Պլաստիկ վիրահատությունից չվախենալու և ճիշտ որոշում կայացնելու համար առաջին հերթին ահնրաժեշտ է հնարավորինս տեղեկացված լինել և ծանոթանալ գործընթացի բոլոր մանրամասներին: Այս անգամ անդրադարձել ենք աշխարհում լայն տարածում գտած պլաստիկ վիրահատությունների մեկին՝ բլեֆարոպլաստիկային:
Վիրահատության ընթացքի, դրա արդյունքի, հետվիրահատական շրջանի հնարավոր բարդությունների և այլ կարևոր մանրամասների մասին զրուցել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Ռոբերտ Ավագյանի հետ:

Ի՞նչ է բլեֆարոպլաստիկան և ի՞նչ խնդիրներ է այն լուծում:

Բլեֆարոպլաստիկան կոպերի վիրահատություն է, որը կատարվում է ինչպես վերին, այնպես էլ ստորին կոպերի վրա: Բլեֆարոպլաստիկայի ցուցումները տարիքային փոփոխություներն են, այսինքն՝ վերին կոպի դեպքում՝ մաշկի ավելցուկը, որը մաշկի կախվածություն է ստեղծում, ինչը երբեմն կարող է բերել նաև ֆունկցիոնալ խնդիրների. հնարավոր է՝ մաշկն այնքան կախվի, որ փակի տեսադաշտը: Ինչ վերաբերում է ստորին կոպերին, նույնպես լինում է մաշկի ավելցուկ, ինչպես նաև ստորին կոպերի շրջանում լինում են պարկեր, և աչքերը այտուցվում են: Այս բոլորը միասին մարդուն հաղորդում է հոգնած, տխուր տեսք:

Հեռացվում են մաշկի ավելցուկը, ճարպային ճողվածքները, երբեմն, եթե կարիք է լինում, մկանից է հատված հեռացվում: Կնճիռները հարթվում են, դեմքը ավելի երիտասարդ է դառնում, հայացքը հանգստացած և ավելի թարմ տեսք է ստանում:


Ո՞ր տարիքից կարելի է դիմել բլեֆարոպլաստիկայի:

Տարիքային շեմը խիստ անհատական է, քանի որ ծերացման գործընթացը մեկի մոտ կարող է արագ լինել, մյուսի մոտ՝ դանդաղ: Սովորաբար ամենաշատը դիմում են 40-ից 55 տարեկան և ավելի բարձր տարիքի կանայք, ինչու՞ չէ՝ նաև տղամարդիկ:

Իսկ վիրահատությանը ինչպե՞ս պետք է պատրաստվել, կա՞ն որաշակի ցուցումներ:

Մարդը, որը որոշել է կատարել բլեֆարոպլաստիկա, նախևառաջ պետք է ճիշտ մասնագետի ընտրի, որը թե՛ մասնագիտական, թե՛ իրավաբանական առումով իրավունք ունի կատարել նման վիրահատություն: Հաջորդ քայլը բժշկի մոտ խորհրդատվությունն է: Պետք է առավելագույնս անկեղծ լինել բժշկի հետ, պատմել բոլոր առողջական խնդիրների մասին, եթե կան նախկինում արված հետազոտություններ, ապա անպայման ցույց տան դրանք:
Վիրահատությունից առաջ չի կարելի օգտագործել արյունը ջրիկացնող դեղորայք, հավելումներ, վիտամիններ, որոնք կարող են ազդել արյան մակարդելիությա վրա:
 
Որքա՞ն է տևում վիրահատությունը, և ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը:

Վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացման պայմաններում: Իհարկե, հնարավոր է նաև նարկոզով անել, բայց դրա կարիքը չի լինում. տեղային անզգայացումը լրիվ բավարար է: Վիրահատությունը հնարավորինս անցավ և հարմարավետ է անցնում պացիենտի համար: Վիրահատության տևողությունը կախված է վիրահատության ծավալից, այսինքն՝ եթե խոսքը գնում է միայն վերին կոպերի մասին, ապա վիրահատության տևողությունը մոտ 40 րոպե է, իսկ եթե ստորին կոպերի պլաստիկա էլ է արվում, ապա ամենաշատը 2 ժամ կարող է տևել:

Հետվիրահատական ընթացքը

Բլեֆարոպլաստիկայից հետո կարիք չի լինում մնալ ստացիոնարում: Վիրահատությունից հետո պացիենտը  մոտ մեկ ժամ սառցե պարկ է դնում կոպերի շրջանում: Մեկ կամ երկու ժամ հետո տուն է գնում  և ողջ օրվա ընթացքում պարբերաբար նորից սառցե պարկ է դնում: Կարերը հանվում են չորրոդ օրը: Դրանից հետո հետվիրահատական անհարմարությունների մեծ մասն անցնում է, աչքերը թարթելու դժվարություն էլ չի լինում:
Ճիշտ կատարված բլեֆարոպլաստիկայից հետո սպի գրեթե չի մնում: Վերին կոպերի շրջանի սպին ընկնում է ծալքի մեջ, և աչքերը բաց վիճակում չի երևում, իսկ աչքերը փակ վիճակում այնքան բարակ ու փոքր է լինում, որ գրեթե անտեսանելի է: Նույնը նաև ստորին կոպերի դեպքում է:
Վիրահատությունից հետո լինում են կապտուկներ և այտուց, որոնք շատ անհատական են. մեկի մոտ շատ է լինում, մյուսի մոտ ընդհանրապես չի լինում: Սովորաբար 10-ից 14-րդ օրը կապտուկներն ու այտուցի մեծ մասը անցնում են: Այտուցը լրիվ անցնում է երկու ամիս հետո: 

Իսկ ե՞րբ կարելի է վերջնական արդյունքը տեսնել և առհասարակ այն որքա՞ն ժամանակ է պահպանվում:

Վերջնական արդյունքը կարելի է տեսնել մեկ կամ երկու ամիս հետո, թեպետ կարերը հանելուց հետո արդեն երևում է ակնհայտ փոփոխությունը:
Բլեֆարոպլաստիկայի արդյունքը բավականին կայուն է՝ համեմատած մյուս բոլոր վիրահատությունների հետ: Արդյունքը պահպանվում է յոթից տասը տարի: Իհարկե դա միանշանակ չէ և կախված է մարդու կյանքի որակից և օրգանիզմի առանձնահատկություններից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հետագա փոփոխությունների կարիք գրեթե չի լինում: Սովորաբար մարդիկ 40-ից 50 տարեկանում մեկ անգամ են կատարում, և մինչև կյանքի վերջ արդյունքը բավարար է լինում:
 
Կմանրամասնե՞ք, թե հետվիրահատական շրջանում ինչ ցուցումների պետք է հետևել:

Հետվիրահատական առաջին չորս օրը չի կարելի հեռախոսի կամ համակարգչի էկրանին նայել, կարդալլ, ծանրություն բարձրացնել, սպորտով զբաղվել: Սպորտին կարելի է վերադառնալ երեք կամ չորս շաբաթ հետո: Սովորաբար յոթերորդ օրվանից կարելի է աշխատանքի գնալ, քանի որ սպին գրեթե ձևավորված է լինում: Այդ ժամանակ թույլատրվում է նաև շպար օգտագործել:
 


Ի՞նչ հնարավոր բարդություններ և ռիսկեր կան:

Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այնպես էլ բլեֆարոպլաստիկան ունի հավանական և անհավանական բարդություններ: Սկսենք ամենահասարակ բարդություններից. դա վերքի բորբոքումն է, ինչը միանշանակ բերում է կոպի սպիագոյացման: Դա արդեն իսկ լավ չէ:
Բարդություն է նաև, երբ ստորին կոպերի դեպքում հեռացվում է  ավել մաշկ, քան անհրաժեշտ է: Դրա հետևանքով առաջանում է կոպի կախվածություն, այսինքն՝ ակնաճեղքը չի փակվում: Այս դեպքում կրկնակի վիրահատության կարիք է լինում: Երբեմն շատ վիրաբույժներ, գնալով ավելի լավ արդյունքի հետևից, սխալվում են: Դա շատ նուրբ հատված է և միլիմետրերի հաշվարկ է պահանջում: Նմանատիպ բարդությունից խուսափելու համար ավելի  ճիշտ է պացիենտին բացատրել, որ նախընտրելի է ավելի քիչ մաշկ հեռացնել, բայց ապահովագրվել այդ բարդությունից:


Եթե հիվանդը բավարար չափով չի զննվել, չի ներկայացրել իր հիվանդության պատմությունը, այդ շրջանում ընդունել է դեղորայք, որն ազդում է արյան մակարդելիության վրա, չի հետևել բժշկի խորհուրդներին, ապա կարող է առաջանալ շատ ծանր բարդություն՝ ռետրոբուրբալ հեմատոմա: Դա հեմատոմա է, որի ժամանակ սեղմվում է տեսողական նյարդը, որը կարող է բերել ընդհուպ մինչև կուրության:
 

Թանկարժե՞ ք են արդյոք նման ծառայությունները

Բլեֆարոպլաստիկան թանկարժեք չէ, հասանելի է: Սակայն խորհուրդ եմ տալիս նման վիրահատությունից առաջ կարևորել  ոչ թե արժեքը, այլ բժշկին: Ուսումնասիրեք բոլոր բժիշկներին, գնացեք խորհրդատվության տարբեր բժիշկների մոտ: Արդյունքի գրավականը ճիշտ բժշկի ընտրությունն է:
 


Նյութը պատրաստեց Արմինե Սարգսյանը