Ակնաբանական հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության առանձնահատկությունները

Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 13-ի Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները հաստատելու մասին թիվ 780 որոշման հիման վրա: Ակնաբանական հիվանդների բժշկասոցիլական փորձաքննությունը և վերականգնումն ունի որոշակի առանձնահատկություններ:

 

Տեսողությունը բարդ հոգեֆիզիոլոգիական երևույթ է, որի լիարժեքությունը խիստ անհրաժեշտ է մարդու նորմալ կենսագործունեության համար, քանզի արտաքին աշխարհի վերաբերյալ տեղեկության 90%-ը մարդը ստանում է տեսողական զգայարանի միջոցով: Կենսագործունեության սահմանափակմանը հանգեցնող տեսողական խանգարումները կարող են պայմանավորված լինել բազմազան ախտահարումներով, ինչը հետևանք է հիվանդությունների, զարգացման արատների, ակնագնդի և նրա հավելումների վնասվածքների, ինչպես նաև տեսողական զգայարանի կենտրոնական հատվածի ախտահարման:

 

Տեսողական խանգարումների պատճառով առաջացած կենսագործունեության սահմանափակումների գնահատման ժամանակ հիմնարար նշանակություն ունեն ճիշտ կլինիկա-ֆունկցիոնալ ախտորոշումը, կլինիկական կանխատեսման որոշումը, տեսողական արատին հարմարվողականության աստիճանի գնահատումը, ինչպես նաև տեսողական ֆունկցիայի խանգարման կոմպենսացիայի կամ մասնակի փոխարինման համար կարևոր այլ զգայարանների վիճակի գնահատումը:

 

Ակնաբանական հիվանդներին փորձաքննելիս կլինիկաֆունկցիոնալ ախտորոշումն ու կանխատեսումը որոշվում է հաշվի առնելով հետևյալ գործոնները.

 

  • - ժառանգական բարդացվածությունը ակնաբանական հիվանդություններով,
  • - հիվանդության անամնեզը և կատանամնեզը, դրա ընթացքի առանձնահատկությունները,
  • - տեսողական խանգարումների վաղեմությունը,
  • - տեսողական օրգանի ախտահարման ձևը,
  • - տեսողական օրգանի կառուցվածքային փոփոխությունների մանրամասն բնութագիրը,
  • - տեսողական ֆունկցիայի վիճակը և դինամիկան,
  • - տեսողական օրգանի էլեկտրաֆիզիոլոգիական բնութագիրը,
  • - տեսողական աշխատունակության վերաբերյալ տվյալները,
  • - օրգանիզմի այլ օրգան-համակարգերի ուղեկցող ախտահարումների առկայությունը,
  • - տեսողության շտկման, վերականգնողական բուժման հնարավորության արդյունավետության գնահատման արդյունքները:

 

Սոցիալական գործոններից անհրաժեշտ է հաշվի առնել տարիքը, ընտանեկան դրությունը, կենցաղային պայմանները, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային ստաժը, հոգեբանական առանձնահատկությունները և սոցիալական օգնության տարբեր տեսկների անհրաժեշտությունը:

 

Նման համապարփակ վերլուծության հիման վրա եզրակացություն է արվում կենսագործունեության սահմանափակման աստիճանի և հաշմանդամության առկայության վերաբերյալ:

 

Տեսողության խանգարումներն անբարենպաստ են ազդում կենսագործունեության գրեթե բոլոր դրսևորումների վրա, սակայն այդ ազդեցության աստիճանը տարբեր կաող է լինել:

 

Մարդու տեղաշարժման, ինքնասպասարկման, կողմնորոշման, շփման կարողությունները կախված են առավելապես տեսողական հիմնական ֆունկցիաների վիճակից` սրությունից և տեսադաշտից: Տեսողական ֆունկցիաները որոշում են միակնանի (մոնօկուլյար) և երկակնանի (բինօկուլյար) հետազոտման ընթացքում, սակայն բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ խանգարման ծանրությունը գնահատում են լավ տեսնող աչքի ֆունկցիայի վիճակով` տանելի (օպտիմալ) շտկման պայմաններում:

 

Ավելի բարդ է տեսողական զգայարանի հնարավորությունների գնահատումը աշխատանքային գործունեության առանձնահատուկ խնդիրների և ուսումնառության նկատմամբ: Բացի կենսագործունեության բոլոր տեսակների համար առաջնային հանդիսացող տեսողական հիմնական ֆունկցիաների (տեսողության սրություն և տեսադաշտ) ստուգումից, անհրաժեշտ է գնահատել տեսողական զգայարանի այլ ֆունկցիաների վիճակը ևս, որոնք հատուկ նշանակություն ունեն տեսողական ուղղվածության գործունեության որոշ տեսակների համար, ինչպես նաև շփման ու մասնագիտական ուսուցման համար: Այդ ֆունկցիաներն են. լուսազգացողությունը, գունազգացողությունը, երկակնանի տեսողությունը, տեսողության սրությունը մոտ տարածությունից, հարմարումը (ակոմոդացիա), տեսողական հոգնածությունը, տեսողական արդյունավետությունը և այլ օֆթալմոէրգոնոմիական (ակնաաշխատունակաչափական) բնութագրերը: Երբեմն ամետրոպիաների, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, աչքի մկանների ֆունկցիայի խանգարումների տեսանյարդային ապարատի ախտահարման ժամանակ, նույնիսկ տեսողության սրության և տեսադաշտի համեմատաբար բարվոք ցուցանիշների պարագայում ախտաբանական տեսողական հոգնածությունը խոչընդոտում է տեսողական բնույթի որոշ տեսակների աշխատանքների կատարմանը, մասնավորապես համակարգիչների օգտագործմանը: Այդ աշխատանքների կատարումը դժվարություններ է ստեղծում նաև միակնանի, նիստագմով անձանց մոտ: 

 

Մեծ նշանակություն ունեն նաև տեղեկությունները աչքի հիդրո- և հեմոդինամիկայի վիճակի մասին, հատկապես ծանր ֆիզիկական և հոգեհուզական ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքային գործունեության կատարման կարողության գնահատման դեպքում:

 

Հաճախ անկախ տեսողական ֆունկցիայի վիճակից, ախտահարման բնույթը, աչքի տարբեր հատվածների կառուցվածքային փոփոխությունները պայմանավորում են աշխատանքի առանձին տեսակների գործունեության սահմանափակումները: Օրինակ. ցանցենու վիրահատված շերտազատման, խորիոռետինալ դիստրոֆիաների, բարձր աստիճանի կարճատեսության, գլաուկոմայի ժամանակ հակացուցված է ծանր ֆիզիկական աշխատանքը, տեսողական նյարդի, եղջրենու, ոսպնյակի ախտահարումների ժամանակ` աշխատանքը թունավոր նյութերի հետ, լորձաթաղանթի, եղջրենու հիվանդությունների ժամանակ` աշխատանքը փոշոտ պայմաններում, երկակնակի տեսողության բացակայության դեպքում` բարձրության հետ կապված աշխատանքները և այլն: Աչքի օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ, որոշ ակնավիրաբուժական միջամտություններից հետո (կեռատոպլաստիկա, ծավալուն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ), որոշակի ժամկետով, անկախ տեսողական ֆունկցիայի խանգարման աստիճանից սահմանափակվում է աշխատանքային գործունեության կարողությունը, ելնելով հատուկ խնայողական ռեժիմի պահպանման, մասնագիտական աշխատանքի ծավալի կրճատման կամ աշխատանքային հատուկ պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:

 

Այսպիսով, փորձաքննվող անձի ուսումնառության և աշխատանքային գործունեության կարողության սահմանափակման աստիճանի գնահատումը հիմնվում է անձի աշխատանքի բնույթի և պայմանների, այդ թվում աշխատանքային գործունեության սանիտարահիգիենիկ և հոգեֆիզիոլոգիական գործոնների, կատարվող աշխատանքի կամ ուսումնական ընթացքի բովանդակությանը և ծավալին ներկայացվող պահանջների և նրա կլինիկաֆունկցիոնալ վիճակի բոլոր ցուցանիշների համապատասխանության որոշման վրա:

 

Տեողական զգայարանի վիճակի մասին կարևոր տեղեկություն կամ տվյալներ են ստանում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտման (այսուհետև` ԷՖՀ) օգնությամբ: Այդ հետազոտության տվյալները առանձնահատուկ նշանակություն ունեն տեսողական նյարդի և ցանցենու հիվանդությունների դեպքում, երբ վիզուալ հետազոտմամբ չի հաջողվում փոփոխություններ հայտնաբերել և միայն ԷՖՀ-ն է թույլ տալիս որոշել ախտաբանական վիճակի առկայությունը և տեղակայումը: Նույնքան անհրաժեշտ է ԷՖՀ-ն բեկող միջավայրերի պղտորման դեպքում, եթե ակնահատակի զննումը անհանարին է: ԷՖՀ-ի տվյալները օգնում են օբյեկտիվացնել փորձաքննվող անձի ստուգման ընթացքում ստացված ցուցանիշները:

 

Համաձայն տեսողական խանգարումների միջազգային դասակարգման (10-րդ Ժնևյան վերանայման) տեսողական ֆունկցիայի խանգարման աստիճաններն են.

 

1-ին` թույլ տեսողություն ցածր աստիճանի

2-րդ` թույլ տեսողություն միջին աստիճանի

3-րդ` թույլ տեսողություն բարձր աստիճանի 

4-րդ` գործնական կամ բացարձակ կուրություն 

 

 

Ֆունկցիաներ

Ֆունկցիաների խանգարման աստիճան

Աննշան (թույլ տեսողություն ցածր աստիճանի)

Չափավոր (թույլ տեսողություն միջին աստիճանի)

Արտահայտված (թույլ տեսողու­թյուն բարձր աս­տի­ճանի)

Խիստարտա-հայտ­վածգործնական  կամ բացարձակ կուրություն)

Տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով

0.3-ից ավել

 0.1-ից մինչև 0.3 

0.05-ից մինչև 0.09

0-ից մինչև 0.04

Կեսադաշտը (ծայրամասային սահմանը ֆիքսման կետից) 

նորմայի սահմաններում կամ նեղացած մինչև 40˚

 

1. 40˚-ից նեղ, բայց 20˚-ից լայն

2. Հեմիանօպսիա 

 

 Հավասար է կամ նեղ 20˚-ից, բայց լայն է 10˚-ից

Հավասար է կամ նեղ 10˚-ից (խողովակային տեսողություն)

Սկոտոմաներ կենտրոնական տեսադաշտում  չկա 

եզակի հարաբերական սկոտոմաներ 

 

1. եզակի հարաբերական սկոտոմաներ

2. Բազմակի ոչ միացած սկոտոմաներ 

 

 

1. կենտրոնական սկոտոմա 1 0˚ և ավելին

2. Հարկենտրոնական բացարձակ սկոտոմաներ

 

ԷՖՀ

 

 

 

 

1. Լյաբիլու­թյուն (Հց)

մինչև  45

մինչև  30

մինչև  20

20-ից պակաս

2. ՁՑՏՐ (ցոլ­քե­րի­ ձուլ­ման կրիտի­կա­­կան հաճա­խա­­­կանություն) Հց

մինչև  45

մինչև  30

մինչև  20

 

 

Տեսողական ֆունկցիաների խանգարմամբ պայմանավորված կենսագործունեության տեսակների սահմանափակման աստիճանները ընդհանրացված ձևով ներկայացվում է աղյուսյակի տեսքով.

 

 

Կենսագործունեության տեսակ

Հիմնական տեսողության ֆունկցիայի խանգարման աստիճան

I

II

III

IV

Կենսագործունեության սահմանափակման աստիճան

Ինքնասպասարկման ունակություն

չկա

չկա

2

3

Ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն

չկա

չկա

1 կամ 2

3

Ուսումնառության կարողություն

չկա

1

1 կամ 2

2

Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն

1

1

2

2 կամ 3

Կողմնորոշվելու կարողություն

չկա

1

1 կամ 2

2

Հաղորդակցվելու կարողություն

չկա

չկա

1 կամ 2

2

 

 

Կախված տեսողական օրգանի ֆունկցիոնալ խանգարումների ծանրության և կենսագործունեության սահմանափակման աստիճանից, հաշվի առնելով սոիալական պաշտպանության անհրաժեշտութունը` անձը ճանաչվում է հաշմանդամ:

 

Տեսողական խանգարումներ ունեցող հիվանդների մոտ հաշմանդամության առաջին խումբ սահմանվում է զույգ աչքի գործնական կամ բացարձակ կուրության դեպքում: 

 

Հաշմանդամության 2-րդ խումբը սահմանվում է թույլ տեսողության բարձր աստիճանի (3-րդ) դեպքում լավ տեսնող, միակ կամ զույգ աչքերում: Հաշմանդամության 3-րդ խումբը սահմանվում է հիմնականում աշխատանքային գործունեության սահմանափակման դեպքում պայմանավորված թույլ տեսողության միջին աստիճանով: Հազվադեպ հաշմանդամության երրորդ խումբ է սահմանվում թույլ տեսողության ցածր աստիճանով կամ այլ տեսողական խանգարումներով պայմանավորված աշխատանքային գործունեության սահմանափակման դեպքում եթե աշխատանքը կապված է լիարժեք երկակնանի տեսողության, գունազգացողության, լուսազգացողության, անփոփոխ տեսողական աշխատունակության հետ:

 

Հաշմանդամության 3-րդ խումբ անժամկետ և (հաշմանդամ երեխա) կարգավիճակ մինչև 18 տարեկան սահմանվում է նաև մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում` համաձայն ՀՀ կառավարության 18.08.05թ. N 1304-Ն և N 780-Ն որոշման 31 և 32 կետերում կատարված փոփոխությունների:

 

Գրականություն

 

  1. 1. Либман Е.С. Основные позиции офтальмологической медико-социальной экспертизы в свете современной концепции инвалидности.
  2. 2. Закон О социальной защите инвалидов в РФ (№ 181 от 24.11.95 г.)
  3. 3. Басинский С. Медико-социальная экспертиза и реабилитация лиц с заболеваниями и повреждениями органа зрения. Клинические лекции по офтальмологии с.18.
  4. 4. Постановление Правительства РФ № 95 от 25.02.2006. О порядке признания граждан инвалидами.
  5. 5. Коробов М.В., Помников В.Г. Справочник по Медико-социальной экспертизе и реабилитоло-гии. 

 

 

 

Հեղինակ :  Ա.Ս. Մալայան, Մ.Գ. Վանյան, Լ.Մ. Վանյան Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոն, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, УДК 616.7
Աղբյուր :  Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
   
   
Ներկայացնող`  Doctors.am