«Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագիր»-ը իրականություն է դարձրել բազմաթիվ մարդկանց ծնող դառնալու երազանքը։ Այս ծրագիրը ակտիվորեն գործում է նաև «Պտղաբերության կենտրոն»-ում։ Թեմայի մասին ավելի մանրամասն զրուցել ենք կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տաթևիկ Գագիկի Համբարձումյանի հետ։


Անպտղություն ունեցող զույգերը ո՞ր դեպքերում կարող են պետական աջակցություն ստանալ «Պտղաբերության կենտրոն»-ում։

«Պտղաբերության կենտրոն»-ը գործում է արդեն 15 տարուց ավել։ 2019 թ․-ից գործում է նաև պետպատվերի ծրագիրը։ Սկզբում շահառուների խումբը ավելի սահմանափակ էր, սակայն 2023 թ․-ից այն ընդլայնվեց։

Բոլոր այն զույգերը, որոնք ունեն երկու և ավելի տարվա անպտղություն ստանում են պետական աջակցություն տարբեր փաթեթներով՝ ախտորոշում/բուժում, պատճառագիտություն, ներարգանդային սերմնավորման վեց փորձի հնարավորություն, ԱՄԲ-ի երկու փորձի հնարավորություն, որոնցից մեկը 100% պետական աջակցությամբ, երկրորդը՝ 50%։

Սահմանամերձ գոտում բնակվող այն զույգերը, որոնք ունեն երկրորդային անպտղություն, ևս կարող են ստանալ պետական աջակցություն։

Ամենամեծ և կարևոր խմբերից մեկն էլ միայնակ կանայք են․ 28-42 տարեկան այն կանայք, որոնք չունեն ամուսին կամ զուգընկեր, այժմ պետական ծրագրով կարող են ստանալ աջակցություն և մայրանալ։

Չնայած ինչպես կենտրոնի ղեկավար Էդուարդ Մարտինի Համբարձումյանն է սիրում ասել՝ «Մայրությունը միայնակ չի լինում»։

Բացի Ձեր նշած խմբերից ի՞նչ այլ խմբեր կան, որ կարող են պետության կողմից աջակցություն ստանալ։

Պետական ծրագրից կարող են օգտվել նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Մեզ դիմողների շարքերում շատ են նաև 44-օրյա պատմերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։

Կարևոր եմ համարում նշել նաև, որ նրանց ախտորոշումը, բուժումը կատարվում է կենտրոնի ղեկավարի անմիջական աջակցությամբ։

Կենտրոնը ի՞նչ հաջողություններ է գրանցել անպտղություն ունեցող զույգերի բուժման հարցում։

Հաջողության հավանականության վրա շատ առումներով ազդում է կնոջ տարիքը։ Եթե ունենք 20-35 տարեկան կին, որի դեպքում պետք է կատարել ներարգանդային սերմնավորում կամ ԱՄԲ, ապա շանսերը ավելի բարձր են, քան 42+ տարիքի կանանց պարագայում։

Եթե փորձենք տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնել, ապա կենտրոնը ունի 65%-ից ավելի հաջողություն։

Շատ են դեպքերը, երբ կարողանում ենք հաջողության հասնել 18 կամ 20 տարի անպտղություն ունեցող զույգերի դեպքում։ Ունենք նաև օրինակներ, երբ զարգացած եվրոպական երկրներում կատարված ԱՄԲ անհաջող փորձերից հետո մեր կենտրոնում  հենց առաջին սաղմիկի տեղադրումից գրանցվել է հղիություն։

Եթե փորձենք ամփոփել՝ ի՞նչ կարևոր առավելություն է տալիս պետական ծրագիրը անպտղություն ունեցող զույգերին։

Պետական ծրագիրը հնարավորություն է տալիս բազմաթիվ զույգերի, որոնք ֆինանսական գործոնով պայմանավորված չէին կարողանում ստանալ համապատասխան բուժում, հաղթահարել անպտղությունը և ունենալ երկար սպասված երեխային։

Նշեմ նաև, որ առավել ծանր դեպքերում, երբ կատարվում է ԱՄԲ մի քանի փորձ, որոնք անհաջող են լինում, օգնության են հասնում փոխնակ մայրերը։

Փոխնակ մոր ծրագիրը լայն կիրառություն ունի Հայաստանում, մեր կենտրոնում ևս։ Բազմաթիվ զույգեր, որոնց անպտղությունն անհաղթահարելի էր թվում, այս ծրագրի շնորհիվ կարող են ունենալ երեխա։

Հավելեմ, որ զոհված զինծառայողների ծնողների դեպքում ևս պետությունը տալիս է համապատասխան աջակցություն, երբ կարիք է լինում դիմել փոխնակ մոր օգնությանը։