Կաթվածը գլխուղեղի արյունամատակարարման սուր խանգարումն է, որը բերում է նյարդային բջիջների վնասման: Ինսուլտ առաջանում է, երբ արյունատար անոթը կամ խցանվում է թրոմբով՝ իշեմիկ ինսուլտ, կամ պայթում է՝ հեմոռագիկ ինսուլտ: Այն բանից հետո, երբ Նյարդային բջիջները վնասվում են, օրգանիզմը կորցնում է ֆունկցիաներից մեկը, որի համար պատասխանատու էին վնասված բջիջները: Առաջանում է պարալիզ, խոսքի կորուստ և այլ լուրջ խանգարումներ: Ինչքան մեծ է մեռուկացման զոնան, այնքան լուրջ հետևանքներ է ունենում ինսուլտը:
 
Տարիքի հետ զուգահեռ մեծանում է ինսուլտի առաջացման ռիսկը: Բայց այժմ հիվանդությունը շատ է երիտասարդացել: 40 տարեկանում ինսուլտի զարգացումը արդեն հազվադեպ երևույթ չէ: 55 տարեկանից հետո կրկնակի անգամ մեծանում է զարգացման ռիսկը յուրաքանչյուր 10 տարում:
 
Ինսուլտի կանխատեսումը կախված է գլխուղեղի վնասման հատվածի չափից, ինչպես նաև ցուցաբերված առաջին օգնության որակից, հիվանդին բուժ. hաստատություն հասցնելու ժամանակից, և հետագայում՝ վերականգնողական միջոցառումների անցկացման ճշտությունից և ծավալից:
 
Հիշե՛ք. Ինսուլտը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Պետք է հետևել առողջությանը և առաջին իսկ ռիսկի գործոնների առաջացման դեպքում անմիջապես դիմել բժշկի:
 
Որո՞նք են նախանշանները
Ինսուլտը հիմնականում զարգանում է կա՛մ վաղ առավոտյան, կա՛մ կեսգիշերին:
 
Առաջին նշաններն են՝
 
  • դեմքի, ձեռքի և ոտքի մկանների հանկարծակի թմրություն և թուլություն՝ հատկապես մարմնի մի կողմում,
  • անսպասելիորեն հայտնվող խոսքի դժվարացում,
  • տեսողության կտրուկ վատացում ՝ մեկ կամ երկու աչքում,
  • շարժումների կոորդինացիայի հանկարծակի խանգարում, քայլվածքի փոփոխություն, գլխապտույտ,
  • հանկարծակի կտրուկ և անբացատրելի գլխացավ:
 
Որպես կանոն, այս նշանները զարգանում են զարկերակային ճնշման ֆոնի վրա: Եթե Ձեզ կամ Ձեր կողքինի մոտ հայտնվել են  նմանատիպ նշաններ, անմիջապես զանգահարեք շտապ օգնություն:
Մինչ բժիշկների գալը , պառկեցրեք հիվանդին և ապահովեք լիարժեք հանգիստ վիճակով և մաքուր օդով:
 
Կանխարգելումը
 

  • Ինսուլտի զարգացման հավանականության իջեցման համար, հատկապես եթե Դուք ունեք զարկերակային գերճնշում, պարբերաբար չափեք ճնշումը (օրական 2 անգամ): 

​Պարզվել է, որ ընդամենը ճնշման չափումով և նորմայի սահմանում պահելով, հնարավոր է սրտամկանի ինֆարկտի զարգացումը նվազեցնել 19-21%-ով, իսկ ինսուլտներինը 43-45%-ով: Բացի բարձր զարկերակային ճնշումից, գոյություն ունի ինսուլտի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների մեծ խումբ, որոնց ուշադրություն դարձնելով կարելի է կանխել ինսուլտի զարգացումը և երկարացնել կյանքի տևողությունը:

Եղեք հետևողական և առողջ:

 


Աղբյուրը՝ Doctors.am
30 Հոկտեմբերի, 2015