Ալկոհոլամոլություն

Ալկոհոլը լայն տարածում գտած և չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունված ալկոհոլը թունավոր է։ Ալկոհոլն իր ազդեցությամբ և գերդոզավորումով նման է թմրանյութերին։ Ալկոհոլ հաճախ ընդունող անձինք տառապում են ալկոհոլամոլությամբ։ Ալկոհոլամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ մարդն, ընտելանալով պարբերաբար գործածվող ալկոհոլային խմիչքներին, դրանց նկատմամբ կախյալություն է ձեռք բերում, ինչը դրսևորվում է մարմնական և հոգեկան մի շարք փոփոխություններով։ Ալկոհոլամոլությամբ տառապողների մոտ ալկոհոլի նկատմամբ աստիճանաբար զարգանում է հանդուրժողականություն։ Այս հիվանդության սկզբնական շրջանը հաճախ չի գիտակցվում որպես ալկոհոլամոլություն։ Սկզբնական փուլում ցանկալի հոգեվիճակի հասնելու համար հիվանդներն անընդհատ ավելացնում են ընդունվող ալկոհոլի քանակը։ Հիվանդության ավելի ուշ շրջանում մարմնում տեղի ունեցող որոշակի փոփոխությունների հետևանքով հիվանդներն այդ հոգեվիճակին հասնում են նույնիսկ քիչ քանակի ալկոհոլ ընդունելով։

Ալկոհոլամոլությունն առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ և հիվանդագին վիճակներ, ինչպիսիք են լյարդի ցիռոզը, ստամոքսի խոցը, սրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները։

Ալկոհոլի ընդունման դադարեցումից առաջացող ժուժկալման երևույթը՝ սպիտակ տենդը, շատ վտանգավոր է։ Դրա նշաններն են՝

- անհանգստությունը, չպատճառաբանված սարսափի զգացումը,
- ագրեսիվությունը,
- դողը,
- պատրանքները, զառանցանքները,
- մղձավանջային երազները։

 

Աղբյուրը` Հայկական կարմիր խաչի ընկերություն