Այս տարի արդեն 31-րդ անգամ դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, որի շրջանակներում աշխարհի բազմաթիվ երկրներում պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ ջանք ու եռանդ չեն խնայելու տարբեր մակար-դակներում ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերին սևեռելու, դրանց վերաբերյալ հասարակությանն իրազեկելու համար՝ նպատակ ունենալով ազատելու հետագա սերունդներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրից: Իսկ ի՞նչ պետք է անել ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու համար: Նախևառաջ լինել տեղեկացված, ընդունել, որ ՄԻԱՎ վարակն իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել, արժևորել սեփական առողջությունը և քայլեր ձեռնարկել այն պահպանելու համար: Դրա համար հարկ է իմանալ, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել`

• սեռական ճանապարհով` առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,

• արյան միջոցով, ինչը կարող է լինել թմրամիջոցների ներարկային գործածման ժամանակ չախտազերծված ներարկիչներ, ասեղներ օգտագործելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելիս, արյան փոխներարկման ժամանակ,

• երեխան կարող է վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս:

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրը անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Դա պայմանավորված է հիվանդության զարգացման և ընթացքի առանձնահատկություններով: ՄԻԱՎ վարակն ունի երկարատև (միջինը 8-10 տարի) թաքնված՝ անախտանշան շրջան, որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և կարող է անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլոց: Մարդու արտաքին տեսքից հնարավոր չէ իմանալ նրա վարակված լինելու մասին: ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է ունենալ միանգամայն առողջ տեսք: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայության մասին կարելի է իմանալ միայն անցնելով լաբորատոր հետազոտություն: Արյան ընդհանուր կլինիկական կամ կենսաքիմիական հետազոտությամբ, քսուքների հետազոտությամբ հնարավոր չէ հայտնաբերել ՄԻԱՎ-ը: Դրա համար հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հատուկ հետազոտություն՝ իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ), որը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության արտաքին դրսևորումներ դեռևս չկան: Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, վարակն ուրիշներին չփոխանցելու համար: Ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն է տալիս՝ հետաձգելու ՁԻԱՀ-ի փուլի զարգացումը, երկարացնելու հիվանդի կյանքի տևողությունը և բարելավելու դրա որակը, զգալիորեն նվազեցնելու ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը (մինչև 1-2%), մոտ 96%-ով կանխարգելելու զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակակից բուժումը Հայաստանի Հանրապետությունում հասանելի է և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գործածել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են ռիսկային սեռական կապեր, երբ հայտնի չէ զուգընկերոջ կարգավիճակը և չեն օգտագործել պահպանակ: Նաև նրանք, ովքեր երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով, ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ կամ որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C, կատարել են դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով:

թե ունեցել եք ռիսկային վարքագիծ, անցե°ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը նախևառաջ սեփական առողջության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի նշան է: Դա նաև զուգընկերոջ, հարազատ, մտերիմ մարդկանց, ապագա երեխայի առողջությամբ մտահոգ լինելու դրսևորում է:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ՝ հնարավորինս շուտ պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, նաև բացառելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրական վերաբերմունքը:


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն