Պտերիգիումի էթիոպաթոգենեզի հարցի շուրջ

 

Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն, ինչու՞ է առաջանում կրկնությունը, չնայած բոլորը ստանում են նույն բուժումը և այլն:

 

Պտերիգիումը ավելի հաճախ զարգանում է կոնյունկտիվաի քթային մակերեսից, որը հավանաբար կախված է նրանից, որ լույսը ընկնում է եղջրաթա­ղանթի վրա քունքային մասից և ֆոկուսավորում է լիմբի քթային հատվածում վնասելով այստեղ գտնվող լիմբալ ցողունային բջիջները:

 

Պտերիգիումի էթիոպաթոգենեզում վճռական գործոն են համարվում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, աշխարհագրական դիրքը, օդերևութաբանական ազդակները, մասնա­գիտությունը, գենետիկան, նեյրոտրոֆիկ, բորբոքային, վիրուսային, լիմբալ ազդակները և այլն:

 

Մեր կողմից առանձնակի ուսումնասիրության առարկա են դարձել արևի ճառագայթների օդերևու­թա­բանական ազդակների, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև աչքի առաջային հատվածի բորբոքային հիվանդությունների կապի ուսումնասիրությունը պտերիգիումի առաջացման գործում:

 

Նյութերը և մեթոդները

 

Ուսումնասիրության է ենթարկվել բազմամյա տարիների ընթացքում Սյունիքի մարզի օդերևութա­բանական կայաններում գրանցված արևափայլի ժամային տևողությունը: Առանձնացվել է պտերի­գի­ումով հիվանդացության թիվը կախված աշխարհա­գրա­կան դիրքից և եղանակի առանձնա­հատկություն­ներից: Առանձնացվել է անամնեստիկ, ինչպես նաև ակնաբու­ժական կաբինետ դիմած հիվանդների շրջա­նում աչքի առաջնային հատվածի բորբոքային հիվանդություն­ների առկայության վերաբերյալ տվյալները: Վիրահատության նախապատրաստած 42 հիվանդի մոտ կատարվել է կոնյունկտիվաի քերուկի քննություն, իսկ հեռացված 23 պտերի­գիումներ ենթարկվել են հյուսվածքաբանական հետազոտության:

 

Արդյունքների քննարկում

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց արևի օրերի թիվը Սյունիքի մարզում տատանվում է 21–59 օրերի սահմաններում (միջինը 40,2 օր): Աշխարհագրական առումով, տեղակայված լինելով ծովի մակերևույթից միջին հաշվով 1500-1700մ բարձրության վրա, մշտական քամիների և չոր օդի առկայությամբ ամենաբարձր արևային օրերի թվով աչքի է ընկնում Սիսիանի տարածաշրջանը` 344 օր: Այստեղ պտերիգիումի տարածվածությունը ակնա­բուժական ախտահարումներով հիվանդների շրջանում կազմել է 2,8–3%: Այս ցուցանիշը ավելի բարձր է մարզի առանձին բնակավայրերի հետ համեմատած (2,2-2,4%):

 

Պտերիգիումով հիվանդների անամնեստիկ տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջիններս ճնշող գերակշռությամբ (80-90%) տառա­պել են կոնյունկտիվաի բորբոքային (ռեակտիվ և ալերգիկ կոնյունկտիվիտներ) հիվանդություններով: Աչքի առաջային հատվածի բիոմիկրոսկոպիայի ժամանակ այս հիվանդների մոտ հայտնաբերվել է տարբեր աստիճանի արտահայտված էպիթելո­պա­թիաներ, ինչպես նաև կետավոր պղտորումներ: Վիրահա­տության նախապատրաստած 42 հիվանդ­ների կոնյունկտիվաի քերուկում հայտնաբերվել է չափավոր արտահայտված էոզինոֆիլիա:

 

Պտերիգիումի գլխիկի և մարմնի հյուսվածա­բանա­կան հետազոտությունից պարզվել է, որ վերջինս հիմնականում իրենից ներկայացնում է փխրուն թելա­վոր շարակցական հյուսվածք, եղջրաթաղանթի և կոնյունկտիվաի գոտում արյունատար անոթների միկրոշրջանառության ցանցի առկայությամբ: Ենթա­էպիթե­լային կառուցվածքը, ինչպես նաև տենոնյան արտաքին թաղանթը, հարուստ է քիչ դիֆերենցված, անոթային հարուստ ցանցի առկայությամբ շարակ­ցական հյուսվածքով, որտեղ հանդիպում են բազմաթիվ նոր առաջացած կոլագենային թելիկներ:

 

Միաժամանակ միջհյուսվածքային կառուցվածքում հայտնաբերվել են մուկոիդ և ֆիբրինոիդ ուռչեցում, տեղային թելավոր էլէմենտների անկազմա­կերպ­վա­ծություն (դեզօրգանիզացիա), պարատ - և պլազմաբջ­ջա­յին ռեակցիայով, որը բնորոշ է ալերգիկ և ռեակտիվ վիճակներին:

 

Ստացված արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները, եղանա­կի կտրուկ տատանումները (քամիներ, չոր օդ), շրջապատի բարձր ջերմաստիճանը հանդիսանում են էլաստոիդ դիստրոֆիայի խթանման ազդակ: Կարծում ենք, կոնյունկտիվաի բորբոքային պրոցեսների և պտերիգիումի էթիոպաթոգենետիկ կապի վերաբերյալ տվյալները համոզիչ են:

 

 

 

 

Հեղինակ :  Ս.Ս. Ամիրյան, Լ.Հ. Բարսեղյան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Աղբյուր :  Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 72-73
   
   
Ներկայացնող`  Doctors.am