Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձևն է և այսօր աշխարհում ախտահարում է շուրջ 32 միլիոն մարդու։ Մասնագետների կանխատեսմամբ՝ մինչև 2050 թվականը հիվանդների թիվը կարող է հասնել 152 միլիոնի՝ վերածվելով հանրային առողջապահության լուրջ մարտահրավերի։
Չնայած ներկայումս առկա են դեղամիջոցներ, որոնք կարող են մեղմացնել ախտանիշները կամ դանդաղեցնել ճանաչողական ֆունկցիաների վատթարացումը հիվանդության վաղ փուլերում, Ալցհեյմերի հիվանդության լիարժեք բուժում դեռևս գոյություն չունի։ Այդ պատճառով գիտնականները շարունակում են ուսումնասիրել բուժման նոր հնարավորություններ, որոնց թվում է նաև լիթիումի ցածր դեղաչափերով կիրառումը։
JAMA Psychiatry ամսագրում հրապարակված վերջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լիթիումի ցածր դեղաչափերը կարող են օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների համար։ Հետազոտության հեղինակների տվյալներով՝ լիթիումը, բացի հոգեբուժության մեջ կիրառությունից, ունի նաև նեյրոպաշտպանիչ և նեյրոտրոֆիկ հատկություններ, որոնք կարող են նպաստել գլխուղեղի բջիջների պահպանմանը։
Հայտնի է, որ լիթիումի ստանդարտ դեղաչափերը որոշ դեպքերում կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, հատկապես տարեց մարդկանց մոտ՝ ազդելով երիկամների և վահանաձև գեղձի աշխատանքի վրա։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածր դեղաչափերը կարող են ապահովել գլխուղեղի համար օգտակար ազդեցությունների մի մասը՝ ավելի փոքր ռիսկերով։
Գիտնականների հետաքրքրության հիմնական պատճառներից մեկը լիթիումի ազդեցությունն է նեյրոդեգեներատիվ գործընթացների վրա։ Այն կարող է նպաստել գլխուղեղի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների դանդաղեցմանը, որոնք ժամանակի ընթացքում հանգեցնում են ճանաչողական կարողությունների անկման։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բիպոլյար խանգարման դեպքում լիթիումը կարող է կանխել կամ որոշ դեպքերում նույնիսկ նվազեցնել գլխուղեղի ծավալի կորուստը, և գիտնականները ենթադրում են, որ նմանատիպ մեխանիզմները կարող են դեր ունենալ նաև Ալցհեյմերի հիվանդության առաջընթացի դանդաղեցման գործում։
Լիթիումը ազդում է մի շարք կենսաբանական մեխանիզմների վրա, այդ թվում՝ BDNF (ուղեղային ծագման նեյրոտրոֆիկ գործոն), Bcl-2 և GSK-3 համակարգերի, որոնք կարևոր դեր ունեն նյարդային բջիջների կենսունակության պահպանման և հիվանդության առաջընթացի սահմանափակման գործում։
Բացի նեյրոդեգեներացիայի դանդաղեցումից, լիթիումը կարող է նաև խթանել գլխուղեղի բնական պաշտպանական մեխանիզմները։ Ի տարբերություն բուժման որոշ մոտեցումների, որոնք ուղղված են Ալցհեյմերի հիվանդության մեկ առանձնահատկության՝ օրինակ ամիլոիդային թիթեղիկների դեմ, լիթիումը կարող է միաժամանակ ազդել մի քանի կենսաբանական գործընթացների վրա։
Մասնավորապես, այն կարող է բարելավել միտոքոնդրիումների աշխատանքը, նվազեցնել օքսիդատիվ սթրեսն ու բորբոքումը, նպաստել վնասված սպիտակուցների հեռացմանը և աջակցել նյարդային բջիջների գոյատևմանը։ Այս ազդեցությունները կարող են օգնել գլխուղեղի խոցելի բջիջներին պահպանել իրենց գործառույթը նույնիսկ հիվանդության պայմաններում։
Անկախ մասնագետները դրական են գնահատել ստացված արդյունքները՝ միաժամանակ ընդգծելով հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը։ Նրանց կարծիքով՝ լիթիումի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է ազդել հիվանդության միաժամանակ մի քանի մեխանիզմների վրա, մինչդեռ Ալցհեյմերի հիվանդությունը բազմագործոն և բարդ խնդիր է։
Բացի այդ, լիթիումը երկար տարիներ կիրառվում է բժշկական պրակտիկայում, ինչի շնորհիվ այն համեմատաբար մատչելի և հասանելի դեղամիջոց է՝ համեմատած որոշ նոր բուժման մեթոդների հետ։
Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են, որ ներկայումս առկա գիտական տվյալները դեռևս բավարար չեն Ալցհեյմերի հիվանդության դեպքում լիթիումի լայն կիրառությունը խորհուրդ տալու համար։ Լիթիումը պետք է ընդունվի բացառապես բժշկի հսկողության ներքո, քանի որ այն կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ և փոխազդել այլ դեղամիջոցների հետ։
Գիտնականները կարևորում են լայնածավալ կլինիկական հետազոտությունների անցկացումը, որոնք կօգնեն գնահատել լիթիումի անվտանգ դեղաչափերը, երկարաժամկետ ազդեցությունները և դրա իրական արդյունավետությունը ճանաչողական ֆունկցիաների ու կյանքի որակի բարելավման տեսանկյունից։
Այսպիսով, լիթիումի ցածր դեղաչափերով կիրառումը դիտարկվում է որպես Ալցհեյմերի հիվանդության բուժման խոստումնալից ուղղություն՝ շնորհիվ դրա նեյրոպաշտպանիչ հատկությունների և տարբեր կենսաբանական մեխանիզմների վրա ազդեցության։ Սակայն մինչ այն կդառնա Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման կամ բուժման ստանդարտ մոտեցում, անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական ուսումնասիրություններ և ավելի ամուր գիտական ապացույցներ։
Աղբյուրը՝ Medical News Today



