Որոշ մոտեցումներ պտերիգիումի բուժման վիրահատական եղանակների վերաբերյալ

Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք:

Հիվանդության դեղորայքային բուժումը առայժմ գոյություն չունի, քանի որ վերջինս որպես կանոն անընդմեջ շարունակվող է:

 

Սակայն վիրահատական միջամտությունը դեռևս չի երաշխավորում հիվանդության լիովին բուժումը, ինչի պատճառով վերջինիս կրկնությունը հանդիպում է բավականին հաճախ և տատանվում է 2-ից մինչև 50%, իսկ ըստ Zauberman–ի` նույնիսկ 88% դեպքերում և ծանրացնում են հիվանդության զարգացման հետագա ընթացքը: Կրկնությունների (ռեցիդիվը) կեսը նկատվում է առաջին չորս ամսում, մնացածը հիմնականում բաժին է հասնում մինչև մեկ տարվա ժամանակահատվածը:

 

Վիրահատություններից առավել արդյունավետ են համարվում այն միջամտությունները, որոնք ավարտ­վում են կոնյունկտիվաից եղջերաթաղանթ աճի շրջանում արհեստական պատնեշի (բարիերի) ստեղծմամբ: Որպես պատնեշային տրանսպլանտատ, օգտագործվել է տարբեր տիպի հյուսվածքներ` եղջե­րա­թա­ղանթ, կոնյունկտիվա, շրթունքի լորձաթաղանթ, մաշկի էպիդերմիս, կերակրափողի լորձաթաղանթ, ամիոնային և ուղեղի կարծաթաղանթ և այլն:

 

Յուրաքանչյուր եղանակ ունի իր թերությունները: Այսպես եղջերաթաղանթի փոխպատվաստումը տեխ­նի­կապես բարդ է, չկա անհրաժեշտ քանակի դիակային նյութ, վերջինիս կոնսերվացումը սահմանափակ է ժամա­նակի իմաստով և չի կարող իրականացվել շրջանային պայմաններում:

 

Սեփական կոնյունկտիվայի օգտագործումը սովորաբար դժվար է, քանի որ արդեն կա կոնյունկտիվաի դեֆեկտ և հիվանդությունը հաճախ ախտահարում է երկու աչքը: Շրթունքի լորձա­թա­ղանթը և մաշկը նպատակահարմար չէ օգտագործել կոսմետիկ տեսակետից: Տարածված վիրահա­տություններից է պտերիգիումի և կոնյունկտիվաի կպումների արմատական հեռացումից հետո, ակնա­ճեղքի ներքին անկյան շրջանում առաջացած դեֆեկտի միապահ փակումը բերանի խոռոչի լորձա­թա­ղանթի և եղջրաթաղանթի պերիֆերիկ փոխպատ­վաստմամբ:

 

Սակայն, հեղինակը ինքը նշում է, որ նախորդ վիրահա­տություն­ներից հետո, առաջացած կպումների հետևանքով հերթական միջամտությունը, տեխնիկապես ավելի դժվար է, պտերիգիումի պղտոր թաղանթների հեռացման ժամանակ կարող է վնասվել եղջրաթա­ղանթը, որն էլ հանդիսանում է այն հիմնական բար­դությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ կատարել վերջինիս եզրային փոխպատվաստում:

 

Մեր կողմից 43 հիվանդների մոտ ախտորոշվել է զարգացման ընթացքի պտերիգիում (I – II - III աստի­ճանի), որոնք վիրահատվել են հետևյալ եղանակով` կոնյունկտիվայում լիմբից դեպի աչքի քթային անկյան ուղղությամբ կատարվում է կտրվածք, միկրոսկոպի տակ, սուր եղանակը պտերիգիումի գլխիկի և մարմնի կպման տեղը մանրամասն մաքրվում է պղտորված մասնիկներից, անջատվում և լիարժեք հեռացվում է ենթակոնյունկտիվալ հյուսվածքի հետ, ինչպես նաև հատվում ու հեռացվում է տենոնյան թաղանթի արտաքին շերտը, կատարվում է մանրամասն հեմոս­տազ և վերքը թողնվում է բաց վիճակում:

 

Տենոնյան թաղանթի արտաքին շերտի հեռացումը համարում ենք կարևոր, քանի որ մեր կողմից հյուսվածքաբանական հետազոտությունների ժամանակ այստեղ հայտնաբերվել է էլաստոիդ դիստրոֆիայի պատկեր, որը հետագայում նպաստում է պտերիգիումի կրկնմանը: Նման մոտեցման ժամանակ վերքի էպիթե­լիզացիան ընթանում է դանդաղ ու նեովասկուլյարի­զա­ցիան չի տարածվում եղջերաթաղանթի վրա: Պտերիգիումի կրկնություն հանդիպել է 2 դեպքում, որոնք նկատվել են վիրահա­տությունից 6 և 12 ամիս անց և հանդիպել են մեթոդի տիրապետման սկզբնական հատվածում: Արդյունքները կարելի է հա­մա­րել գոհացուցիչ, քանի որ պտերիգիումի կրկնու­թյունը հանդիպել է 2,5 անգամ ավելի քիչ, համեմա­տելով նախկինում 48 պտերիգիումի հեռացման տվյալ­ների հետ (Մակ-Ռեյնոլդսի, Չերմակի եղանակներով), որի ժամանակ դիտվել է 5 դեպք:

 

Այս միջամտությունը կարող է համարվել ընտրու­թյան վիրահատություն, քանի որ տեխնիկապես բարդ չէ, քիչ ծախսատար է և հնարավոր է իրականացնել շրջանային պայմաններում:

 

Կրկնվող պտերիգիումների 8 դեպքերում կատար­վել է շերտ առ շերտ բրեֆոկերատոպլաստիկա, որպես փոխպատվաստանյութ օգտագործելով մահացած պտղի եղջերաթաղանթը, որը մեծահասակների եղջրա­թա­ղանթի հետ համեմատ աչքի է ընկնում ամենաքիչ անտիգենային ակտիվությամբ:

 

 

 

 

Հեղինակ :  Ս.Ս. Ամիրյան, Լ.Հ. Բարսեղյան, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 73-74
   
   
Ներկայացնող`    Doctors.am