Գիտնականները հետազոտել են հարյուրավոր մումիաներ` չարորակ ուռուցքների հետքերը գտնելու անհաջող փորձերով: Արդյունքում, նրանք հանգել են այն եզրակացության, որ քաղցկեղը ժամանակակից հիվանդություն է, որն առաջանում է աղտոտված միջավայրի և սխալ սնվելու պատճառով: Դրանց նախորդել են երկար տարիների հետազոտությունները. գիտնականներն ուսումնասիրել են հին Եգիպտոսի և Հարավային Ամերիկայի 3 հազար տարվա հնություն ունեցող բազմաթիվ մումիաներ: Եվ չեն գտել ուռուցքի ոչ մի ակնհայտ ախտանիշ: Միայն մեկ եգիպտական մումիայի մոտ են հայտնաբերել հաստ աղիքի քաղցկեղ: Եթե հավատանք գիտնականներին, ապա գրական աղբյուրների մեջ, այդ թվում ` հնադարյան գրավոր վկայություններում, չկա ոչ մի ակնարկ այդ հիվանդության մասին: Հիվանդություն, որը հազարամյակներ անց դարձել է Երկրագնդի վրա գրեթե ամենազանգվածայինը, իսկ սրտանոթային հիվանդություններից հետո քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Գիտնականներից մեկն ասում է, որ չարորակ ուռուցքների հյուսվածքները ավելի լավ են պահպանվում, քան առողջ հյուսվածքները: Քաղցկեղով մումիան անհնար կլիներ չնկատել, և քանի որ Եգիպտոսում վիրաբուժությունը ցածր մակարդակի վրա էր գտնվում, ոչ ոք չէր համարձակվի հեռացնել ուռուցքը: Այդպես էլ չգտնելով քաղցկեղի ախտանիշերը` գիտնականները համարում են, որ հնում մարդիկ ընդհանրապես չգիտեին այդ հիվանդության մասին: Իսկ եթե հիվանդությունն այնուամենայնիվ ի հայտ էր գալիս, ապա դա լինում էր շատ հազվադեպ, քանի որ բնության մեջ բացակա են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները: Իսկ այժմ մարդկության կողմից ստեղծվում են բարենպաստ պայմաններ այդ հիվանդությունը զարգացնելու համար` սխալ կենսակերպ ու սննդակարգ, միջավայրի աղտոտում: Սակայն, այդ կարծիքին հակառակ, ուռուցքաբաններից մեկն էլ կարծում է, որ, այնուամենայնիվ, բնության մեջ գոյություն ունեն քաղցկեղածին գործոններ: Վերցնենք, օրինակ, ուլտրամանուշակագույն ճառագայթները, բացի դրանից` բնական ռադիացիան, որոշ վիրուսներ, որոնք նպաստում են արգանդի ու լյարդի ուռուցքաբանական հիվանդությունների զարգացմանը: Ուռուցքաբանի կարծիքով, հին ժամանակներում մարդիկ հազվադեպ էին ապրում 50 տարեկանից ավել, և քաղցկեղը պարզապես չէր հասցնում զարգանալ: Ըստ ուռուցքաբանների՝ մարդու տարիքը ուռուցքի զարգացման ամենագլխավոր պատճառն է: Հիվանդության դեպքերի 90 տոկոսն արձանագրվում է հիսունն անց մարդկանց մոտ:

Այս հարցն այդպես էլ մնում է բոլոր ժամանակների և ժողովուրդների գաղտնիքներից մեկը, և ուռուցքաբանական հիվանդությունների բնության խնդիրը մինչ այժմ անհայտ է: 

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Medlinks.ru