեծամասամբ կախված է նաև այցելուից: Եթե նա տրամադրված է բուժվել՝ ամեն բան հաջող կընթանա:

Կարծում եմ՝ բժիշկը ևս լավ օրինակ պետք է լինի պացիենտի համար: Ես 40 տարեկան եմ, օրական 3-5 կմ քայլում եմ, ուտում եմ գրեթե ամեն ինչ՝ մսամթերք, ձուկ, երբեմն խմում եմ գինի: Ուզում եմ ասել, որ ամեն բան թույլատրելի է, եթե արվում է չափի սահմաններում:

Բոլորին խորհուրդ եմ տալիս ավելի հետևողական և ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ՝ հետևել սննդակարգին, ավելի շատ շարժվել, ավելի հաճախ ժպտալ, սիրել և վայելել կյանքը: