Սնունդը

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը։

Աղյուսակ 1. Սննդանյութերի պարունակությունը մթերքում

 

 

Սննդանյութեր Մթերք
Սպիտակուցներ Ձու, կաթնաշոռ, միս (նաև թռչնի), հաց, ձավար
Ածխաջրեր Կարտոֆիլ, ձավարեղեն, միրգ, մեղր, հրուշակեղեն, շաքար
Ճարպեր Բուսական յուղ, կարագ, մարգարին, կենդանական ճարպ (հատկապես ոչխարի) և այլն)
Վիտամիններ Հում միրգ և բանջարեղեն, կարագ, ձու, լյարդ և այլն
Հանքային ջրեր Միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և այլն
Բջջանյութ Միրգ, բանջարեղեն

 


Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքր։ Դրանք ներկայացված են աղյուսակում։

Սնունդը պիտի բազմազան լինի նաև թե՛ օրվա, թե' շաբաթվա սննդակարգն ընտրելիս։

Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերք գնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեք աղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։ Ընդ որում միրգն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել ճաշից 20-30 րոպե առաջ, ոչ թե հետո։ Առողջության համար կարևոր է նաև օգտագործվող հեղուկի քանակը։ Օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը պետք է կազմի առնվազն 2 լ (8 բաժակ)։

Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլ գործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, միշտ նույն ժամերին։ Նախաճաշը պիտի կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը, երկրորդ նախաճաշը՝ 20%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 15%-ը։ Ընդհանրապես, ընդունած սննդի քանակը պետք է համապատասխանի օրվա ընթացքում ծախսած էներգիայի քանակին։ Բացի վերն ասվածից, գոյություն ունեն նաև տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառվող հատուկ դիետաներ։ Եթե դուք տառապում եք որևէ հիվանդությամբ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ սննդակարգի մասին և կատարեք նրա խորհուրդները։

 

Աղբյուրը` Հայկական կարմիր խաչի ընկերություն